2013.02.23,

Նյուսրում

Հետաքննական լրագրությունը թափանցում է մեծ կինո

Երկու լիամետրաժ ֆիլմ`ամերիկացի կինոդերասան Բեն Աֆլեկի «Argo»-ն եւ Կատրին Բիժելովի «Zero Dark Thirty»-ն, որոնց սցենարների համար հիմք են հանդիսացել հետաքննական հոդվածները, ներկայցվել են Օսկարի:

Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացված «Argo»-ի համար հիմք է հանդիսացել դեռեւս հինգ տարի առաջ «Wired» ամսագրում լույս տեսած երկարաշունչ հետաքննական հոդվածը, որտեղ հեղինակը փորձել է լույս սփռել 1979թ. նոյեմբերի 4-ին Իրանում ամերիկյան դեսպանատան գրավման եւ հեղափոխության մարտիկների կողմից պատանդ վերցրած քսան դիվանագետներին ազատագրելու իրադարձությունների վրա:

««Argo»-ն պատմում է մի անհավանական, բայց եւ արժանահավատ պատմություն ամերիկյան դիվանագետների մասին, որոնք հաջողեցրել էին փախչել ու ապաստան գտնել Կանադայի դեսպանատանը: Իսկ Բեն Աֆլեկը կերտել է ամերիկյան կառավարության ու CIA (Կենտրոնական հետախուզական վարչություն) գործակալի լավագույն կերպար»,-գրում է La Presse-ը:

Այս ֆիլմը հայտնի դերասանի առաջին եւ փաստորեն հաջողված աշխատանքն է որպես կինոբեմադրիչի: Անցյալ կիրակի Ոսկե Գլոբուսում ֆիլմն արժանացել է երկու գլխավոր մրցանակի՝ լավագույն ռեժիսոր եւ լավագույն դրամատիկական ֆիլմ անվանակարգերում: Հունվարի կեսերին Բեն Աֆլեկը պարգեւատրվել է նաեւ Ամերիկյան կինոբեմադրիչների արհմիության կողմից(DGA) որպես տարվա լավագույն կինոբեմադրիչ:

Մամուլում ֆիլմին արված բազմաթիվ անդրադարձներում ասվել է, որ «Argo»-ն խաղացել է փաստերի հետ եւ ճշգրտորեն չի ներկայացնում այն ինչը կատարվել է Իրանում պատանդների գերեվարման 444 օրերի ընթացքում: «Վտանգավոր է, երբ պնդում են , որ իրենց սցենարը հիմնված է լրագրողական հետաքննության եւ արժանահավատ փաստերի հիման վրա»,- նշում է La Presse-ը:

Իսկ 7Sobh /Առավոտյան ժամը յոթին/ իրանական օրաթերն անդրադառնալով Ոսկե Գլոբուսին` այն որակել է որպես ամերիկյան կինոյի պատմության ամենաքաղաքականացված հանդիսությունը, իսկ «Argo»-ն` 80-ականների Իրանը վերակերտելու «ծիծաղելի փորձ»: Թերթը նշել է նաեւ, որ Իրանի իշխանություններն իպատասխան « Argo»-ի պատրաստվում են ֆինանսավորել իրանցի կինոբեմադրիչներին նկարելու նոր ֆիլմ դեպքերի իրական զարգացումները վեր հանելու համար:

«Zero Dark Thirty»-ի դեպքում իրականության եւ երեւակայականի հանդիպումն առավել ակնհայտ է: Ֆիլմն սկսվում է ամերիկյան կառավարության կողմից խրախուսվող կտտանքների տեսարանով, որտեղ CIA-ի կողմից սկսված հետաքննությունը պետք է նրան ուղղորդվի դեպի Բեն Լադենի թաքստոցը: Եվ Բիժըլովի ֆիլմը ժամանցայինից միանգամից դառնում է քաղաքական: Այս ֆիլմի սցենարը եւս հիմնված է հետաքննական ռեպորտաժի վրա, ինչի առթիվ Կատրին Բիժըլովն ասել է. «Ես զգում էի, որ լրագրողական այս ժանրի վրա հենվելով է, որ ես կկարողանամ ներկայանալ նորովի»:

Հետաքննական հոդվածի հիման վրա ֆիլմ նկարելն այսօր դարձել է ամերիկյան կինոբեմադրիչների ու կինարարտադրողների բաղձալի երազանքը:

Փառքի դափնիներից անմասն չեն մնում նաեւ հիշյալ ժանրի լրագրողները: Նրանցից շատերն այսօր ԱՄՆ-ում դարձել են իսկական աստղեր, որոնց ներկայացնում են ամերիկյան գործակալություններն ու կինոարտադրողներ ընկերությունները:

Ինչ վերաբերում է« Argo»-ին` փետրվարի 24-ին կայանալիք Օսկարի մրցանակաբաշխությանը նրան սպասվում են նոր վերելքներ:

Պատրաստեց` Մետաքսե Պետրոսյանը
Ըստ`La presse-ի եւ France presse-ի նյութերի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *