Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) հրապարակել է հեռարձակող մեդիաների՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվությունը, որն ընգրկում է 2013 թվականի հունվարի 21-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածը:
Մշտադիտարկման խնդիրն էր քանակական որակական տվյալների վերլուծության միջոցով պարզել եւ սահմանել.
- ՀՀ նախագահական ընտրությունների նկատմամբ Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ների ուշադրության աստիճանը
- Հեռարձակվող ԶԼՄ-ները որքան ազատ եւ անկողմնակալ են տեղեկություններ տրամադրել ընտրազանգվածին՝ ՀՀ նախագահի թեկնածուների մասին, ապահովել նրանց մուտքը եթեր՝ իրենց հայացքների, կարծիքների արտահայտման համար
- Հեռարձակվող ԶԼՄ-ները որքանով են կատարել նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության դրույթները
- Նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանումը որքանով է համապատասխանել ՀՀ միջազգային պարտավորություներին:
Քանակական դիտարկումը ներառում է հեռարձակվող ԶԼՄ-ների բուն նյութերի հաշվարկն ու չափումները:
Որակական դիտարկումն իրենից ներկայացնում է ստացած քանակական տվյալների վերլուծության եւ դիտարկման ժամանակահատվածում ԶԼՄ-ներում իրավիճակի գնահատման համադրում, որը հիմնվում է ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ փորձագիտական հանրության ներկայացուցիների հետ հարցազրույցների, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում ընտրարշավի լուսաբանմանը նվիրված հրապարակումների վերլուծության, նախընտրական շրջանում ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ կուսակցությունների ներկայացուցիչների եւ քաղաքական գործիչների հայտարարությունների ուսումնասիրման վրա:
Մոնիտորինգի համաձայն՝ պաշտոնական նախընտրական քարոզարշավի ժամանակ ամենաշատ ուշադրության արժանացել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ինչն առաջին հերթին բացատվրում է հունվարի 31-ին նրա դեմ կատարված մահափորձի հետ կապված սպասողական վիճակով՝ արդյո՞ք նա կպահանջի հետաձգել ընտրությունները;
Հետազոտված 9 լրատվամիջոցների հատկացրած եթերաժամանակի ծավալով իրար մոտ էին գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի ցուցանիշները:
Սերժ Սարգսյանի մոտ անդրադարձների բացասական հաշվեկշիռ է արձանագրվել «Երկիր Մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաալիքներում, իսկ հետազոտված մյուս լրատվամիջոցներում նրա հաշվեկշիռը դրական է՝ բացառությամբ հ2-ի:
Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախընտրական քարոզչության ողջ ընթացքում հիշատակվել է կա՛մ չեզոք, կա՛մ էլ դրական համատեքստում, բացասական անդրադարձներ ստացել է ընտրարշավի վերջին օրերին, երբ Վարդան Սեդրակյանը նրան մեղադրել է մասոնների հետ կապերի մեջ, որոնք էլ հենց, ըստ Սեդրակյանի, կազմակերպել են Պարույր Հայրիկյանի մահափորձը:
Վարդան Սեդրակյանն իր գրեթե բոլոր բացասական անդրադարձները վաստակել է հենց այդ վարկածը առաջ քաշելուց հետո: Նա միակ թեկնածուն է եղել, ում նկատմամբ անդրադարձները բացառապես բացասական են եղել:
Պարույր Հայրիկյանի (3) եւ Անդրաս Ղուկասյանի (6) պարագայում անդրադարձները բացառապես դրական էին:
Բոլոր թեկնածուներից միայն Արման Մելիքյանն է լուսաբանվել բացառապես չեզոք համատեքստում:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրատվամիջոցների կողմից խախտումներ է արձանագրել քվեարկության օրը:
«Որոշ տվյալներ վկայում են այն մասին, որ օրենքով նախատեսված նորմերը լռության օրվա ընթացքում եւ ընտրությունների ժամանակ ամբողջությամբ չեն պահպանվել: Մենք ունենք մի քանի օրինակներ, երբ եթեր է հեռարձակվել տարբեր թեկնածուների ծրագրերի կամ ընտրարշավի համեմատություն: Կային դեպքեր, երբ թեկնածուն ինքն իր համար ռեպորտաժով քարոզչություն էր անում, եւ արտասահմանյան լրատվամիջոցներից մեջբերումներ կային, երբ ընտրությունների արդյունքների կանխատեսում էր տեղի ունենում հենց ընտրության ժամանակ»,- ասում է ԵՄԱ նախագահը:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: