Սյունիքի մարզում գործող տեղական հեռուստաընկերությունները նախագահական ընտրություններին գրեթե չեն անդրադառնում:
Սյունիքի մարզ այցելած նախագահի թեկնածուների նախընտրական հանդիպումները լուսաբանվում են միայն Կապանի «Սոսի» հեռուստաընկերության եթերում: Մարզում գործող եւ ոչ մի հեռուստաընկերության եթերում քաղաքական գովազդ չի հեռարձակվում:
Սիսիանում գործող «Սիսակն» հեռուստախմբագրության «Դիտակ» լրատվական ծրագիրը եթեր է հեռարձակվում շաբաթը մեկ անգամ` ուրբաթ օրերին: Եթերում միայն տեղական նորություններ են: Նախընտրական քարոզարշավի մասին լուրեր չկան:
Գորիսում գործող «Լաստ TV» հեռուստաընկերությունը քաղաքում քարոզչություն իրականացնող նախագահի թեկնածուների այցերը չի լուսաբանում: Հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանն ասում է, որ իրենք նախապես հեռուստադիտողներին տեղեկացրել են, որ ընտրական գործընթացներին իրենց եթերում չեն անդրադառնալու:
Նախագահական ընտրություններին չի անդրադառնում նաեւ Կապանի «Խուստուփ TV» մալուխային հեռուստատընկերությունը: Հեռուստաընկերության տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանն ասում է, որ քաղաքական գովազդի գին նախապես չեն սահմանել՝ ենթադրելով, որ պահանջարկ չի լինի:
«ՀՀ նախագահի ընտրությունը իրականացվում է հանրապետության ողջ տարածքում, հետեւաբար՝ ամբողջ հանրապետությունը մեկ ընտրատեղամաս է: Մենք ընդամենը մի քաղաքում ենք գործում: Թեկնածուները գերադասում են համապետական լրատվամիջոցները»,- ասում է Սասուն Մանուկյանը:
«Խուստուփ»-ի եթերից բացակայում են նաեւ նախագահի թեկնածուների այցերի մասին վճարովի հայտարարությունները, լրատվական ռեպորտաժները:
«Հստակ որոշել ենք, որ այս գործընթացին չենք մասնակցում: Մասնակցությունը եւ պատասխանատվությունը սիրով վերապահել ենք համապետական լրատվամիջոցների մեր գործընկերներին»,- ասում է «Խուստուփ»-ի տնօրենը:
Սյունիքի մարզում միայն մարզային հեռարձակում ունեցող «Սոսի» հեռուստաընկերությունն է, որ լուսաբանում է նախագահական ընտրությունները: Հեռուստաընկերության լրատվական ծրագրում լուսաբանվում են Սյունիքի մարզ այցելած նախագահի թեկնածուների նախընտրական հանդիպումները:
Կան նաեւ ռեպորտաժներ Սյունիք չայցելած մյուս թեկնածուների հետ կապված իրադարձությունների եւ նրանց շուրջ շարունակվող զարգացումների մասին:
«Սոսի»-ի եթերում նույնպես քաղաքական գովազդներ չեն հեռարձակվում: Հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանը նշում է, որ քաղաքական գովազդի սակագնի մասին ի սկզբանե հայտարարություն չեն տվել, քանի որ իրենց եթերով գովազդ հեռարձակելու համար նախապես ցանկություն հայտնողներ չեն եղել:
Ինչ վերաբերում է ընտրողներին՝ Սյունիքի բնակիչներին, ապա նրանք նախընտրական պրոցեսներին, թեկնածուների քաղաքական գովազդներին հիմնականում հետեւում են հանրապետական հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունների եթերով:
Մերի Սողոմոնյան, Կապան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: