2013.01.21,

Նյուսրում

2012-ին սպանված լրագրողների թիվը ռեկորդային է՝ 141

«2012թ. սև տարի էր լրագրողների համար. մասնագիտական գործունեությունն իրականացնելիս սպանվել է 141լրագրող 29 երկրում: Թիվն աննախադեպ է, տեղի է ունեցել 31տոկոս աճ 2011թ. համեմատ, երբ նրանց թիվն հասնում էր 106-ի»,-  արձանագրել է Ժնևի Լրագրողների պաշտպանության կոմիտեն:
Մեկ այլ տվյալ է հրապարակել Վիեննայի Մամուլի միջազգային ինստիտուտը(IIP), որը սպանված, անհայտ կորած ու գերեվարված լրագրողների հաշվարկման խնդիրներով զբաղվում է դեռևս 1997թ.-ից: Վերջինս նույնպես ռեկորդային է համարում 2012թ.իրենց առաքելությունը կատարելիս սպանված լրագրողների թիվը, նշելով սակայն՝ 132 հոգի: Լրագրողների սպանության նման աննախադեպ ցուցանիշ է արձանագրվել 2009թ.՝ 110 հոգի, որից 32-ը՝ Ֆիլիպիններում:

Անցյալ տարի  Միջին Արևելքի ամենաթեժ կետում՝ Սիրիայում,  31 լրագրող է զոհ գնացել իշխող կառավարության ու ընդդիմության միջև շարունակվող պայքարում: Մեդիայի համար վտանգավոր երկրների շարքում են նաև Սոմալին՝ 16 սպանված լրագրող, Պակիստանը՝ 8, Մեքսիկան՝ 7, Բրազիլիան՝ 5, Կոլումբիան և Հոնդուրասը՝յուրաքանչյուրում՝ 3:

Լատինական Ամերիկայի երկրներում վերջին երեք տարիների ընթացքում սպանվել են 74 լրագրող: Մեքսիկան ու Հոնդուրասը համարվում են լրագրության համար տարածաշրջանի ամենավտանգավոր երկրները և սպանվածներից 49-ը բաժին են ընկնում այս երկրներին: «Չափազանց մեծ են  կազմակերպված հանցագործությունները, որոշ պետական մարմինների անհանդուրժողականությունը, սեռական բռնությունների վտանգը, որոնց զոհ են դառնում լրագրողները»,-ասվում է Գվատեմալայի մամուլի ազատության պաշտպանության տարածաշրջանային  կազմակերպության զեկույցում:      

Կազմակերպությունը բարձրաձայնել է նաև մինչ օրս վերոնշյալ սպանությունների հանգամանքների չպարզաբանված լինելու մասին և հավելել, որ անհրաժեշտ է վերջ տալ անպատժելիությանը և արդարադատության հետ համատեղ միջոցներ ձեռք առնել  վտանգավոր միջավայրում ժուռնալիստիկայի ազատ գործունեությունը երաշխավորելու համար:

Լրագրողների նկատմամբ կիրառած բռնությունների առումով առանձնահատուկ կարգավիճակում է Թուրքիան՝ 70 բանտարկված լրագրող, որն ըստ IIP-ի, նույնպես «համաշխարհային ռեկորդ» է:

Մամուլի ազատության խոչընդոտման ու բովանդակային սահմանափակման առումով ևս IIP-ն կատարել է իր դասակարգումը. ԱՄՆ, Արգենտինա, Կուբա, Էկվադոր, Չինաստան, Նեպալ, Եգիպտոս, Իսրայել, Բելառուս, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Ռուսաստան և այլն: 

Ըստ Ֆրանսպրեսի նյութերի,
Պատրաստեց՝ Մետաքսե Պետրոսյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *