2013.01.16,

Նյուսրում

Բորիս Նավասարդյան. «Հեռարձակող մեդիան նախագահի թեկնածուների նկատմամբ խտրականություն չի դրսեւորել»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) հրապարակել է հեռարձակող մեդիաներում 2013 թվականի նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը, որն ընգրկում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը:

Մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ մեդիաները քաղաքական ուժերի կամ ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուների նկատմամբ խտրականություն եւ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չեն դրսեւորել:

«Առայժմ այն միտումը, որ կար 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, շարունակվում է: Ավելին՝ եթե 2012 խորհրդարանական ընտտրությունների ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ մեր գոհունակությունը հիմնականում վերաբերում էր նախընտրական քարոզաչության շրջանին, այս դեպքում գոհունակության մասին կարող ենք խոսել նախընտրական քարոզչությունից բավական առաջ ընկած ժամանակաշրջանում»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ըստ մոնիտորինգի՝ ամենամեծ ուշադրությունը քաղաքական ուժերի եւ հնարավոր թեկնածուների նկատմամբ դրսեւորել է «Արմնյուզ» հեռուստաալիքը, որին հաջորդում են Հանրային ռադիոն, «Արմռադիոն», «Երկիր մեիդա» եւ «Կենտրոն» հեռուստաալիքները: Ամենաքիչը՝ «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները:

Հետազոտման ողջ ժամանակահատվածում հնարավոր թեկնածուներից առավել հաճախ հիշատակվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը. նա առաջատար է եղել ինչպես տեղեկատվական ու տեղեկատվական-վերլուծական, այնպես էլ բանավիճային եւ այլ հաղորդումներում:  Հիշատակումների թվի հանրագումարով նրան հաջորդում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետազոտված ժամանակահատվածում իրենց թեկնածություններին կողմ եւ դեմ արտահայտությունների թվով առանձնացել են Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Առաջին երկուսի պարագայում մեդիաներն աջակցություն են արտացոլել, իսկ առաջին նախագահի թեկնածության նկատմամբ եթերում հաճախ բացասական վերաբերմունք է հնչել:

Գործող նախագահին աջակցություն եթերում արտացոլել է գլխավորապես Հանրային ռադիոն, «Արմռադիոն», հ2-ը եւ «Արմնյուզը»: Առաջին նախագահի թեկնածության դեմ առավել հաճախ արտահայտվել են «Արմռադիոյում»:

Թեկնածուների նկատմամբ ամենամեծ «չեզոքությունը» դրսեւորել են «Շանթ» եւ Հանրային հեռուստաընկերությունները: Բորիս Նավասարդյանը սա բացատրում է քաղաքականության հանդեպ հեռուստաընկերությունների թույլ հետաքրքրությամբ:

«Այն հեռուստաալիքները, որոնք քիչ են հետաքրքրվում քաղաքականությամբ, հավասարակշիռ են, որոնք շատ են հետաքրքվում քաղաքականությամբ, նրանց մոտ բալանսի պահպանումը կապված սատարելու  կամ չստարալեու հետ, խախտված է»,- ասում է ԵՄԱ նախագահը:

Մոնիտորինգի հաջորդ փուլում Երեւանի մամուլի ակումբը հաշվի է առնելու նաեւ նախագահի թեկնածուների բողոքները՝ կապված մեդիաների աշխատանքի հետ:

«Մենք անպայման կապի մեջ ենք մտնելու բոլոր ութ թեկնածուների շտաբերի հետ եւ լսելու ենք նրանց պրետենզիաները լրատվամիջոցների նկատմամբ, հետո համեմատելու ենք դրանք իրականության հետ»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *