Գրող Արփի Ոսկանյանը դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով 1in.am-ի դեմ:
Գրողը գտնում է, որ լրատվամիջոցը խախտել է իր հեղինակային իրավունքը՝ առանց հեղինակին տեղեկացնելու օգտագործելով «Քաղաքական հանելուկ» բանաստեղծությունը, որը տպագրվել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի համարում:
1in.am-ը վերահրապարակել էր բանաստեղծությունը՝ դրա հիման վրա երգ ստեղծելու մրցույթ հայտարարելով:
«Ես «Հայկական ժամանակ»-ին այդ բանաստեղծությունը տվել էի տպագրելու թույլտվությամբ, իսկ 1in.am-ը՝ առանց ինձ հարցնելու, ինձ հետ պայմանավորվելու կամ տեղյակ պահելու, արտատպեց այն՝ փոխելով համատեքստը, խեղաթյուրելով իմաստը, կոնկրետ մարդու լուսանկար դնելով, ինչը հակասում էր իմ բանաստեղծության հղացքին, որն իրենից ներկայացնում էր քաղաքական հանելուկ»,- ասում է Արփի Ոսկանյանը:
Գրողը խմբագրությունից պահանջել է կայքից անհապաղ հեռացնել բանաստեղծությունը կամ վճարել իրեն, սակայն իր խոսքերով՝ պահանջները մնացել են անարձագանք: Արփի Ոսկանյանին 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հետ խոսել չի հաջողվել. նրա խոսքերով՝ խմբագիրը չի մոտեցել հեռախոսին եւ չի պատասխանել իր նամակներին:
«Զրուցել եմ 1in.am-ի աշխատակիցների հետ, ովքեր ինձ հենց առաջին օրը ասացին, որ բացառվում է հեռացնել հանելուկը, եւ վճարման մասին էլ խոսք լինել չի կարող, որովհետեւ իրենք հղում են արել «Հայկական ժամանակ»-ին, եւ դա բավական է՝ մոռանալով, որ գործ ունեն գեղարվեստական ստեղծագործության հետ, որը չի վերաբերում ոչ՛ օրվա լրատվությանը, ո՛չ գիտական կամ ուսումնական արժեք ունեցող նյութերին, որոնք կարող են շրջանառվել համացանցում միայն հղումներով»,- ասում է Արփի Ոսկանյանը:
1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի խոսքերով՝ ինքը հենց սկզբից պատրաստ է եղել վճարել:
«Այդ մարդն ուզում էր հոնորար. 20.000 էր ուզում սկզբից, հետո 30.000 էր ասում, ասացի՝ մի հատ կողմնորոշվեք, որոշակիացրեք, թե ինչ եք ուզում: Ես Facebook-ով եմ ստացել իրենց նամակները եւ անպատասխան եմ թողել: Միայն կապվել եմ իմ փաստաբանի հետ, նյութերը ուղարկել եմ իրեն, որպեսզի տեսնենք՝ եթե էնտեղ իրավունքի հարց կա, լուծենք օրենքով սահմանված կարգով, որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասում է Արման Բաբաջանյանը:
Արփի Ոսկանյանը պատրաստվում է նաեւ դիմել դատարան՝ իրեն հասցված նյութական եւ բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով:
Իրավաբան Գեւորգ Հայրապետյանը գտնում է, որ լրատվամիջոցը խախտել է գրողի հեղինակային իրավունքը:
«Հեղինակային իրավունքի խախտում համարվող գործողություններ են, երբ ստեղծագործությունը կամ դրա էական մասը օգտագործվում է անօրինական կերպով՝ առանց հեղինակային իրավունքի իրավատիրոջ թույլտվությամբ: Ընդ որում՝ հեղինակային իրավունքի օբյեկտ են ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունները: Սա նշանակում է, որ եթե ստեղծագործությունը հրապարակվել է, դա դեռ չի նշանակում, որ առանց թույլտվության այն կարելի է օգտագործել»,- ասում է Գեւորգ Հայրապետյանը:
Իրավաբանի խոսքերով՝ հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքի համաձայն՝ գոյություն ունի ստեղծագործության ազատ օգտագործման երեւույթը, երբ առանց հեղինակի համաձայնության եւ առանց վարձատրության օգատգործումը չի համարվում հեղինակային իրավունքի խախտում:
«Բայց այդ դեպքում կան մի շարք պարտադիր պայմաններ՝ անպայման պետք է նշվեն հեղինակի անունն ու ստեղծագործության սկզբնաղբյուրը, իսկ հրապարակումը չպետք է հակասի ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին: 1in.am-ը այս ստեղծագործության հիման վրա երգ է ուզում ստեղծել: Սա չի գրվել որպես երգի տեքստ բնականոն օգտագործելու համար: Այսինքն՝ այս տեսակ օգտագործումը չի համապատասխանում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին»,- ասում է Գեւորգ Հայրապետյանը:
Իրավաբանը նշում է, որ օրենքով սահմանված են նաեւ առանց համաձայնության եւ վարձրատրության օգտագործման պահանջները, որոնց համաձայն՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական հարցերի վերաբերյալ օրինական ճանապարհով մամուլում հրապարակված հոդվածը կամ նման կերպով հեռարձակված ստեղծագործությունները կարող են վերարտադրվել, եթե նման օգտագործումը նախապես չի արգելվել հեղինակի կողմից:
«Ենթադրվում է, որ հեղինակը չի արգելել նման օգտագործումը, հետեւաբար այս առումով վերարտադրում թույլատրվում է, բայց այս ստեղծագործությունը չի վերարտադրվել, այն վերցվել եւ օգտագործվել է այլ կերպ: Այս դեպքում լրատվամիջոցը լրիվ այլ գործողություն է ուզեցել անել հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող ստեղծագործության հետ»,- ասում է նա:
Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելը առաջացնում է տուգանք մինչեւ 500.000 դրամի չափով, 1-2 ամիս ժամկետով կալանք կամ ազատազրկում մինչեւ 1 տարի ժամկետով:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: