2012.10.29,

Նյուսրում

Հեռուստաբանավեճի մասնակիցը հրապարակային հերքում պահանջեց

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2012 թվականի հոկտեմբերի 12-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդումը (որը նվիրված էր քաղաքաշինական խնդիրներին ու Երեւանի դիմանկարի զարգացումներին ու աղավաղումներին) մարդու արժանապատվության ու վիրավորանքի մասին խոսելու առիթ դարձավ։

Հաղորդման մասնակից ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը մյուս մասնակից ճարտարապետ Լեւոն Իգիթյանից «Հայկական ուրբաթի» ընթացքում հնչած խոսքերի հրապարակային հերքում է պահանջել։

Նա պնդում է, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանի Լեւոն Իգիթյանն իր անձի «արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկություններ» է հնչեցրել եթերից։


Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 29-ին սոցցաներով ու լրատվական կայքերով տարածել է հետեւյալ հայտարարությունը, որտեղ կետ առ կետ նշել է Լեւոն Իգիթյանի կողմից արված այն գնահատականները, որոնք արատավորում են իր պատիվն ու վարկաբեկում մասնագիտական համբավը։

Լեւոն Իգիթյանը մասնավորապես ասել է, որ Սարհատ Պետրոսյանին ցանկացել են հեռացնել բուհից, քանի որ նա վատ է սովորել, ինչպես նաեւ հիշատակել է Սարհատ Պետրոսյանի գրած հոդվածը, որի առանցքում ՀՀ գլխավոր ճարտարապետի պետական գումարների փոշիացման մեղադրանքն է։

Սարհատ Պետրոսյանը նման հոդվածի գոյությունը մերժում է ու իր հեռուստատեսային բանախոսից այդ հայտարարությունների ապացույցներ կամ էլ հերքում է պահանջում։

Ըստ Սարհատ Պետրոսյանի՝ հերքումը պիտի հրապարակվի նույն կամ այլ զանգվածային լրատվության միջոցում, օրինակ առնվազն 1500 օրինակից բարձր տպաքանակ եւ առցանց տարբերակ ունեցող որեւէ օրաթերթում։

Հակառակ դեպքում նա պատրաստ է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով։

Մեդիա տարածքում արված հայտարարությունը հազվադեպ է դառնում ՀՀ քաղաքացու արժանապատվության ու հրապարակային զրպարտության առարկա։ Սովորաբար, նման մեղադրանքների թիրախ են դառնում լրատվամիջոցները, սակայն այս դեպքն այլ է։

Սարհատ Պետրոսյանը նշում է, որ իր բողոքի թիրախը ոչ թե լրատվամիջոցն է, այլ մարդը, ով մեդիա տարածքը օգտագործում է չհիմնավորված տեղեկություն տարածելու համար։

«Ես բավականին վճռական եմ տրամադրված ու պատրաստ եմ դիմել դատարան։ Խնդիրը նրանում է, որ հանրային դաշտում հաճախ են հնչում անպատասխանատու, էմոցիանալ ու կանխակալ հայտարարությունները։ Կարծում եմ՝ մեդիա դաշտում արված վիրավորանքը պետք է  հերքվի հենց մեդիա դաշտում։ Հասկանում եմ նաեւ, որ Հայաստանում նման նախադեպ դեռ չի եղել, եւ մարդը մարդուն դատի չի տվել մեդիայում արված արտահայտությունների համար։ Կարծում եմ՝ պետք է սովորել սեփական խոսքերի համար պատասխանատվություն կրել։ Բոլորս էլ սովորում ենք»,- ասում է նա։

«Հայկական ուրբաթ» հաղորդման հեղինակ ու վարող Պետրոս Ղազարյանը մեկնաբանելով այս միջադեպը՝ ասում է.

«Կարծում եմ Հայաստանում խոսքի արժեքը աննկարագրելիորեն ընկել է, եւ դա հատկապես զգացվում է լրագրության մեջ։ Ցանկացած քայլ, որը ուղղված է խոսքի արժեքի բարձրացմամն ու պաշտպանությանը, ես դրական եմ գնահատում։ Այլ հարց է, որ եթե մարդիկ դեմ առ դեմ են կանգնում ու հնարավորություն են ստանում իրար երեսի ասել իրենց մտքերը, պետք է երեւի թե հենց այդ ձեւաչափում էլ պատասխանեն իրար։

Ամեն դեպքում, ես նորմալ եմ գնահատում Սարհատ Պետրոսյանի քայլը, եթե մարդն իրեն վիրավորված է զգում, ապա պետք է հրապարակային հերքում պահանջի։ Նաեւ դատարան դիմի, թեեւ մեր երկրում եղած դատական քաշքշուկները բավականին շատ են, իսկ հաղորդման ընթացքում հնչած վիրավորանքները այդքան էլ սարսափելի չէին։ Ամեն դեպքում ես կողմ եմ, որ եթերում հնչած խոսքի կշիռը բարձրանա»։

Պետրոս Ղազարյանը նշում է նաեւ, որ որպես հաղորդման մոդերատոր, ով կարող է բանավեճի ընթացքը շեղել կամ ընդհակառակը սրել, համոզվել է.

«Մեզանում բանավեճի մշակույթ չկա, շատ բարդ է բանավեճը պահել թեմայի օրակարգում, հետեւել տակտին, էթիկային։ Վարողն էլ չի կարող լրիվ վերացարկվել իրավիճակից։ Մանավանդ, որ փորձը ցույց է տալիս, որ հաղորդումը հետաքրքիր է դառնում այն ժամանակ, երբ անձնական երանգ է հայտնվում»։

Դժվար է ասել, հրապարակային բանավեճերում խոսքի մշակույթի ու հիմնավորված փաստարկների օգտագործման հարցում Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը ինչպիսի ազդեցություն կունենա (միգուցե չունենա)։

Սակայն այն կարող է մեդիա տարածքի ինքնազգացողությունը չափող գործիքներից դառնալ՝ դրդելով ՀՀ քաղաքացիներին եթերում կամ տպագիր մամուլի էջերում ծագող խնդիրների լուծումը տեղափոխել քաղաքակիրթ տարածք՝ դատարան։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *