1908 օգոստոսի 14-ին Ֆրեզնո քաղաքում լույս ընծայվեց «Ասպարեզ» շաբաթաթերթի առաջին համարը: «Ինչո՞ւ այս թերթը» խորագրված խմբագրականում պարզաբանվում է թե ում է ուղղված պարբերականը՝ «հայրենի հողէն հալածական դուրս նետուած հայ ընտանիքին, որ Ֆրէզնոյի եւ շրջաններուն հայ գաղութը կը կազմէ: Երեւոյթ կը ցուցանէ, թէ հայը հոս եկած է մնալու դիտաւորութեամբ»:
Այսօր էլ «Ասպարեզն» ունի նույն առաքելությունը. դառնալ աշխարհի տարբեր անկյուններից հավաքված հայության թերթը: «Ասպարեզն» արդեն հարյուր չորս տարեկան է՝ իր էջերում կրելով «մնալու դիտավորությամբ» եկած հայերի մտահոգությունները: Գլենդեյլի ու Նորդ Հոլիվուդի հայացման գործընթացը դրդեց «Ասպարեզին»1970 թվականին Ֆրեզնոյից տեղափոխվել Լոս Անջելես: «Թերթը նախ եւ առաջ պետք է կամուրջ լինի Հայաստանի եւ օտարության մեջ ապրող հայի համար, մասնակցի ու նպաստի հասարակական կյանքին, գաղափարական եւ ազգային ուղղություն տա, ընթերցողին դարձնի հասարակության մի մասնիկը», – համարում է «Ասպարեզ» թերթի հայերեն բաժնի խմբագիր Ափո Պողիկյանը: Խմբագիրը պատմում է նաեւ, որ 1918 թվականին եւ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում թերթի ազդեցության տակ շատ ընթերցողներ մեկնել են հայրենիք :
Լոս Անջելես տեղափոխվելուց հետո 1970 մայիսի 1-ից սկսեց հրատարակվել թերթի անգլերեն բաժինը: Նպատակը ոչ միայն անգլախոս հայ ընթերցողների պահանջները բավարարելն էր, այլեւ հայ մամուլն օտարկացիներին հասանելի դարձնելու կարեւորությունը: Մամուլը հայ ընտրազանգվածի ձայներով աթոռ ստանձնած ամերիկյան պաշտոնյաների հետ կապի լավագույն միջոցներից է: Պահանջել, բողոքել, ճնշում գործադրել, խրախուսել. լրատվամիջոցի հնարավորությունները շատ են: Ամերիկյան մամուլը (օրինակ, Los Angeles Times-ը եւ Վաշինգթոնում լույս տեսնող Politico օրաթերթը) հաճախ են մեջբերումներ կատարում «Ասպարեզից»՝ կարեւորելով սփյուռքի տեսակետը։ Հատկապես երբ այն կապված է Ցեղասպանության ճանաչման Հայ Դատի հանձնախմբի գործընթացի եւ ղարաբաղյան իրադարձություների հետ:
Անշուշտ, համայնքային անգլերեն թերթը նաեւ դիվանագիտական մոտեցում պետք է ունենա: «Մեր լավագույն ընթերցողներից է Մեթյու Բրայզան»,- ժպիտով Էրիկ Գարսեթթին «Ասպարեզի» անգլերեն
բաժնի խմբագիր Արա Խաչատրյանի հետ
թերթի արխիվը նայելիս” style=”float: left;” class=”caption”>նշում է «Ասպարեզի» անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը՝ հիշելով Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բուռն արձագանքն ու խմբագրություն ուղարկված բողոք-նամակը:
Հայ լրատվամիջոցի կարեւորությունը սփյուռքում նաեւ համարձակ լինելն ու նոր մոտեցում նախանշելն է: Հայաստանյան իրադարձություններին «Ասպարեզի» անդրադարձը հաճախ տարբերվում է ներքին մեկնաբանություններից: Դա թերեւս ամերիկյան մամուլի ազդեցությանն ու ավանդույթների արդյունքն է (խոսքի ազատության ընկալումը, իրադարձության մատուցման ոճն ու աշխարհայացքը, վերահսկողության պակասը)։ Խորհրդային տարիներին, օրինակ, «Ասպարեզը» փայփայում էր անկախ Հայաստան ունենալու երազանքը, դրա իրականացման հնարավոր ճանապարհներ փնտրում: Իսկ բոլոր ժամանակների թեման է եղել Արցախի ազատագրումն ու Մայր Հայրենիքին միացնելու գաղափարը: Այս օրերին էլ թերթը սփյուռքում բնակվող մեր լավագույն հայ մասնագետների համար սուր քննարկումների եւ նոր մտքեր առաջադրելու ասպարեզ է:
Հակառակ այդ մոտեցմանը՝ թերթը պակաս քննադատությամբ է անդրադառնում ներհամայնքային խնդիրներին։ Ափո Պողիկյանը պարզաբանում է. «Հայաստանը պետություն է, իսկ պետական կառույցները քննադատությամբ չես կարող քանդել։ Համայնքային կառույցները շատ ավելի փխրուն են եւ խրախուսանքի կարիք ունեն: Դրանք իրականանում են կամավորական աշխատանքի շնորհիվ, եւ քննադատական վերաբերմունքը կարող է վատ ազդեցություն ունենալ: Կա մոտեցում, որ քննադատությունը կարող է առավել կառուցողական լինել: Սակայն «Ասպարեզը» այդ դերը չի ստանձնում, այն ավելի շատ զորակցելու նպատակ ունի»:
Թերթը, ուր ժամանակին գերակշում էր արեւմտահայերենը եւ որը առավելապես ուղղված էր ընթերցողի որոշակի խմբի, այժմ փորձում է միավորել տարբեր շրջաներից այստեղ եկած հայերին: Հարավային Կալիֆորնիայում Լիբանանից, Սիրիայից, Պարսկաստանից կամ Հայաստանից գաղթած բնակչության գերակշռություն չկա: Թերթը ձգտում է դառնալ բոլորինը։ Եւ նպատակը ոչ միայն ընթերցող չկորցնելն է: «Մեր համայնքը ազգային փոխգոյակցության փորձարարական դաշտ է, որտեղ տեսանելի են տարբեր շրջաններից համախմբված հայերի գաղափարներն ու հարաբերությունները: Օրինակ Հայաստանից գաղթած հայերին այստեղ «բարի գալուստով» չդիմավորեցին: Պարզապես հիմա հայաստանցի, պարսկահայ կամ լիբանանահայ խմբավորումները մեծ են։ Եւ հարցերը լղոզված, բայց լուծված չեն: Չկա մի հաստատություն կամ միություն, ուր միասնական եւ արդյունավետ աշխատանք է տարվում»,- ասում է Ափո Պողիկյանը:
«Ասպարեզը» հավասարաչափ օգտագործում է արեւելահայերենն ու արեւմտահայերենը, տարբեր հնչյունաբանությունները, որպեսզի գոնե այս ասպարեզում չշեշտվի, որ այն լիբանացու, հայաստանցու կամ էլ պարսկահայի թերթ է:
Եթե նկատի ունենաք, որ լեզուն պահում եւ զարգացնում է գրավոր խոսքը, ապա արեւմտահայերենը վտանգված է. մենք բավարար չափով ոչ գրականություն ունենք, ոչ էլ մամուլ: «Ասպարեզը» արեւմտահայ գրագետ աշխատակազմի սերնդափոխման կարիք ունի: Սա որպես ահազանգ… Արտերկրի համայնքային կրթական կառույցների ներուժը գնահատելով՝ պետք է հուսալ, որ արեմտահայերենի զարգացման գործին կմիջամտեն հայրենիքի պետական լեզվաբանական հաստատությունները:
հոբելյանական համարի առաջին էջը” style=”float: left;” class=”caption” height=”300″ width=”292″>Պետական համակարգում գործող մամուլը մի բան է, իսկ ինքնակազմակերպված համայնքում ստեղծվածը՝ բոլորովին այլ: Եթե մամուլն անտարբեր չէ, եւ ապրում է համայնքի հոգսերով ու կյանքով, ապա նրան վերապահված է առաջատարի դերը: Կարելի է ասել, որ համայնքային յուրաքանչյուր կազմակերպություն յուրօրինակ նախարարություն է, իսկ թերթը դրանց մեջ կազմակերպված հարթություն: Մամուլը նաեւ մշակույթի տարածման տարրական ձեւն է, որի օգնությամբ կայանում է համայնքը:
«Ժամանակին համընթաց ենք աշխատել»,- իրենց երկարակեցության բացատրությունն է տալիս անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը՝ նշելով, որ տեխիկական առաջընթացին համընթաց գնալը ոչ թե շքեղություն, այլ օրվա պահանջ է: Տպագիր մամուլն իր տեղն է զիջում համացանցին: Համացանցով լուրերն առավել հասանելի են, հատկապես, որ հնարավոր է դրանց հաճախակի թարմացումը: Եւ այժմ խմբագրության համար շքեղություն է հենց տպագիր տարբերակը: Սակայն «Ասպարեզը» կշարունակվի տպագրվել, քանի դեռ սփյուռքում հայեր կան։ Կհրատարակվի, եթե անգամ եկամուտ չապահովի, քանի որ երբեք շահադիտական նպատակ չի հետապնդել: Եւ թերթի տպագրումը (ցավոք, իհարկե) կլինի այնքան հաստատուն, որքան հաստատուն կշարունակվի հայերի հոսքը դեպի Միացյալ Նահանգներ:
Անի Թադեւոսյան, Լոս Անջելես
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: