Սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը Գյումրիի լրատվամիջոցների համար արտառոց չէր: Այս անգամ էլ քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուների նախընտրական բանավեճ կազմակերպել չհաջողվեց:
Ավագանու 71 թեկնածուներից մի քանիսը ընդունեցին ուղիղ եթերում բանավիճելու հրավերը: Քաղաքապետի եւ ավագանու անդամի թեկնածուները հիմնականում գերադասում էին հեռուստաեթերում լինել միայնակ, պատասխանել հաղորդավարի հարցերին, խուսափել հեռախոսազանգերով հնչող հարցադրումներից:
Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության քաղաքական-հասարակական «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ Հեղինե Քուշքյանն ասում է, որ թեկնածուները ակտիվ չեն, դժվարությամբ են համաձայնվում հյուրընկալվել ուղիղ եթերում:
«Մեր հրավերը պատրաստակամությամբ են ընդունել կին թեկնածուները եւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվածները: Ամենաբարձր ռեյտինգը գրանցվել է ավագանու թեկնածու Չուբար Զարգարյանի հետ ուղիղ եթերում իմ վարած հաղորդման ժամանակ: Հաջորդ մի քանի օրերին Գյումրիում խոսակցության թեման դա էր ու իր ռեյտինգով այդ օրվա հաղորդումը հավասարվել էր նախորդ ընտրությունների ժամանակ մեզ հյուրընկալված Վարդան Ղուկասյանի հաղորդմանը»,- ասում է Հեղինե Քուշքյանը:
Տեղական հեռուստաեթերում ամենաշատը ցուցադրվում էին քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի նախընտրական ֆիլմերն ու գովազդային հոլովակները: Այս տեսակետից երկրորդը քաղաքապետի թեկնածու, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանն է: Մյուս երկու թեկնածուները նախընտրական գովազդ չեն պատվիրել:
Ընտրական շրջանում Գյումրիում գործող հեռուստաընկերություններից գովազդային ամենացածր գինը սահմանել է «Ցայգ» հեռուստաընկերությունը,[[wysiwyg_imageupload:328:]] ամենաբարձրը` «Շանթը»:
Նոնա Տոնոյանը «Ցայգ»-ի գովազդային գործակալներից է: «Ավագանու թեկնածուները հիմնականում ընտրում են գովազդային կարճ հոլովակների տարբերակը, որտեղ երեւում է լուսանկարը, իրենց նշանաբանը, որը կամ գրվում է կամ իրենք են ասում: Լինում են դեպքեր, երբ թեկնածուն ցանկություն է հայտնում, որ իր կենսագրականը գնա, որպես գովազդ: Նորարությամբ հանդես եկողներ չկան, մենք էլ աշխատում ենք անել պատվիատուի ցանկությամբ»,- պատմում է նա:
«Ա.Դ. Սախարովի անվան» իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը Գյումրիում ընթացող նախընտրական զարգացումներին հետեւում է զանգվածային լրատվամիջոցների բոլոր հնարավոր միջոցներով: Նախորդ ընտրությունների համեմատ նա շատ քիչ փոփոխություններ է նկատել:
«Լրատվամիջոցները հարմարվում են պատվիրատուի ճաշակին, որպեսզի պոտենցիալ վճարող չկորցնեն: Այդ առումով Աբիսողոմ աղայի ժամանակներից մենք շատ առաջ չենք անցել, եթե ցանկությունը կա ագարակներով ու ավանակներով նկարվելու, իրենք պատրաստ են ու երբեք էլ չեն ասի, որ դա ճիշտ մոտեցում չէ»,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը:
Այս ընտրություններում Գյումրիում դերեակատարություն ունեն նաեւ սոցիալական ցանցերը: Ավագանու 7 թեկնածու առաջադրած «Քաղաքը մերն է» նախաձեռնութունը ակտիվորեն օգտագործում է Facebook-ը: «Ես համարում եմ, որ ավագանու այս թեկնածուները նորարություն մտցրեցին թե նախընտրական քարոզարշավի կազմակերպման ձեւաչափի առումով, թե մեդիա դաշտը լավագույնս օգտագործելու: Նրանցից հետո եկողներն իմ կարծիքով հետագայում կօգտագործեն այս փորձը»,-նկատում է Սեյրան Մարտիրոսյանը:
Գյումրիում գործող տպագիր միջոցներն եւս դժգոհ են ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքից: «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթն, օրինակ նախընտրական շրջանում ընդամենը երկու գովազդի պատվեր է ստացել:
Քաղաքապետի եւ ավագանու թեկնածուները տպագիր մամուլը հիմնականում օգտագործում են իրենց կենսագրական տվյալները հրապարակելու համար: Թեկնածուների հետ հարցազրույցներն անվճար են, սակայն ոչ բոլորն են, որ ասելիք ունեն եւ կարող են պատասխանել լրագրողի հարցերի:
Երանուհի Սողոյան, Գյումրի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: