Թեեւ «12» հեռուստաընկերության ռեբրենդինգը, որն ապրիլի վերջին ներկայացավ որպես ժամանցային նոր հեռուստաալիք, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի համոզմամբ հեռարձակման արտոնագրի պայմանների խախտում չէ, հեռուստաընկերության՝ լիցենզիայի պայմանների շրջանակում գործելու մասին կարծիքները միանշանակ չեն:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) մեկնաբանությամբ՝ հեռուստաընկերությունը տեղեկացրել է իրականացվող ծրագրային քաղաքականության վերակառուցման վերաբերյալ եւ այդ գործընթացը գտնվում է ՀՌԱՀ-ի վերահսկողության ներքո:
«Այս պահի դրությամբ միանշանակ չկա օրենքի խախտում: «Լայմ» հեռուստաընկերությունը ժամանակ է խնդրել՝ հեռուստաընկերությունը զարգացնելու, լրատվական բլոկի հետ կապված թարմություն մտցնելու, նոր ծրագրերով եւ առաջարկություններով ներկայանալու համար: Մենք ուշիուշով հետեւում ենք, թե ինչքան կտեւի եթերի փոփոխությունը», ասում է ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանը:
Նրա խոսքերով՝ հեռուստաընկերությունը աստիճանաբար է վերափոխվում եւ ժամանցային հաղորդումներից բացի ապահովելու է նաեւ լրատվություն՝ ներկայացնելով տնտեսական, մայրաքաղաքային եւ միջազգային նորություններ:
Նախկինում «Հայ TV», հետո «12» անվանումով ներկայացող հեռուստաընկերությունը, մասնակցելով 2010 թվականին կայացած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման լիցենզիայի մրցույթին, արտոնագիր է ստացել ընդհանուր ուղղվածության, մայրաքաղաքային սփռման հաղորդումների համար: Ապրիլի վերջից հեռուստաընկերությունը եթեր դուրս եկավ նոր՝ «Լայմ» անվամբ եւ լոգոյով՝ ներկայանալով որպես «ժամանցային նոր հեռուստաալիք»:
Մեդիամաքսին տված հարցազրույցում հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Բագրատ Գրիգորյանն ասել էր, թե «հեռուստաընկերությունն ունի ընդհանուր ուղղվածություն, որի մեջ մտնում է ժամանցը, երաժշտությունը, սպորտը, կինոն, լրատվությունը` կապված շոու-բիզնեսի հետ: Քաղաքական լուրեր եւ հաղորդումներ չենք ունենալու»:
Ավելի ուշ Բագրատ Գրիգորյանը նշել էր, որ հեռուստաընկերությունը իր ուղղվածությունը չի փոխել, պարզապես նոր կոնցեպցիայի իրականացումը սկսվել է ժամանցային բաղադրիչից, ինչը կրեատիվ քաղաքականության մի տարր է:
«Ռեբրենդինգի փուլում մեզ մոտ ընդհանուր ուղղվածության շրջանակներում որպես առաջին վերափոխվող բաղադրիչ ընտրվել է ժամանցայինը: Սա ընդամենը առաջին փուլն է, բայց կան 2-րդ, 3-րդ փուլեր, որի ընթացքում բոլոր բաղադրիչները կվերամշակվեն եւ կներկայացվեն նորովի, նոր թարմությամբ եւ նոր դեմքերով: Օրինակ, շատ կարճ ժամանակում մեր եթերում կտեսնեք լրատվական, ընդհանուր ուղղվածության եւ այլ բնույթի հաղորդումներ».- ասել է նա:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, ով հեռուստաընկերության ուղղվածության խնդիրը բարձրացրել էր իր հոդվածում, գտնում է, որ հեռուստաընկերության ուղղվածությունը վերջնական տեսքի պետք է գար դեռեւս անցյալ տարի:
«Ռեբռենդինգի եւ մնացյալի համար իրենք մեկ ու կես տարի ժամանակ ունեին, մրցույթներն ավարտվել են 2010 թվականի դեկտեմբերին: Իրենք հաղթել են ընդհանուր ուղղվածության եւ իրենց տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող (մայրաքաղաքային) ուղղվածության մրցույթում: Հետեւաբար հեռուստաընկերությունը մրցույթի անցկացումից վեց ամիս հետո արդեն ամբողջությամբ այդ ուղղվածության պիտի լիներ», -ասում է մեդիա փորձագետը:
Մեսրոպ Հարությունյանի համոզմամբ՝ հեռուստաընկերությունը չի անդրադառնում երեւանցիներին հուզող խնդիրներին՝ հակառակ Բագրատ Գրիգորյանի այն պնդմանը, թե «Լայմը» լուսաբանում է մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող թեմաները՝ «ուղիղ եթերով լուսաբանվել է «Վերջին զանգը», իսկ ավելի վաղ լուսաբանվել են մայրության և գեղեցկության տոներին նվիրված մայրաքաղաքային միջոցառումները»:
«Վերջին երեք ամսում Երեւան քաղաքի բնակչության հուզող խնդիրներից էին, օրինակ, Մաշտոցի պողոտային կից պուրակում տեղի ունեցող իրադարձությունները, Ծածկած շուկայի կամարների քանդման խնդիրը, անդրադարձե՞լ եք դրանց: Սրանք, իհարկե, ընդհանուր խնդիրների մեկ մասն են: Էլ չեմ ասում, որ ընդհանուր ուղղվածությունը ենթադրում է, որ դու պիտի ունենաս հասարակական-քաղաքական լրատվական ծրագիր»,- ասում է նա:
Մեդիա փորձագետը գտնում է, որ հեռուստաընկերությունը խախտել է լիցենզիայի պայմանները, իսկ ՀՌԱՀ-ը անտեսում է դա:
«Ես կարող եմ միայն հերթական անգամ փաստել, որ ՀՌԱՀ-ը հեռուստաընկերություններին պատժում է ընտրովի: «Կենտրոն»-ին պատժեց ուղիղ եթերի համար, մյուս խնդրի համար կարճեց, մեկին կարող է պատժել, մյուսին՝ ոչ: Կարող եմ ենթադրել, որ այս հեռուստաընկերությանը չի պատժում, որովհետեւ հնարավոր է՝ հեռուստաընկերությունը հզոր սեփականատեր կամ հովանավոր ունի»,- ասում է նա:
Իրավաբան Մովսես Հակոբյանի խոսքերով՝ լիցենզիայով թույալտրելի գործունեությունից շեղվելը եւ՛ լիցենզիայի, եւ՛ օրենքի խախտում է:
«Սակայն եթե այս դեպքում լիցենզավորված անձը չի մերժում եւ ինքնագլուխ չի փոխում ուղղվածությունը, այլ ընդամենը ասում է, որ պատրաստվում է այդ ընթացքին, ես դրա մեջ խախտում չեմ տեսնում»,- ասում է իրավաբանը:
Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակման արտոնագրի մրցույթին ներկայացրած հայտում «Հայ TV» հեռուստաընկերությունը պարտավորվել է մինչեւ 2020 թվականը եթերի 70-80%-ը ապահովել սեփական արտադրության հաղորդումներով՝ այդ թվում հեռարձակելով լրատվական, բանավիճային, սպորտային, մայրաքաղաքի բնակչությանը հուզող հարցերի վերաբերյալ հաղորդումներ:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: