Կապանում գործող «Սոսի» հեռուստաընկերությունը 2015թ.-ից կանցնի թվային հեռարձակման: Կընդլայնվի նաեւ հեռուստաընկերության լսարանը, այն հասանելի կլինի Սյունիքի մարզի ամբողջ տարածքում: Առայժմ հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվում են Կապանում, Մեղրիում, Ագարակում, Քաջարանում եւ հարակից գյուղերում: «Սոսին» գործում է 2000 թվականից, ձեւավորվել է 1996 թվականին ստեղծված «Ձագեձոր» հեռուստախմբագրության բազայի վրա եւ աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ:
«Սոսիի» տնօրեն Վահե Սարգսյանն ասում է, որ իրենք նախատեսում են ավելացնել հեռարձակվող հաղորդումների քանակը, ընդլայնել աշխատակազմը, տեխնիկապես վերազինվել:
Սյունիքում եւս երկու հեռարձակող հեռուստաընկերություն կա. Սիսիանում գործող «Սյունին» եւ Գորիսի «Լաստը», որոնց լիցենզիան ուժի մեջ է մինչեւ 2014թ.-ի ավարտը: Վահե Սարգսյանը չի բացառում, որ ժամանակի ընթացքում կսկեն համագործակցել Սիսիանի եւ Գորիսի հեռուստաընկերությունների հետ: «Մեզ համար հարմար կլինի աշխատել տեղական կայանների հետ, քանի որ դրանք տեխնիկապես ապահոված են, կամ էլ չի բացառվում ուղղակի թղթակցային համագործակցությունը մարզի քաղաքներից` կախված իրադրությունից: Բայց դեռեւս վաղ է խոսել այդ մասին, հստակ դիրքորոշում ներկա պահին չունենք եւ կոնկրետ այդ ուղությմաբ քայլեր չենք ձեռնարկում»,- ասում է «Սոսիի» տնօրենը:
«Սյունի» հեռուստաընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանը նույնպես վաղ է համարում խոսել, թե ինչպիսին կլինի հեռուստաընկերության ճակատագիրը 2015-ից հետո: Նրա կարծիքով մեկ հեռարձակվող հեռուստաընկերությունը ամբողջ Սյունիքի մարզի համար բավարար չէ: Նրա կարծիքով միայն «Սոսին» չի կարող նորմալ եւ արդարացի ձեւով լուսաբանել Սիսիանի եւ մարզի մյուս քաղաքների կյանքը` հատկապես մարզին բնորոշ աշխարհագրական ոչ նպաստավոր դիրքը հաշվի առնելով:
«Սյունիի» հաղորդումները հեռարձակվում են Սիսիանում եւ մոտակա մի քանի գյուղերում: «Շարունակում ենք աշխատել. լուսաբանում ենք տարածաշրջանի խնդիրները, տեղական կյանքն ու իրադարձությունները: Եթե «Սոսիի» հետ փոխհամաձայնության գանք` ապա 2015-ից միգուցե համագործակցենք», – ասում է Արայիկ Հարությունյանը:
«Սոսիի» հետ պատրաստ է համագործակցել նաեւ Գորիսի «Լաստ» հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը: Այս հեռուստակայանի հաղորդումները հասանելի են Գորիսի ու մոտակա գյուղերի բնակիչների համար:
«Ներկայումս համագործակցում ենք «հ2»-ի հետ եւ կողմ ենք նաեւ հետագայում մարզային հեռուստաընկերության հետ աշխատել», – ասում է Ալվարդ Մեսրոպյանը:
Մերի Սողոմոնյան, Կապան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: