2011.10.17,

Նյուսրում

«Սիվիլնեթ» եւ «Օրակարգ». նոր լրատվամիջոցներ հայկական մեդիա դաշտում

Մեդիա դաշտը համալրվեց նոր հեռուստատեսությամբ եւ օրաթերթով:

Մոտ մեկ ամիս առաջ «Սիվիլիթաս» հիմնադրամը մեկնարկեց երկու նոր մեդիա նախագիծ՝ «Սիվիլնեթ» օնլայն հեռուստատեսությունն ու «Օրակարգ» տնտեսական օրաթերթը:

«Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը գտնում է, որ այս լրատվամիջոցներն այլընտրանք են հայկական մեդիա դաշտում գործող այլ լրատվամիջոցներին թե՛ ոճով, թե՛ բովանդակությամբ:

«Մենք տաբու թեմաներ չունենք եւ որեւէ անձի քաղաքական շահ չենք պաշտպանում: Մենք խոսում ենք այնպիսի քաղաքական գործիչների հետ, որոնց կարծիքը հաստատ չենք կիսում, բայց խոսում ենք, քանի որ հարգում ենք մեր ընթերցողին եւ ունկնդրին»,- ասում է նա:

Սալբի Ղազարյանի խոսքերով՝ նորաստեղծ լրատվամիջոցներն ակնկալում են մասնակցել Հայաստանի հասարակական-քաղաքացիական երկխոսության ընդլայնմանը եւ ավելի արդյունավետ բարեփոխել շրջակա միջավայրը: Իսկ ինտերնետով հեռարձակվելու ընտրությունը պայմանավորված է իրենց թիրախային լսարանով:

«Այն երիտասարդ, պրոֆեսիոնալ սերունդը, որն ուզում է ինչ-որ ձեւով իրազեկվել իր ուզած թեմաների շուրջ, ինտներնետն է[[wysiwyg_imageupload:113:]] օգտագործում: Ի վերջո, ինտերնետն այս դարի միջոցն է»,- ասում է Սալբին:

2000 տպաքանակ ունեցող «Օրակարգ» օրաթերթը նույնպես նպատակ ունի հրապարկել անաչառ եւ տարբեր կարծիքներ պարունակող տեղեկատվություն՝ առանց որեւէ «օրակարգ» հետապնդելու:

Թեւ թերթը լուսաբանում է հասարակական-քաղաքական կյանքը, մշակույթը եւ սպորտը, այն կոչվում է տնտեսական, քանի որ 8 էջերից գրեթե կեսը անդրադարձ է տնտեսական թեմաներին: «Օրակարգի» խմբագիր Կարեն Հարությունյանը գտնում է, որ ընթերցողին հարկավոր է մատուցել օբյեկտիվ եւ քաղաքականությունից զերծ տնտեսական լրատվություն:

«Այդուամենայնիվ, չենք կարող ասել, որ սա կարող է զանգվածային թերթ դառնալ:  Մեր պատկերացմամբ՝ մեր արտադրությունը սպառող կոնտինգենտը կրթական բարձր ցենզ ունեցող միջին խավն է, որը պահանջարկ ունի լսելու ոչ թե այն, ինչ իրեն հաճելի, է, այլ այն, ինչ մոտ է իրականությանը»,- ասում է նա:

Կարեն Հարությունյանի խոսքերով՝ «Սվիլիթասի» հետ պայմանավորվածություն կա, որ խմբագրությունն անկախ է նյութերի ընտրության եւ լուսաբանման հարցում:

«Եկել ենք սկզբունքային համաձայնության, որ տնօրինությունը չպետք է խառնվի թերթի առօրյա գործունեությանը՝ անգամ այն՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը մեզ մոտ կհրապարակի իր հոդվածը, թե ոչ, որոշում է խմբագրությունը: Սա զարգացման կարեւոր նախապայման է»,- ասում է նա:

[[wysiwyg_imageupload:115:]]Երեւանի մամուլի ակումբի մեդիա փորձագետ Հայկակ Արշամյանի խոսքերով՝ որքան էլ ասեն, որ լրատվամիջոցներն ուղղված են քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժամանակակից աշխարհում մեդիան նաեւ քաղաքականություն է. չկա մեդիա, որ քաղաքկանության մեջ չլինի:

Նա գտնում է, որ «Սիվիլնեթն» ու «Օրակարգը» քաղաքական նախագծեր են, որոնց հիմնական նպատակը հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանին քաղաքականություն բերելն է:

«Նախկին արտգործնախարարը միանգամից երկու մեդիայիով մտավ մեդիա դաշտ: Այսօր բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, որ առանց մեդիայի քաղաքական դաշտում լուրջ տեղ չեն կարող ունենալ: Ու քանի որ այս պարագայում Օսկանյանը հեռուստատեսության լծակների չի տիրապետում, ճիշտ է արել, որ երկու մեդիա է բացել»,- ասում է նա:

Հայկակ Արշամյանը գտնում է, որ անկախ ամեն ինչից՝ նոր՝ հատկապես ֆինանսապես կայուն լրատվամիջոցների գոյությունը դրական քայլ է մեդիայում բազամակարծություն ապահովելու առումով: Փորձագետի կարծիքով, սակայն, կապված մամուլի զարգացման հեռանկարների բացակայության հետ՝ «Օրակարգ» օրաթերթը ժամանակավոր կյանք կունենա եւ ընտրությունների նախաշեմին որպես ֆլայեր ծառայելուց հետո կփակվի:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *