2011.09.08,

Նյուսրում

Արգելանք խոսքի ազատության վրա. նոր հայցադիմում «Հրապարակի» դեմ

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին: Հայցի հիման վրա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի որոշմամբ՝ կալանք է դրվել օրաթերթի գույքի վրա, արգելվել է նաեւ դատական գործի հետ կապված որեւէ տեղեկություն տարածել, հրապարակումներով հանդես գալ:  

Օրաթերթի դեմ հարցուցված դատական գործի մասին խմբագրությունը տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) աշխատակիցը գնացել է խմբագրություն՝ դատարանի որոշումը կատարելու:

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանն ասում է, որ չի ստացել ո՛չ հայցադիմումը, ո՛չ դատարանի որոշումը: Նա ենթադրում է, որ դատական հայցը կարող է կապված լինել  Միսակ Մարտիրոսյանի մասին հրապարակումների հետ, որոնցում գրված է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մի շարք դատական ծառայողների կողմից ուղղված նամակի բովանդակությունը, թե «Միսակ Մարտիրոսյանը զբաղված է միայն Դատական դեպարտամենտում կաշառակերության զարգացմամբ»:

«Ես նույնիսկ չգիտեմ, թե թերթին ինչում են մեղադրում», -ասում է նա:

Արմինե Օհանյանի խոսքերով՝ սա հակասահմանադրական, գրաքննություն սահմանող որոշում է, որն արգելում է վեճի հետ կապված որեւէ տեղեկատվություն տարածել մինչեւ գործով վերջնական ակտ կայացնելը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը նույնպես գտնում է, որ դատավորի որոշումը հակասահմանադրական է:

«Խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել միայն օրենքով, իսկ նման օրենք մենք հիմա չունենք»,- ասում է իրավաբանը:

Օլգա Սաֆարյանի խոսքերով՝ այսօր իրավական ակտ չկա, որը սահմանափակում է սահմանադրական նորմը, եւ նման հայցի ապահովումը լրիվ անօրինակ ու հակասահմանդրական է:

«Տվյալ դատական գործի վերաբերյալ  հրապարակումներով հանդես գալն արգելելը նշանակում է, որ լրատվամիջոցն անգամ չի կարող հրապարակել դատական նիստի օրն ու ժամը: Արգելք են դրել, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ինչ է կատարվում տվյալ գործով, տաբու են դրել»,- ասում է նա:

Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը բաց նամակով դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նշելով, որ հրապարակումներով հանդես գալու արգելանքը խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է:

Փորձագետը գտնում է, որ դատավորն այդ որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որով ամրագրված է խոսքի ազատության իրավունքը, եւ ոտնահարել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է գրաքննությունը եւ որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ:

Մեսրոպ Հարությունյանը նշում է նաեւ, որ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման այս աղաղակող փաստը պետք է արաժանանա խիստ դատապարտման, նախարարի կողմից պետք է կիրառվեն համապատասխան միջոցառումներ, որպեսի այն վերացվի ու այլեւս երբեք եւ որեւէ մեկի կողմից չկիրառվի, ինչքան հզոր պաշտոնյաների շահերը պաշտպանելուն էլ որ այն միտված լինի:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *