ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Երկիր» օրաթերթի: Պատգամավորը գտնում է, որ օրաթերթի հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» հոդվածաշարում իր մասին հրապարակումը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը:
Նա պահանջում է 3 միլիոն 568 հազար դրամի փոխհատուցում. 3 մլն դրամը` վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի, 500 հազարը` փաստաբանական, 68 հազարը` դատական ծախսերի համար:
Նախնական դատական նիստը կկայանա մարտի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
«Երկիր» օրաթերթի հունվարի 13-ի համարի «131 դեմք ու դիմակ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ օրաթերթը փետրվարի 5-ին գրել էր, որ պատգամավորը նամակ է ուղարկել խմբագրություն` պահանջելով ամբողջությամբ հրապարակել այն։
«Շատ գրագետ, մաքուր հայերենով, կիսահրապարակախոսական-կիսափիլիսոփայական էսսե, ուր փառաբանում է իր երիտասարդության տարիների «Երկիր» օրաթերթը եւ փնովում նորը։ Նաեւ մի տեղեկանք է ուղարկել Հրանտ Բագրատյանի ստորագրությամբ. վերջինս ժխտում է, թե ինքը ինչ-որ ժամանակ Տիգրան Արզաքանցյանի մասին ասել է. «Էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում»»,- գրել էր «Երկիրը»։
Օրաթերթն Արզաքանցյանին առաջարկել էր հրապարակել նամակը պայմանով, որ պատգամավորն «այցելի խմբագրություն եւ սպիտակ թղթի առջեւ նույնքան գեղեցիկ հայերենով գրի նույն նամակը»:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: