2011.02.16,

Նյուսրում

«Ա1+»-ը հրապարակեց «Արմնյուզի» մրցութային փաթեթի խախտումները. նոր հայց ընդդեմ ՀՌԱՀ-ի

«Ա1+» հեռուստաընկերությունը հրապարակեց «Արմնյուզ» հեռուստաընկերության մրցութային փաթեթում հայտնաբերած հակասություններն ու խախտումները:

«Արմնյուզ» ՓԲԸ-ն ներկայացրել է «Ամերիա» բանկի կողմից իրեն 500 միլիոն դրամ վարկ ստանալու պատրաստակամությունը հավաստող փաստաթուղթ, բայց բանկի տրամադրած տեղեկանքում նշվում է, որ իրենք գումարը պատրաստ են տրամադրել «Արմնյուզ» ՍՊԸ-ին: Իսկ «Արմնյուզ» ՍՊԸ, հարցումները պարզեցին, իրականում, գոյություն չունի: Այսինքն` տեղի է ունեցել խախտում` գոյություն չունեցող ՍՊԸ-ին տրամադրված գումարը իր փաթեթում օգտագործել է «Արմնյուզ» ՓԲԸ-ն»,- հայտարեց «Ա1+»-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Նրա խոսքերով՝ ՀՌԱՀ-ը, հաշվի չառնելով, որ «Արմնյուզ» ՓԲԸ-ն չունի ֆինանսական հավաստագիր իր ծրագրերն իրականացնելու համար` թիվ 96-Ա որոշմամբ նրան հաղթող է ճանաչել:

«Ա1+»-ը պարզել է նաեւ, որ «Արմնյուզի» ներկայացրած աշխատակիցներ ներկայացված են նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության մրցութային փաթեթում: «Արմենիա»-ն որպես իր աշխատակիցներ է ներկայացրել նաեւ այն դերասաններին, որոնք նկարահանվել են սերիալներում եւ մասնակցել հաղորդումներին:

«Արմնյուզի» փաթեթում նշված է, որ եթերային մասնագետ Գրիգոր Խաչատրյանը աշխատում է հեռուստաընկերությունում 2001թ.-ից , մինչդեռ, ըստ մրցութային փաթեթում առկա պետռեգիստրի տեղեկանքի, հեռուստաընկերությունն ստեղծվել է 2002թ.-ին:

Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով՝ հանձնաժողովը կամ նկատել եւ անտեսել է այս թերությունները, կամ չի կարդացել հաղթող ճանաչված հեռուստաընկերության մրցութային առաջարկը:

«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը գտնում է, որ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը ձեռնոց է նետել իրեն, եւ ինքը, որպես պատասխան, փետրվարի 21-ին հայցով դիմելու է դատարան՝ պահանջելով  ճանաչել «Ա1+» հեռուստաընկերության խախտված իրավունքը եւ չեղյալ համարել ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը, որի համաձայն՝ թվային ցանցի միջոցով հեռարձակման թիվ 11 մրցույթում հաղթող էր ճանաչել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *