Այսօր կայացավ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպվող Նա/Նե ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը, որին այս տարի ներկայացվել է ավելի քան 100 լրագրողական աշխատանք՝ «Հեռուստատեսային նյութ», «Տպագիր հոդված», «Ռադիոնյութ», «Առցնանց եւ բլոգում տեղադրված հոդված», «Լուսանկարչական աշխատանք», «Սոցիալական եւ առեւտրային գովազդ», ինչպես նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից այս տարի հայտարարաված նոր՝ «Ուսանողական աշխատանք» անվանակարգերում:
Մրցույթին ներկայացված նյութերը պետք է անդրադառնային քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին, խնդիրներին եւ գենդերային բռնությանը՝ այս ամենը դիտարկելով տղամարդկանց եւ կանանց հավասարության տեսանկյունից: Նա/Նե-ի նպատակն է խրախուսել այս թեմաներով նյութերի լուսաբանումը տարվա ընթացքում:
«Չնայած շատերն են խոսում կնոջ հավասարության, դերի մասին, բայց ամեն ինչ ներկայացվում է նեգատիվ դաշտում, իսկ այս մրցանակաբաշխությունը փորձում է հայտնաբերել այն կանանց, ովքեր առաջատար են, հաջողակ են, փորձում է ներկայացնել նրանց անաչառ ձեւով, լուսաբանել կնոջ եւ տղամարդու հավասարությունը»,- ասում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Նրա խոսքերով՝ տարվա միտումներից ելնելով՝ մեկ թեման կարող է գերակշռել նյութերում. այս տարվա նյութերը հիմնականում գենդերային բռնության թեմայով են եղել:
Քանակական առումով՝ նյութերի թիվը կրկնապատկվել է, որակական առումով, Արեւիկ Սարիբեկյանի խոսքերով, դեռ շատ գործ կա անելու:
«Ժյուրիի անդամների կողմից միշտ բողոք է լինում. կան գործեր, որոնք շատ լավ են մատուցված, բայց թեման չի համապատասխանում, եւ հակառակը, շատ լավ թեմաներ, որտեղ լրագրողական աշխատանքն է թույլ: Հուսով եմ՝ տարիների ընթացքում այդ երկուսն իրար հետ կմիաձուլվեն»,- ասում է Արեւիկ Սարիբեկյանը:
Մրցույթի ժյուրիի անդամ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը գնտում է, որ լրագրողների կողմից ներկայացրած նյութերն այնպիսին էին, ինչպիսին մեր ԶԼՄ-ների վիճակն է:
«Մի խնդիր կար հստակ. թեման լավն էր, բայց մատուցման ձեւը՝ վատ: Պետք է հաշվի առնել մասնակիցների տարիքը եւ նրանց ունեցած փորձը: Կարծում եմ՝ այդ տարիքում եւ քիչ փորձով լրագրողներից կատարյալ որակ չես կարող ակնկալել: Մրցանակակիրների մեծ մասը երիտասարդներ էին, նորավարտ: Այս տարիքային խումբը կազմում է գրեթե բոլոր լրատվամիջոցների աշխատակազմը: Նրանց շատ չեն վճարում եւ որակապես էլ այդքան շատ չեն պահանջում, արդյունքում ունենում ենք այն, ինչ հնարավոր է ունենալ այդ միջոցներով»,- ասում է Սուրեն Դեհերյանը:
Լուսանկարը՝ youth.am կայքի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: