Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի դատական նիստը հետաձգվեց հայցվոր կողմի դատարան չներկայանալու պատճառով:
Օրաթերթն անցյալ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած 3 հրապարակումով հայտնել էր, որ Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերություններին:
Բացի այդ` Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում: Թերթը նաեւ գրել էր, թե իրականում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը:
Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչը նամակ է գրել «Ժամանակի» խմբագրությանը` նշելով, թե հիշյալ հրապարակումներում տեղ են գտել «ոչ ստույգ տեղեկություններ», եւ խնդրել է հերքել «փաստացի անճշտությունները»: Թերթը տպագրել է հերքումը, սակայն Քոչարյանները դիմել են Կենտրոնի դատարան: Նրանք 6 միլիոն դրամի փոխհատուցում են պահանջում «Ժամանակ» օրաթերթից՝ վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի համար:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: