Tiktok․ ուղեցույց ծնողների համար

author_posts/lusine-grigoryann
Լուսինե Գրիգորյան

Մեդիագրագիտության մասնագետ, լրագրող

Սոցիալական ցանցերը շատ են և արագորեն ավելանում ու ծավալվում են։ Tiktok-ը պատանիների շրջանում ամենատարածված հավելվածներից է, որը ծնողներից շատերին անծանոթ ու անհասկանալի է։ Այս ուղեցույցը կպատասխանի մի քանի հարցերի և կտա ծնողներին հուշումներ՝ հարթակն ավելի լավ հասկանալու և երեխաներին ճիշտ ուղղորդելու համար։  

Tiktok-ն անվճար սոցիալական մեդիա հավելված է, որը թույլ է տալիս անմիջապես հեռախոսից դիտել, ստեղծել և տարածել տեսանյութեր, հիմնականում՝ երաժշտական ձևավորմամբ, հայտնի երգերի ուղեկցությամբ։ 

Tiktok-ը համադրել է պատանիների սիրելի երեք այլ հավելվածների հնարքները․ ինչպես Dubsmash–ում, այստեղ էլ օգտատերերը կարող են հայտնի երգերի կրկնօրինակմամբ ստեղծել իրենց տեսանյութերը, Vine-ի նմանությամբ՝ հնարավոր է ստեղծել կարճ, զվարճալի, վարակիչ տեսանյութեր։ Ինչպես Յություբը, Tiktok-ն էլ առաջարկում է տեսանյութերի շուրջ համայնք ձևավորել, շփում ստեղծել հետորդների հետ, անգամ՝ զուգերգեր ստեղծել։ 

Այստեղ հնարավոր է մի քանի հարյուր հազար դիտումներ ունենալ մեկ հաջողված տեսանյութով և հայտնի դառնալ մեկ գիշերում։ Մյուս կողմից՝ օգտատերերը հայտնվում են մեծ ծավալի վիդեո բովանդակության միջավայրում, որն իրենք գրեթե չեն կառավարում։ Եվ սա է, որ մտահոգում է ծնողներին և մասնագետներին, որոնք չգիտեն, թե ինչ տեսանյութեր է դիտում երեխան, ինչպես է դա հնարավոր վերահսկել։ Շատերը նաև ուղղակի ժամանակի վատնում են համարում Tiktok-ը, քանի որ հատկապես հայերեն տիրույթում որակյալ բովանդակությունը շատ քիչ է։ 

Tiktok-ն ունի հատուկ ծնողների համար նախատեսված բաժին, որտեղ բացատրում է ծնողական վերահսկողության մեխանիզմները։ Ըստ այդ տեղեկության՝ հավելվածը ծնողներին թույլ է տալիս դնել ժամանակային սահմանափակում, զտել չափահասների համար նախատեսված բովանդակությունը և ապակտիվացնել երեխաների օգտահաշվից անձնական հաղորդագրություն ուղարկելու գործառույթը։ 

Այդ բոլորի համար անհրաժեշտ է ակտիվացնել «Ընտանեկան կցում» գործառույթը (family pairing), ապա կարող եք սահմանափակումներ ներդնել և հետևել երեխայի Tiktok-ան հաշվին։ Ակտիվացնելու համար ծնողնը պետք է ներբեռնի Tiktok հավելվածը, հաշիվ ստեղծի։ Իսկ երեխան պիտի իր հեռախոսով մուտք գործի Tiktok։ 

Երկու հեռախոսներում մտեք Content & activity կարգավորումները՝ Family pairing-ը ակտիվացնելու համար։ Երեխան պիտի սկանավորի QR կոդը, որ հայտնվում է ծնողի հեռախոսի էկրանին։  

Ահա մի քանի գործողություն, որ հնարավոր է անել «Ընտանեկան կցում»-ն ակտիվացնելով։  

Ժամանակի կառավարում․ սա թույլ է տալիս սահմանափակել հավելվածում անցկացրած ժամանակը։  

Սահմանափակ ռեժիմ․ սա ակտիվացնելով սահմանափակում եք չափահասների համար նախատեսված տեսանյութերը, բայց դա ամբողջությամբ չի ապահովագրում ոչ ցանկալի բովանդակությունից։   

Անձնական հաղորդագրություններ․ Tiktok-ի օգտատերերը կարող են անձնական հաղորդագրություններ ստանալ և ուղարկել 16 տարեկանից սկսած։ Ծնողը կարող է վերահսկել կամ արգելափակել այս գործառույթը նաև 16 տարեկանից հետո։

Մեկնաբանություններ․ կկարողանաք վերահսկել, թե ովքեր կարող են մեկնաբանել երեխայի տեսանյութերը։  

Երեխայի հաշիվը առաջարկել ուրիշներին․ կարող եք թույլ տալ կամ արգելել, որ հարթակը օգտահաշիվը առաջարկի այլ օգտատերերին։  

Tiktok-ի հետ կապված ամենահաճախ տրվող հարցերին պատասխանել է նաև մեդիագրագիտությամբ զբաղվող Commons Sense Media ամերիկյան հասարակական կազմակերպությունը։  

Ինչպե՞ս է աշխատում Tiktok-ը։

Tiktok-ի օգտատերերը գրանցվում են հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցեով կամ այլ ցանցի օգտահաշվով՝ Ֆեյսբուք, Ինսթագրամ: Մուտք գործելով հաշիվ՝ կարող եք որոնել հայտնի օգտատերերի, բաժիններ (կատակերգություն, կենդանիներ, սպորտ) կամ հեշթեգեր՝ տեսանյութեր գտնելու համար։ Կամ կարող եք ձեր հեռախոսային կոնտակտների, սոցիալական ցանցերի ընկերների տվյալներով գտնել Tiktok-ում գրանցված ձեր ընկերներին։ Շատ երեխաներ Tiktok-ում սիրում են տեսանյութ ստեղծել, բայց շատերը որևէ բան չեն հրապարակում՝ հավելվածը պարզապես օգտագործելով բովանդակություն ստեղծողներին գտնելու և հետևելու համար։

Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում օգտվել Tiktok-ից։

Հավելվածից լիարժեք օգտվելու համար Tiktok-ը պահանջում է, որ օգտատերերը լինեն առնվազն 13 տարեկան։ Եթե գրանցվողը 13-15 տարեկան երեխա է, օգտահաշիվը ինքնաբերաբար մասնավոր (private) ու փակ է․ միայն ընկերները կարող են մեկնաբանել տեսանյութերը, իսկ մյուս օգտատերերը չեն կարող զուգերգել երեխայի տեսանյութերի հետ։ 

Միայն 16 տարեկան և ավելի մեծ տարիքի օգտատերերը կարող են ուղիղ եթեր մտնել և անձնական հաղորդագրություններ գրել, իսկ արդեն 18 տարեկանից օգտատերերը կարող են գնել, ուղարկել կամ ստանալ վիրտուալ նվերներ։  

Tiktok-ն ունի նաև 13 տարեկանից փոքր երեխաների համար նախատեսված բաժին, որը ներառում է անվտանգության և անձեռնմխելիության լրացուցիչ գործիքներ։ Երեխաները կարող են տեսնել միայն ուղղորդված, մաքուր տեսանյութեր, և նրանց թույլատրված չէ մեկնաբանել, որոնել կամ հրապարակել սեփական տեսանյութերը։  

Common Sense Media հասարակական կազմակերպությունը խորհուրդ է տալիս օգտվել հավելվածից 15 տարեկանից հետո, հաշվի առնելով անձնական տվյալների զգայունությունն ու մեծահասակների համար նախատեսված բովանդակության հանդիպելու ռիսկը։

Ինչպե՞ս Tiktokի օգտահաշիվը դարձնել փակ։

Tiktok-ի հաշիվը փակ դարձնելու համար անցեք գլխավոր էջ և ընտրեք վերևի աջ անկյունում երեք կետերը «…»։ Ընտրեք «Գաղտնիություն և անվտանգություն» տողը։ Այնտեղ սեղմեք «Փակ հաշիվ»։ Դուք կարող եք ընտրել, թե ով կարող է մեկնաբանություններ թողնել և հաղորդագրություններ ուղարկել և ով կարող է զուգերգել ձեզ հետ։ Օգտագործելով «Ընկերներ» կարգավորումը կամ անջատելով այդ գործիքները՝ լիովին սահմանափակվում եք շփումը անծանոթների հետ։

Ինչպե՞ս ջնջել օգտահաշիվը Tiktok-ում։

Tiktok-ում օգտահաշիվ հեռացնելու համար գնացեք ձեր էջ, հետո ընտրեք «…» պատկերը վերևի աջ անկյունում։ Ընտրեք՝ Կառավարել իմ հաշիվը։ Այնտեղ պետք է ավելացնեք հեռախոսահամար, եթե դեռ չեք արել։ Այն պետք է լինի գործող, քանի որ դրան ուղարկվելու է կոդ՝ նախ հեռախոսահամարը, ապա նաև օգտահաշիվը հաստատելու համար։ Դրանից հետո մենյուում կհայտնվի «Հեռացնել իմ հաշիվը» տողը, որի միջոցով կկարողանաք ջնջել այն:

Ինչպե՞ս կարող եմ օգտվել Tiktok-ից երեխաներիս հետ։

Կարող եք ապահովել պատնեշ երեխաների և կասկածելի բովանդակության միջև՝ բովանդակությունը դիտելով ձեր երեխաների հետ կամ տեսանյութեր պատրաստելով միասին։ Առաջարկեք պահել տեսախցիկը կամ շրջեք՝ սելֆի զուգերգ անելու համար։ Կարող եք հրապարակել այն կամ պահպանել որպես մասնավոր տեսանյութ՝ այնպես, որ միայն դուք կարող եք տեսնել այն։ 

Հավելվածը նաև թույլ է տալիս տարածել տեսանյութերը էլեկտրոնային փոստով, հաղորդագրությամբ կամ սոցիալական այլ հարթակների միջոցով, որտեղ ավելի լավ կարող եք կառավարել, թե ով կտեսնի այն, այնպես որ երեխաները կարող են կատարումներ անել ընկերների ու բարեկամների համար՝ մարդկանց ավելի լայն ցանցի փոխարեն։

Որո՞նք են Tiktok-ի մարտահրավերները։

Tiktok-ի օգտատերերը հաճախ են միմյանց մարտահրավեր նետում։ Դա կարող է լինել երգ, գործողություն կամ պար, որը վարակի պես տարածվում է և կրկնօրինակվում հարթակի այլ օգտատերերի կողմից։ Երբեմն դրանք ինքնաբուխ են, երբեմն էլ կազմակերպված են բրենդերի, երաժիշտների կամ ինֆլուենսերների մարքեթինգային նպատակներով։ 

Բազմաթիվ հայտնի մարտահրավերներ, ինչպես օրինակ, հնարամտորեն բեմադրված Renegade պարային համարը, կամ սառնարանի մոտ թարս հագած հուդիով կատակը անվնաս են, բայց լինում են նաև վտանգավոր մարտահրավերներ, երբ մասնակիցները ֆիզիկապես վնասվում են։  

Կարևոր է, որ սոցիալական ցանցից օգտվելու կանոնները հասկանալի և ընդունելի լինեն երեխայի համար։ Այլապես, եթե երեխան համաձայն չէ, միշտ կարող է թաքուն վերաբեռնել հավելվածը և ստեղծել նոր օգտահաշիվ այլ հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով։ 

Կարևոր է մշտապես զրուցել երեխայի հետ սոցիալական ցանցերի, մեդիայի դերի ու ազդեցության մասին, լսել նրա կարծիքը, քննարկել, ստեղծել վստահության մթնոլորտ և համոզված լինել, որ երեխան հենց ձեզ կդիմի՝ օֆլայն կամ օնլայն միջավայրում որևէ խնդրի բախվելու դեպքում։

Տիկտոկում ու Յություբում հաջողության հասած Շուշան Ստեփանյանն այս տեսանյութում բացատրում է, թե ինչ է Տիկտոկն ու ինչու է ինքը նախընտրում այդ հարթակը։ Ծնողների համար օգտակար է լսել ու հասկանալ երիտասարդների պատկերացումները։

Հայաստանում երեխաների սոցցանցերի օգտագործման փորձին և մասնագետների խորհուրդներին ծանոթանալու համար առաջարկում ենք նաև լսել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Էնցիկլոմեդիա» փոդքասթների շարքի էպիզոդն այդ թեմայով։ 

Լուսինե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *