Մեդիագրագիտությունը որպես «Հասարակագիտություն» առարկայի բովանդակային բաղադրիչ

Մեդիագրագիտությունը այսօր համարվում է կրթության բովանդակության կարևոր բաղադրիչներից մեկը։ Համընդհանուր կրթության համակարգի ներդնումը, տեխնոլոգիաների զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու դարձնում են մեդիայի ակտիվ սպառով և ստեղծող։ Եթե տասնամյակներ առաջ բովանդակություն ստեղծում էին միայն տաղանդավոր մարդիկ, ապա այսօր բովանդակություն ստեղծում են նաև շարքային քաղաքացիները։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ թերթերը ստեղծեցին «Նամակներ ընթերցողներից» բաժինը, որում տպագրում էին ընթերցողների նամակները։ Այսօր սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի ստեղծել բովանդակություն և այն հասանելի դարձնել մեծ թվով մարդկանց։

Նման իրավիճակում շատ կարևոր է սովորողների քննադատական մտածողության զարգացումը, որը հնարավորություն կտա դիմադրել կեղծիք, մոլորություն, մտքի նենգափոխում պարունակող նյութերին, որոնք հաճախ են հայտնվում տարբեր մեդիաներին։ 20-րդ դարի անգլիացի կենսաբան Ջուլիան Հակսլին նշում է. «Կրթության առաջնային նպատակը հասարակական միջավայրի կողմից մարդկանց պարտադրվող անգիտակցական նախապաշարմունքների հանդեպ անընկալունակության ձևավորումն է»։

Մեդիագրագիտության քննադատական մտածողություն զարգացնող բաղադրիչը հատկապես պետք է կարևորվի «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման գործընթացում։ Այդ առումով, առարկայի չափորոշիչների նոր նախագծում կարևորված է մեդիագրագիտությունը։

Մասնավորապես, «Հասարակագիտություն» առարկայի վերջնարդյունքներում ամրագրված են հետևյալ դրույթները.

  1. Ճանաչի մեդիայի ու խոսքի ազատության դերը, որպես ակտիվ քաղաքացի կարողանա օգտագործել մեդիա գործիքները ժողովրդավարական գործընթացներում և մարդու իրավունքների պաշտպանության համար։
  2. Քննադատորեն վերլուծի և ստուգի տեղեկությունները, տարբերի հավաստի ու կեղծ լուրերը։

Շատ ավելի մանրամասն մեդիա գրագիտության վերջնարդյունքները ներկայացված են թեմաների բովանդակության մեջ։ Ներկայացնենք վերջնարդյունքներն՝ ըստ դասարանների.

7-րդ դասարան 

  • 7․3․1․Հիմնավորի մտածողության անհրաժեշտությունը մարդու և հասարակության կյանքում ։
  • 7․3․4․Դրսևորի նախապաշարմունքներին, կարծրատիպերին, անցանկալի ազդեցություններին դիմակայելու, կեղծ լուրերը զանազանելու և դրանց համարժեք արձագանքելու հմտություն

8-րդ դասարան

  • 3.1 Թվարկի մտածողության կանոններ, մոդելներ, մոլորություններ, սխալներ և կատարել դրանց իրավիճակային վերլուծություններ։
  • 3.4 Տարբերակի փաստը և կարծիքը։

9-րդ դասարան

  • 9․3․3․ Հասկանա և բացատրի հասարակական կազմակերպությունների, շարժումների, միությունների, ԶԼՄ–ների և այլ կազմակերպությունների տեղն ու դերը շահերի պաշտպանության, բազմազանության և բազմակարծության ապահովման առումով:

10-րդ դասարան

  • 2.1.Կիրառի մտածողության տարբեր ձևեր, մոդելներ կոնկրետ օրինակների վրա։ 10.2.2.Հիմնավորի քննադատական և ստեղծագործական մտածողության կարևորությունը ժամանակակից աշխարհում։
  • 2.3.Թվարկի մտածողության հմտությունները և յուրաքանչյուրի մասին բերել օրինակներ։

12-րդ դասարան

  • 2.6 Տարբերակի տեղեկատվության նպատակները և դրսևորի դրանք նպատակային օգտագործելու հմտություններ։

Այսպիսով՝ «Հասարակագիտություն» առարկայի բոլոր դասարանների (բացի 11-րդ դասարանից) վերջնարդյունքներում կան մեդիա գրագիտության վերաբերող թեմաներ։  

Այս հաստվածում ներկայացնենք ուսումնական նյութ այն մասին, թե ինչո՞ւ են հնարավոր դառնում մոլորությունների, սխալների, կեղծիքի տարածումը։ Ինչո՞ւ են մարդիկ հավատում դրանց։   

Պատճառ 1. Մարդիկ հակված են տեսնելու, մտածելու բաներ, որոնք իրականում գոյություն չունեն։

Այս թեզի լավագույն ապացույցը Ջ.Կանիզսայի «Եռանկյունու պատրանքն» է։ Ստորև ներկայացվող պատկերին նայելուց հետո, մարդիկ նշում են, որ այդտեղ կա երկու մեծ եռանկյունի։ Սակայն իրականում այս պատկերում եռանկյունիներ չկան։ Մարդիկ պարզապես, իրենց կողմից մտովի ավելացնում են եռանկյունու գոյություն չունեցող գծեր կամ դրանց պակասող մասեր և տեսնում եռանկյունի։ Նույն տրամաբանությամբ, մարդիկ տարբեր իրադարձությունների հավելում են իրենց տեսակետները և այդ ամենը ներկայացնում որպես փաստ։

Պատճառ 2. Մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել։ 2019թ-ին Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային թիմը դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Այդ ժամանակ թիմի կազմում խաղում էր Հենրիխ Մխիթարյանը, որի մասնակցության հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ եզրափակիչ խաղը պետք է կայանար Բաքու քաղաքում։ Ի վերջ։ «Արսենալ» թիմի ղեկավարությունը որոշեց, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու։ Խաղից մեկ օր առաջ սոցիալական ցանցերում հայտնվեց հետևյալ նկարը։ Նկարին կից տեքստում նշվում էր, որ «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքվի մարզադաշտում հայկական քոչարի են պարում՝ աջակցելով Հենրիխին։ Նկարը մեծ արագությամբ տարածվեց հայ օգտատերերի կողմից, քանի որ սա այն էր, «ինչ մենք ուզում էինք տեսնել»։ Բայց պարզվեց, որ իրականում սա ոչ մի կապ չունի քոչարիի հետ և ֆուտբոլային հայտնի վարժախաղ է։

Մարդու մտածողության թույլ կողմերից մեկն այն է, որ երբ մեզ հայտնի է դառնում որևէ տեղեկություն, որը համապատասխանում է մեր ցանկություններին, մենք առանց ստուգելու, մտածելու կարող ենք այն տարածել։

Պատճառ 3. Մարդուն բնորոշ է ուշադրության կուրությունը և թունելային մտածողությունը։ «Կապիկի պատրանք» հայտնի գիտափորձ-տեսանյութում պարզ երևում է, որ մենք կարող ենք չնկատել մեր աչքի առաջ տեղի ունեցող ակնհայտ բաներ, եթե մեր ուշադրությունն այլ բանի վրա է սևեռված։ Այլ կերպ ասած, մենք շատ բաներ տեսնում ենք թունելային-խոշորացված ձևով, սակայն չենք նկատում թունելից դուրս տեղի ունեցողը։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով, մանիպուլյատորները հաճախ մարդկանց ուշադրությունը սևեռում են անկարևոր թեմաների վրա, որպեսզի մարդիկ չնկատեն առավել կարևոր բաները։

Պատճառ 4. Մարդու տեղեկատվական գերբեռնվածությունը։ Ժամանակակից կյանքի բնորոշ հատկանիշներից մեկն այն է, որ մենք ստանում ենք տեղեկատվության ահռելի մեծ պաշար։ Եվ քանի որ անհնար է այդ ծավալի տեղեկույթը յուրացնել, ստիպված ենք ապավինել այլ մարդկանց կարծիքին։ Բացի այդ մարդու գիտելիքների պաշարը սահմանափակ է, ինչը նշանակում է, որ նա շատ սաների մասին չգիտի։ Հենց այդ պատճառով, մարդկանց կարծիքի վրա ազդելու համար տարածվում են տարատեսակ տեղեկություններ, որոնց զգալի մասը չեն համապատասխանում իրականությանը։

Պատճառ 5. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս մարդուն մատուցել անհատականացված տեղեկություններ, որոնք համապատասխանում են նրա կարծրատիպերին։ 2009թ-ից սկսած որոնողական համակարգերը հետևում են, թե մարդիկ ինչ որոնումներ են կատարում համացանցում, ինչ կողմնորոշումներ և նախասիրություններ ունեն։ Այդ ամենի հիման վրա, մարդկանց մատուցվում է այնպիսի տեղեկույթ, որը համապատասխանելով մարդկանց կարծրատիպերին, էլ ավելի են խորացնում դրանք։ Մարդիկ հաճախ տեղյակ չեն, որ կան այլ տեսակետներ, կան այլ դիրքորոշումներ, քանի որ նրանց մատուցվում է ընտրողական տեղեկույթ։ Մարդկանց վրա ազդելու համար օգտագործվում են տարբեր էֆեկտներ։ Օրինակ՝ հայտնի է Հալո էֆեկտը, որի իմաստն այն է, որ եթե մարդու որևէ տեղեկություն կամ ապրանք գեղեցիկ դեմքով մարդու կողմից, ապա մարդիկ ավելի հակված են հավատալու դրան։ Կամ եթե տեքստի ինչ-որ հատված ընդգծված տառատեսակով է գրվում, ապա մարդիկ հակված են դա ավելի ճշմարիտ համարելու։

Պատճառ 6. Մարդուն բնորոշ է իմպուլսիվությունը։ Մարդիկ օժտված են ինտուիցիայով, զգացմունքներով։ Դրանք հնարավորություն են տալիս մարդուն արագ արձագանքելու  ազդակներին։ Ունեցած կենսափորձի վրա հիմնվելով և արագ արձագանքելով մարդիկ հաճախ սխալ քայլեր են կատարում, սխալ որոշումներ կայացնում։ Հենց այդ հանգամանքն են օգտագործում մեդիայում մանիպուլյացիա անող մարդիկ։ Արդյունքում, մարդիկ առանց սպասելու հիմնավորված, բազմակողմանի եզրահանգումներին, անմիջապես արտահայտում են իրենց մոտեցումը։

Ստորև ներկայացնում ենք հարցերի նմուշներ, որոնք օգնում են իրադարձություններն ավելի ամբողջական, քննադատաբար ըմբռնելու և մոլորություններից խուսափելու հարցերում։

  1. Ո՞րն է խնդիրը։ Խնդրի մասին տեղեկությունների հավաքագրում։
  2. Ինչո՞ւ է այդ խնդիրը կարևորվել։ Արդյո՞ք, համաձայն եք, որ տվյալ խնդիրը կարևոր է։
  3. Արդյո՞ք, կան խնդրին վերաբերող մանրամասներ, որոնք հաշվի առնված չեն։ Արդյո՞ք, ինչ-որ կարևոր բան բացակայում է։
  4. Որո՞նք են խնդրի վերաբերյալ Ձեր տեղեկության աղբյուրները։
  5. Ո՞վ է արտահայտվում խնդրի վերաբերյալ։ Ո՞րն է նրա տեսակետը։ Ի՞նչն է ազդում նրա տեսակետի վրա։
  6. Ուրիշ էլ ի՞նչ։ Ուրիշ ի՞նչ գաղափարներ կան և արդյո՞ք առկա են այլ հնարավորություններ։

Հարցերի այս շարքը հնարավորություն է տալիս մեզ ավելի դանդաղ ու հիմնավոր ընկալել տեղեկույթը և ադեկվատ արձագանք ցուցաբերել։

Սերոբ Խաչատրյան, ԵՊՀ դասախոս


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *