2016.10.14,

Մեդիագլոբ

Ճնշման տակ

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Քանի դեռ էլեկտրոնային ինֆոմայրուղիները խեղդվում են թրաֆիքից, վաղ է ամբողջությամբ գնահատել, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ լրագրության համար մի դարաշրջանում, որտեղ արտատպելը, վերազուգակցելն ու սփռելը տարածված երևույթներ են:

Այսօրվա գլոբալ և ցանցային հաղորդակցման միջավայրը փոխել է լրագրության աշխարհը:

Ցանկացած մարդ, որը զինված է ամենասովորական թվային սարքով, հնարավորություն ունի լուրեր ստեղծելու և տարածելու այնպիսի հեշթեգով, որը վայրկյանների ընթացքում կարող է սփռվել ողջ համացանցով: Սա քայքայել է ավանդական, կանոնների վրա հիմնված լրագրությունը, որը հայտնի է սահմանված խմբագրական ֆիլտրացիայով, փաստերի ստուգմամբ և պրոֆեսիոնալ ստանդարտներով:

Քաղաքացիական լրագրությունը և օգտատերերի ստեղծած լուրերը մրցակցում են կեղծ թվիթների ու վիդեոների, անիմացիոն gif-երի և ինքնանվագարկող տեսանյութերի, «հեքթիվիզմի» ու թրոլինգի հետ:

Գլոբալ էլեկտրոնային ինֆոմայրուղիները խեղդվում են թրաֆիքից, մինչդեռ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են օգտվում ինտերնետից: 2015-ի դրությամբ՝ ավելի քան 7 միլիարդ մոբայլ բաժանորդ, սմարթֆոնի 2.3 միլիարդ օգտատեր և ինտերնետին միացած 3.2 միլիարդ մարդ կա:

Ո՞վ կարող է մաղել փաստը հորինվածքից և տարանջատել կիսաճշմարտությունը ճշմարտությունից:
 

Խելահեղություն՝ բոլորի համար անվճար

Թվային ջրհեղեղը բերում է տեղեկատվական գերծանրաբեռնվածության, որտեղ լսելի են դառնում նրանք, ովքեր ամենաբարձրն են գոռում: Այն հանգեցնում է սենսացիաների լուսաբանման՝ զուրկ սթափ վերլուծությունից: Քաղաքական գործիչներն ու ընկերությունները թրոլերի են վարձում՝ սոցիալական մեդիայում իրենց տեսակետները քարոզելու համար: Մեդիայի էկոհամակարգը դարձել է բոլորի համար անվճար խելահեղություն, որտեղ բացականչական տեքստերը վերաիմաստավորում են բանավեճի ու քննարկման սահմանները:

Մինչ լրագրողների և խմբագիրների իշխանությունը քայքայվում է, մարքեթինգի գուրուները լուրերը առաջխաղացնում են որպես համամոդիֆիկացված և բրենդավորված ապրանք:

Բանավեճը դարձել է լրատվամիջոցներից շատերի դրոշմը, որոնք ավելի բարձր ռեյթինգ կամ ավելի շատ թրաֆիքի են ձգտում իրենց կայքերի համար: Կոմերցիոն շահերն ու քաղաքական հովանավորչությունը գնալով սասանում են լրագրության դերը՝ որպես չորրորդ իշխանություն:

Այս կարգի լրագրությունն ավելի շատ է հասանելի դառնում աշխարհով մեկ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում հիմնված այնպիսի լրատվամիջոցների դոմինանտությունը, ինչպիսին ավանդական և ընթացիկ լուրեր լուսաբանող CNN-ն է, New York Times International-ը կամ Time-ը, ֆինանսական լուրեր լուսաբանող Bloomberg-ը, CNBC-ը, Fortune-ը կամ Wall Street Journal-ը, օնլայն պորտալներ Huffington Post-ը, Buzzfeed-ը և VICE-ի, ինչպես նաև սոցիալական մեդիան՝ Google-ը, YouTube-ը, Facebook-ը և Twitter-ը, որոնք ամբողջ աշխարհով տարածում են վերը նշված լրատվամիջոցների արտադրանքը:
 

Ավելի բազմազան, ավելի բևեռացված

Միևնույն ժամանակ, մեդիա ձայների ավելի մեծ բազմազանություն կա շնորհիվ միջազգային լրատվական հեռարձակողների, ինչպիսին է, օրինակ, Քաթարի Al Jazeera English-ը, որը հավակնում է վերականգնելու հարավի մասին լուսաբանման հավասարակշռությունը: Քննադատները, սակայն, համարում են, որ Al Jazeera-ի` Լիբիայում, Եգիպտոսում ու Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումը ավելի շուտ արևմտյան լուսաբանման հավելում է, քան իրական այլընտրանք:

Արևմուտքի զանգվածային լրատվամիջոցների հետ ամենաշատ հակամարտողը Կրեմլի խոսափողն է՝ RT-ն (նախկինում Russia Today): 2005 թվականին գործարկված լրատվամիջոցի՝ արևմուտքի արտաքին քաղաքականության հանդեպ ավելացող քննադատությունը սառը պատերազմի քարոզչություն է հիշեցնում:

Անգլերենից բացի RT-ն հեռարձակվում է իսպաներենով և արաբերենով, լսարանը կազմում է 550 միլիոն: Այն նաև զգալի հետևողներ ունի YouTube-յան ալիքում՝ իր քննադատական, հակասական և հակաարևմտյան տրամադրությունների հեռարձակման շնորհիվ:

Իհարկե, վստահության հետ կապված հարցեր կան ավանդաբար ավտորիտար մեդիա համակարգից ստացված ինֆորմացիայի և վերլուծության հանդեպ, ինչպիսին Ռուսաստանինն է: Սակայն վստահությունը մեծ մարտահրավեր է նաև Արևմուտքի լրատվամիջոցների համար, որտեղ ռեսուրսների և թվային մեդիայի մոնետիզացիայի վերաբերյալ մտահոգությունն ազդում է լրագրության վրա:
 

Վերջնաժամկետ՝ ամեն վայրկյան

Տեղեկատվությունը, որը նախկինում հավաքում և խմբագրում էին պրոֆեսիոնալները, այժմ սոցիալական մեդիայով անվճար տարածում են ոչ կոմպետենտ, վճարվող կամ կամավոր բլոգերներն ու թրոլերը:

Լրատվական կազմակերպությունները ստիպված են նոր լսարաններ գրավել թվային դարաշրջանում, անգամ եթե ամբողջ ուժով փորձում են կառչել իրենց հիմնական ընթերցողներից, ունկնդիրներից և ակնդիրներից: Գնալով ավելի հաճախ ենք տեսնում խոսակցական ոճով, անամոթաբար ինքնավստահ ու վիզուալացված լրագրություն 24/7 միջավայրում, որտեղ լսարանն ակնկալում է ակնթարթային տեղեկատվություն:

Լրագրողները, որոնք դաժանորեն քննադատվում էին համատեքստ չներկայացնելու համար, հիմա «ամեն վայրկյան վերջնաժամկետ ունեն»: Նրանցից ակնկալվում է նաև բլոգ վարել, թվիթել ու տեսանյութ վերբեռնել: Լրագրողները պետք է բազմահմուտ լինեն՝ այս մուլտիմեդիա և մոբիլ դարաշրջանում գոյատևելու համար:

Լրագրությունը, որպես բիզնես, անկում է ապրում: ԱՄՆ մարդահամարի բյուրոյի՝ մարտին հրապարակած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում թերթ հրատարակողների ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 27 միլիարդ դոլար, որը 44%-անոց անկում է 2007-ի համեմատ:
 

Քլիքբեյթ

Ինտերնետում սենսացիոն կամ սադրիչ բնույթի բովանդակություն, որի գլխավոր նպատակը ուշադրություն գրավելն է ու այցելուներին կոնկրետ կայք հրավիրելը:

Լուրերը փոխարինվել են սենսացիոն քլիքբեյթով՝ այցելուներին վեբկայք հրավիրելու նպատակով: Լրագրողներին աշխատանքի ընդունելու փոխարեն մեդիա կազմակերպությունները վարձում են երիտասարդ «թվային բնիկների»` քլիքները մշտադիտարկելու ու հաշվելու, ինչպես նաև էջի այցելությունները մոնետիզացնելու համար: Ընթերցողները փոխակերպվում են սպառողների, որոնց գայթակղում են անընդհատ ավելացող լիսթիքլներով (համարակալում ունեցող հոդվածներ): Սա սովորական գործելաոճ է մեդիա կազմակերպությունների մեծ մասի շրջանում:

Պատճառը պարզ է՝ գեներացնել թրաֆիք և մեծացնել կամ առնվազն պահպանել գովազդից ստացված եկամուտները, որոնք կոմերցիոն լրատվամիջոցների հիմքն են:

Այս բիզնես մոդելն ինքնին հսկայական ճնշման տակ է, քանի որ գնալով ավելի շատ սպառողներ են օգտագործում գովազդ արգելափակող գործիքներ: 2015 թվականին 198 միլիոն օգտատեր նման արգելափակող ծրագիր է տեղադրել: Սա ստիպել է լրատվական կազմակերպություններին լծվելու «բրենդավորված բովանդակություն» առաջխաղացնելու գործին, որն առանց չնչին իսկ հեգնանքի նկարագրվում է որպես «բնիկ գովազդ», որը փոքր տպագիր թերթերում հայտնի է «գովազդային» կամ «վճարովի» նյութ անվամբ:

Քանի որ սա ջնջում է գովազդի և խմբագրական բովանդակության միջև սահմանները, նման պրակտիկայի համատարած և ոչ միշտ բծախնդրորեն կիռարումը կարող է վտանգել լրագրողական ազնվությունն ու արժանահավատությունը: Մինչ լրագրությունն ավելի սովորական է դառնում, այն հարցեր է առաջացնում մանիպուլյացիայի և ոչ էթիկական նյութերի նկատմամբ լուրեր սպառողների զգայունության վերաբերյալ:
 

Իմիջմեյքերների թվի աճ

Տվյալների վրա հիմնված տեղեկատվական համակարգում, որը գնալով ավելի կախյալ է դառնում ալգորիթմներից և լուրերի հավելվածներից, մեդիա կազմակերպությունները դեռևս պետք է յուրացնեն արագորեն փոփոխվող տեխնոլոգիաների և դրանց՝ բամբասանք ու սուտ տեղեկատվություն շրջանառելու կարողությանն առերեսվելու արվեստը:

Խոշոր պետական լրատվամիջոցներից ու կոմերցիոն կազմակերպություններից դուրս՝ կարևոր է նաև ոչ պետական հատվածի իմիջմեյքերների ու քարոզիչների թվի աճը, օրինակ, ծայրահեղականների, որոնք հոլիվուդից ոգեշնչված քաղաքական ու մշակութային ուղերձներն օգտագործում են որպես սոցիալական մեդիայում ու ինտերնետում հավաքագրման գործիք:

Մենք պետք է ամբողջությամբ հասկանանք, թե ինչ քաղաքական հետևանքներ կարող են լինել լրագրության համար մի դարաշրջանում, որտեղ արտատպելը, վերազուգակցելն ու սփռելը տարածված երևույթներ են:

 

Դայա Թուսուն միջազգային հաղորդակցության դասախոս է և Լոնդոնի Վեսթիմինսթր համալսարանի Հնդկաստանի և Չինաստանի մեդիա կենտրոնների համահիմնադիրը: 18 գրքերի հեղինակ է և խմբագիր:

Հեղինակ՝ Դայա Թուսու
Թարգմանությունը՝ Աննա Բարսեղյանի
Բնօրինակը հրապարակվել է Ostpol.de կայքում

Հոդվածը հրապարակվել է n-ost-ի «Translating Worlds» նախագծի շրջանակում: Էսսեների ամբողջ շարքը կարող եք կարդալ այստեղ, ինչպես նաեւ կարող եք միանալ նախագծի ֆեյսբուքյան էջին, որը համախմբում է միջազգային լուրերի լուսաբանման վերաբերյալ միջմշակութային բանավեճով հետաքրքրվող լրագրողներին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *