Սոցիալական մեդիան ավելի, քան երբեւէ հեշտացրել է լրագրողների գործը` իրենց պատմություններով ընթերցողներին զրույցի մեջ ընգրկելու հարցում: Նրանք նաեւ փոխել են մեր պատկերացումները այլ՝ «ոչ սոցիալական» մեդիայի մասին:
Գուցե այդ է պատճառը, որ շատ լրագրողներ այլեւս մոնիտորինգ չեն անում «մեկնաբանություններ» բաժինը: Սրա փիլիսոփայական հիմնավորումն ասում է, որ լրագրողները չեն կարող արդարացիորեն սահմանափակել իրենց ընթերցողների ազատ մտքի արտահայտումը, մինչդեռ լիովին հիմնվում են դրա վրա իրենց աշխատանքի ընթացքում:
Գործնական փաստարկն առավել հոռետեսական է. սահմանափակ ռեսուրսների պատճառով լրագրողները չեն կարող իրենց թույլ տալ ներդրում կատարել «մեկնաբանություններ» բաժնում՝ այդտեղից չունենալով որեւէ ակնկալիք:
Այլընտրանքային մի մոդել է կիրառել Թա-Նեհիսի Քոութս անունով մի լրագրող, ով բլոգ է վարում «Ատլանտիկ» («The Atlantic») օնլայն պարբերականում: Շաբաթական մի քանի անգամ նա իր բլոգը «փոխանցում է» իր ընթերցողներին (“It’s yours…”՝ «Ձերն է» խորագրի տակ)՝ նախապես պնդելով, որ ընթերցողները հավատարիմ մնան բարեկրթության չափանիշներին: Եվ անգամ այս դեպքում այդ 13 նիշանոց գրառումները գրավում են հարյուրավոր խորիմաստ մեկնաբանություններ անողների:
Քոութսը նաեւ վարում է գրքասերների ակումբ եւ հավաքագրում է պատմություններ: Նա անգամ իր մեկնաբանողներից մեկին տեղավորել է աշխատանքի «Ատլանտիկում»՝ որպես թղթակից: Ի տարբերություն այլ սոցիալական մեդիաների՝ մեկնաբանությունների բաժինը ձեւավորում է հավատարիմ ընթերցողների հզոր ցանց: Ուրեմն, որտեղի՞ց պետք է սկսել:
Ձեւավորեք հետաքրքրասեր ընթերցողների մշակույթ, որտեղ գնահատվում է թերահավատությունը
Ամբարտավանությունն ու հավակնությունը խանգարում են շփմանը: Ինտելեկտուալ ազնվությունը անհատական կատեգորիա է, եւ անկեղծ մեկնաբանություն անողը չպետք է իրեն անհարմար զգա իր չիմացության համար («խոսիր ինձ հետ, ինչպես հիմարի հետ»): Մեկի խոցելիությունը կարող է շահագործվել մյուս մեկնաբանողների կողմից, եթե մոդերատորը չմիջամտի: Ձեր ընթերցողները իրենց համար անվտանգ միջավայր ապահովելու հարցում հույսը դնում են ձե՛զ վրա:
Երբ ընթերցողները վստահեն իրար, ավելի շատ եւ հետաքրքիր հարցեր կառաջանան, խելամիտ խոսակցություններ կձեւավորվեն, ընթերցողների միջեւ մտերմիկ հարաբերություններ կհաստատվեն, ինչը նրանց անընդհատ կբերի ձեզ մոտ:
Ժամանակի հետ նրանք կդառնան այդ նոր համայնքի շահառուները, եւ իրե՛նք վեր կհանեն համայնքի շահերը: Ընթերցողները կայցելեն ձեր կայք ձեր մյուս ընթերցողների համար: Բայց առաջին հերթին դու՛ք պետք է օրինակ ծառայեք նրանց համար:
Ընթերցողների կողմից կառավարվող կայքերը, ինչպիսին, օրինակ, Րեդդիթն (Reddit) ու Քուորան (Quora) են, մշակում են զանգվածային մոդելներ՝ գիտելիքների տարածման համար: Րեդդիթի օգտատերերը խստորեն հետեւում են «վարվելակարգի կանոններին», իսկ Քուորան վարձում է մոդերատորներ, որոնց օգնությամբ խրախուսում է բանավեճ-քննարկումները, դրական օրինակելի վարքագիծը եւ բարձրացնում է հետաքրքրությունը:
Բովանդակությունը մեկնաբանություններ անողներն են
Սենսացիոն վերնագրերը գրավում են սենսացիոն ընթերցողներին: Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես են իրենց պահում ձեր մեկնաբանող ընթերցողները, փորձեք հասկանալ, թե ինչն է առհասարակ նրանց բերում ձեր կայք եւ ստիպում զգալ այն, ինչ զգում են: Խնդիրը կարող է ձեր նյութի բովանդակությունը լինել:
Նյութի հեղինակին պետք չէ մեղադրել մեկնաբանությունների բաժնում տեղի ունեցածի համար, թեեւ նա պատասխանատու է դրա համար: Ձեր կայքում տեղ գտած ցանկացած բան ձեր սեփականությունն է: Ձեր հրապարակած բովանդակությունը սահմանում է հռետորական չափանիշներ, ինչին ձեր ընթերցողները պիտի հավատարիմ մնան:
Երբ Apple ընկերությունը ներկայացրեց իր Apple 5-ը, CNET-ը կենդանի լուսաբանում ապահովեց իր բլոգում, ինչի շնորհիվ անչափ հետաքրքասեր ու հարցասեր ընթերցողները լրագրողների հետ նույն տարածքում հայտնվեցին: Վերջիններս ուղիղ կապով նկարներ ու մեկնաբանություններ էին տեղադրում՝ միաժամանակ պատասխանելով ընթերցողների խնդրանքներին:
Վերացնելով ընթերցողների եւ լրագրողների միջեւ եղած պատնեշը՝ սպառողներին ցույց ենք տալիս, որ ակնկալում ենք իրենց մասնակցությունը մեդիաարտադրանքի ստեղծմանը: Մեկնաբանություններ անողները արտացոլում են բովանդակությունը, որովհետեւ, ըստ այս նոր մոդելի, մեկնաբանությունը բովանդակություն է:
Սանձեք վերաբերմունքը, ո՛չ բառերը
Ատելություն պարունակող խոսքերն ու հայհոյանքներն արգելելը բավարար չէ: Անհրաժեշտ է խելամտորեն սահմանել, թե ինչն է արժանի հեռացման, եւ ինչպես կարելի է ավելի խիստ կարգապահություն հաստատել: Անշուշտ, հնարավոր է՝ սխալվեք, ինչը նորմալ է:
Անհայտ հակառակորդի բացահայտումը, ուղղորդող հարցերը, մոլորեցնող հայտարարություններն ու շեղող թեմաներն, իհարկե, ճշգրիտ գիտություն չեն, սակայն դրանք կառուցողական մեկնաբանությունների բաժնում տեղ չունեն: Դուք եք սահմանում, թե քանի «չի կարելի» պետք է ունենա մեկնաբանող ընթերցողը, սակայն միեւնույն ժամանակ խիստ քաղաքականություն պետք է վարեք:
Ցանկացած տեսակի անձնական վիրավորանք, ինչպիսին, օրինակ, ինտելեկտուալ անազնվությունն ու ահաբեկումն է, անընդունելի է: Շատերին չի հաջողվի հետեւել այս կանոններին, անգամ փորձառու մեկնաբանները պարբերական հիշեցումների կարիք են ունենում:
Ընթերցողների կարծիքը անտեսելը շքեղություն է, որ կարող են իրենց թույլ տալ հայտնի լրատվական կազմակերպությունների արտոնյալ լրագրողները: Լսարանի ներգրավվածության լավագույն օրինակները հիմնականում լինում են անկախ բլոգներում, որտեղ այդ հարցը ոչ թե վերացական քաղաքականություն է, այլ էքզիստենցիալիզմ:
Ջոն Շալզը տասը տարուց ավել թղթակցում է Whatever (Ինչ էլ որ) բլոգին, որտեղ նա բառացիորեն սովորեցնում է իր ընթերցողներին՝ ինչպես լինել լավ մեկնաբանող: Նրա մեկնաբանություն անելու քաղաքականությունը ընդարձակ է ծավալային եւ առարկայական առումով:
Լավ էմպիրիկ մեթոդ է մեկնաբանել այնպես, ասես նա, ում գրում ես, կանգնած է քո առջեւ, նման է կիսապաշտպանի, տաքարյուն է եւ ունի հրաշալի իրավաբանական պատրաստվածություն:
Մեկ անգամ զգուշացնելը չի նշանակում մշտապես ապահովված լինել
Երբ այս տարվա սկզբին Talking Points Memo (TPM) ընկերությունը մեկնաբանություններ բաժնում անցում կատարեց Facebook հաղորդակցման համակարգին, Ջոշ Մարշալը գրեց, որ հույս ունի՝ անոնիմության սահմանափակումը կհանգեցնի կայքերում մեկնաբանողների պատասխանատվության զգացումի բարձրացման, քանի որ ցանկացած մեկնաբանություն ուղղակիորեն կկապվի հեղինակի ինքնության հետ:
Այն փաստը, որ մարդիկ գիտեն մեզ, որոշ սահմանափակումներ է դնում, թե որչափ անտաշ, կործանարար եւ հակասոցիալական կարող ենք լինել իրական հանրային վայրերում: Սա հազվադեպ է պատահում մեկնաբանությունների աշխարհում: Եվ դա ակնհայտ է:
Սա խելամիտ տրամաբանություն է, սակայն այն դրամատիկ փոփոխություն չի ապահովում: Ընթերցողների մեկնաբանության եւ ինքնության համադրումը էականորեն չի ազդում նրանց անվայելուչ վարքագծի վրա:
Քոութսը հաստատեց այդ նույն բացահայտումը Reddit-ում՝ հավելելով, որ ինքնության մանդատները կարող են վտանգել որոշ ընթերցողների:
«Խնդիրներից մեկն, օրինակ, լինում է այն, որ միանգամից մի միջավայր է ձեւավորվում , որտեղ պիժոնները հետապնդում եւ անհանգստացնում են կանանց»:
Դժվար է կանխատեսել, թե ինչպես մեկնաբանություն անողները կարձագանքեն քաղաքականության փոփոխությանը: Մեկնաբանությունների քաղաքականությունը շարունակական փորձ է լրատվական կազմակերպությունների ներսում եւ միջեւ: Անկախ այն բանից` դա տեղի է ունենում ընկերության, թե անհատական մակարդակում, այն պահանջում է խելամիտ ինտերակցիա լսարանի հետ:
Նյութերի հեղինակներն իրենց մեկնաբանությունների բաժնի արժեքը պետք է ավելացնեն՝ ընթերցողներ ներգրավելով եւ նսեմացնող գրառումները հեռացնելով: Քոութսն ասում է, որ ինքը բլոգի մոդերացման եւ ընթերցողների հետ շփման վրա պակաս ժամանակ չի ծախսում, քան բուն գրառումների վրա:
Այս բանաձեւը ուրիշ լրատվամիջոցների դեպքում կարող է այլ լինել: Ոմանք անգամ կարող են այս պարտականությունը հարմար գտնել կամավորների համար: Ամենակարեւորն այն է, որ ցանկացած պատասխանատու վերաբերմունք ավելի լավ է, քան բարձիթողի վիճակը:
Լինել 21-րդ դարի լրագրող նշանակում է համակարգել նորությունները, ուրեմն նաեւ՝ մեկնաբանությունները: Լրատվական մեդիան հնարավորություն ունի այլընտրանք առաջարկելու քաղաքական բեւեռացմանը, այն է՝ հնարավորություն ձեւավորելու հռետորական տարածք, ուր գերակայում են իրական եւ քաղաքացիական շփումները:
Եվ երբ լրագրողները հրավիրում են ընթերցողներին իրենց մասնագիտական տարածք զրուցելու, նրանք են սահմանում կանոնները:
Ինչպես նշում է Քոութսը, դա ճաշասենյակ չէ, այլ ընթրիքի հրավերք: Պահեք ձեզ համապատասխան կերպ:
Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում:
Հեղինակ՝ Թայլեր Բորչըրս
Թարգմանությունը՝ Քրիստինա Հարությունյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: