Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու սկզբունքների, դրանց հիմքում վարչական, թե հողօգտագործման (կադաստրային) քարտեզներ կիրառելու մասին քննարկումները վերջին ամիսներին բավականին ակտիվ էին թե՛ մամուլում, թե՛ հասարակության տարբեր խմբերում։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Սեղմագիր» շարքում քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն անդրադարձել է այս խնդիրներին, ներկայացրել դեմարկացիա և դելիմիտացիա տերմինների բացատրությունը, վարչական ու կադաստրային քարտեզների ստեղծման պատմություններն ու խոսել՝ Ալմա-Աթայի հռչակագրի ու ԵԱՀԿ ուղեցույցի մասին։
Դեմարկացիա, դելիմիտացիա
Մենք, դելիմիտացիա ասելով, հասկանում ենք սահմանազատումը, դեմարկացիա ասելով` հասկանում ենք սահմանագծումը։
Դելիմիտացիան կամ սահմանազատումը երկկողմանի պայմանագրային գործընթացներ են, որտեղ երկու կողմերը որոշում են, թե երկու պետությունների միջև ինչ ուրվագծերով է անցնում սահմանը։ Եվ այդ սահմանը փոխանցվում է քարտեզին և ունի համապատասխան նկարագրություն։
Դեմարկացիան արդեն ոչ թե քարտեզի, թղթի վրա պայմանավորվածությունների գործընթացն է, այլ՝ այն սահմանը, որը գտնվում է գետնի վրա:
Քարտեզներ
Քարտեզները ստեղծվել են հիմնականում խորհրդային համապատասխան մարմինների կողմից և դրանք ընդհանուր են բոլոր երկրների համար, որոնք անցել են այս գործընթացով։ Չեն եղել ազգային քարտեզագրական կառույցներ, որոնք ստեղծել են ազգային քարտեզներ։
Հայաստանի և Ադրբեջանի պարագայում ունենք խորհրդային սահմանները, որոնք եղել են ճանաչված վարչական սահմաններ, և խորհրդային փաստաթղթեր, որոնք նկարագրում են այդ սահմանը:
Ունենք խորհրդային սահմանների մասին վարչությունների կողմից ստեղծված քարտեզներ, սրանցից բացի կան նաև հողօգտագործման քարտեզներ։ Եվ այն հանգամանքը, որ վարչական սահմաններն արտացոլող քարտեզներն ու կադաստրային՝ հողօգտագործման քարտեզները ներկայացնում են տարբեր իրավիճակներ, առաջացնում է կոնֆլիկտ։ Այս կոնֆլիկտի մասին հաճախակի ԶԼՄ-ներն են խոսում: Գյուղացիներն էլ ասում են, որ խորհրդային տարիներին իրենք օգտագործել են տվյալ հատվածը, և այն ընդգրկված է եղել իրենց հողօգտագործման քարտեզներում՝ որպես գյուղին պատկանող հող և ինչպե՞ս կարող են այդ հատվածներն անցնել Ադրբեջանին։
Այստեղ չկա ընդհանուր օրենք։ Ընդհանուր օրենքը երկու կողմերի պայմանավորվածություններն են։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: