Փոդքասթի համար մեկուսացումը պատնեշ չէ

Համավարակի ու ինքնամեկուսացման այս ժամանակահատվածը բազմակողմանի ազդեցություն է թողել նաև ռադիոյի և փոդքասթինգի արտադրության, նաև թեմաների ընտրության վրա։

Ձայնային նյութ ստեղծողները ստիպված են առերեսվել այն փաստի հետ, որ կորցնում են իրենց կարևոր գործիքներից մեկը՝ դաշտային ձայնագրությունները։  Եթե պահպանում ենք ֆիզիկական հեռավորություն և մնում տանը, անհնար է ձայնագրիչը մոտեցնել հարցազրույց տվողին 20-30 սմ-ով։

Սակայն, սա չի նշանակում, որ պետք է կանգնեցնել ձայնային նյութերի արտադրությունը, մինչ կավարտվի ճգնաժամը։ Մեկուսացման ընթացքում շատ ավելի կարևոր է դառնում մարդկանց շփում ապահովելը։

Միայնությունը գուցե օգնում է խուսափել վարակից, բայց այն կարող է ոչ պակաս վնաս հասցնել առողջությանը։ Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ միայնությունը 50%-ով բարձրացնում է դիմենցիայի (ձեռքբերովի տկարամտություն), 29%-ով՝ սրտային հիվանդությունների, 32%-ով՝ կաթվածի ռիսկը։

Ռադիոն ամենահին տեխնոլոգիան է, որը ձևավորվել է հենց որպես «ընկեր», օգնել հաղթահարելու միայնության զգացումը։ Այն ամենաստացված կեղծ ընկերներից էր, որը հսկայական ազդեցություն է ունեցել նաև իր ոլորտից անդին:

Օրինակ, երբ ավտոմեքենաները դարձան մասակայան, դրանք կառուցվում էին որպես ձայնային խցիկներ՝ խլեցնելով փողոցային աղմուկը, բարձրացնելով  ռադիոյի ձայնը, օգնելով, որ վարորդները թեթև տանեն խցանումները և լսեն իրենց «ընկերոջը»։

Թեև ընդամենը մեկ ամիս  է, ինչ աշխարհը մեկուսացված է, շատերն են վերադառնում ռադիո-ընկերներին, կամ ավելի անմիջական ընկերոջը՝ փոդքասթին։

Այն խոսում է հենց մեկ լսողի հետ, և պատմություններ պատմում հենց մեկ մեկուսացված մարդուն։

Ինչպես ցույց է տալիս, BBC-ի վիճակագրությունը, ռադիո և փոդքասթ լսողները վերջին մեկ ամսում նախընտրում են լսել ռադիո զրույցներ, ոչ թե երաժշտություն։

Այնպես որ պահանջարկը ավելի քան մեծ է։ Մնում է գտնել ձևեր հաղթահարելու արտադրության խոչընդոտները։

Ինչու ձայնագրել որակով

Գուցե տարօրինակ թվա, բայց ամենակարևորը հետևյալ մանրուքն է․ գիտակցել ձայնի որակի կարևորությունը։

Ըստ ուսումնասիրությունների, դասախոսությունն, օրինակ, ավելի լավ է ընկալվում, երբ այն լսում ենք որակյալ ձայնով։ Մինդեռ անորակ, աղմուկ ու արձագանք պարունակող ձայնագրության բովանդակությունն ընկալելու համար,  լսողը պետք է ներդնի լրացուցիչ ջանք՝ ակամայից կորցնելով կենտրոնանալու կարողությունը։

Այնպես էր, եթե լավ բովանդակություն ունեք, այն հրապարակեք լավ որակի ձայնով։

Փոդքասթերի պարտականությունն է հարցազրույց տվողին խնդրել մի քանի լրացուցիչ քայլ անել՝ հեռավար ձայնագրումը որակյալ դարձնելու համար։ Եթե մեկը համաձայնվել է հարցազրույց տալ հեռակա, հաստատ կհամաձայնվի նաև օգնել տեխնիական հարցում։

Եթե ձայնով աշխատողը մտածում է ձայնի մասին, ուրեմն հարցազրույց տվողը կգնահատի դա ու ինքն էլ լուրջ կվերաբերվի գործին։ Այնպես որ, չարժե ծուլանալ ու ձայնագրել հեռախոսի բարձրախոսից՝ ստանալով արձագանքող ձայն։

Ինչպես ձայնագրել հեռավար

Պարզ մոտեցում է՝ խոսել մեկ գործիքով, ձայնագրել՝ երկրորդ գործիքով։

Կարելի է հարցազրույց տվողի հետ կապվել որևէ օնլայն գործիքով (skype, telegram, whatsapp, google hangout և այլն): Զրույցի ընթացքում կրել ականջակալներ և խնդրել, որ հարցազրույց տվողը ևս լինի ականջակալներով։ Խնդրեք նաև, որ զրույցի համար ընտրի հնարավորինս խաղաղ սենյակ։

Ձեզ ձայնագրեք սմարթֆոնի ձայնագրիչով։ Իսկ հարցազրույց տվողին խնդրեք, որ հեռախոսը դնի օդանավի կարգավորման ռեժիմի վրա (airplane setting) և միացնի հեռախոսի ձայնագրիչը։

Թեև խոսակցությունը տեղի է ունենում համակարգչով, բայց լավ կլինի հեռախոսները պահել ականջին մոտ, որպեսզի ստանաք լավ ու կայուն բարձրությամբ ձայն։

Հարցազրույցի վերջում խնդրեք, որ իր կողմից ձայնագրված ֆայլը ձեզ ուղարկի՝ էլեկտրոնային փոստով։ Այսպես կունենաք ձեր և հարցազրույց տվողի ձայները՝ առանձին ֆայլերով։ Կարող եք դրանք միացնել խմբագրման ժամանակ։

Խորհուրդ տվեք, որ հարցազրույց տվողն անի այս նկարի քայլերը.

Ինչպես տանը ստեղծել ստուդիա

Ձայնագրվեք անաղմուկ, փոքր սենյակում։ Նստեք պատուհանից, նաև դռնից հեռու։ Ցանկաելի է, որ սենյակի հատակին լինի գորգ։ Կարող եք նստել մահճակալի վրա, կամ բազմոցին՝ որևէ փափուկ տեղ. այսինքն, ապահովված կլինի ձայնախլեցուցիչ նվազագույն միջավայրը՝ գործվածքների ու փափուկ մակերեսների միջոցով։ Կարող եք բացել զգեստապահարանի դռները, հագուստը ևս կօգնի ձայնագրությունն անել ավելի մաքուր։

Կարող եք ձեր և միկրոֆոնի վրա քցել սավան։ Սա իսպառ կվերացնի ձայնի արձագանքի հավանականությունը։

Ձայնագրելիս անպայման կրեք ձայնագրիչին միացրած ակաջակալներ։

Ձայնի խմբագրման անվճար գործիքներ

Այս համաճարակի և արտակարգ դրության պայմաններում ProTools և Repeat խմբագրման ծրագրերը դարձել են անվճար կորոնավիրուսից տուժած երկրների համար:

ProTools-ի տրամադրում է անվճար արտոնագիր, մանրամասները՝  այստեղ Repear-ի ժամանակավոր կոդը՝ այստեղ։ Ձայնի խմբագրման բաց կոդով (open source), անվճար  տարբերակ է Audacity-ին, հասանելի բոլոր օպերացիոն համակարգերի համար։ Փոդքասթների հրապարակման անվճար ու պարզ հարթակ է Anchor.fm-ը։ Սա հասանելի է նաև հեռախոսային հավելվածով։

Հեռախոսին փոխարինող ամենապարզ ու որակով գործիքներից է Cleanfeed-ը: Այն ձայնագրման համար օգտագործում է միայն բրաուզեր՝ ցանկալի է chrome:

Գրանցվելուց հետո բացվում է ձայնագրման տողը, որը տալիս է հնարավորություն հրավիրել այլ մարդկանց` սեղմելով connect։  Ձայնը երկու կողմից ստուգելուց հետո սեղմում եք record` ձայնագրել, իսկ վերջացնելուց հետո՝ ներբեռնելու կոճակը։

Եթե չեք ուզում տանջել ձեր զրուցակցին, կարող եք զրույցը ձայնագրել արդեն հայտնի Zoom.us  օնլայն կոնֆերանսներ անցկացնելու գործիքով։ Ֆոլդերում՝ առանձին է ներբեռնվում audio file-ը։

Հեռախոսի հավելվածներով ձայնագրելու համար կարող եք ընտրել ամենահեշտը, anchor.fm-ը:

Եվ բոլոր դեպքերում, ընդունենք, որ մեկուսացումն ու ինքամեկուսացումը բնավ էլ լռության պատճառ չեն: Ընդհակառակը՝ առիթ են հեռավորության վրա զրույցելու ու այդ զրույցներից ստեղծարար ու անհրաժեշտ ձևաչափեր կառուցելու:

Միգուցե հիմա պետքական կդառնա հենց Ձեր ձայնային արտադրանքը, որը կիրազեկի, կհետաքրքրի կամ կզվարճացնի մեկուսի ապրող մոլորակի շատ բնակիչներին:

Քնար Խուդոյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *