Գրադարանում Արա Շիրինյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը համոզված է, որ Հանրայինում շատ բան է փոխվել, բայց այդ փոփոխությունները մնում են հանիրավի չնկատված:

Ըստ նրա՝ պատճառը բացասական իներցիան է, որը դժվար է կոտրել.

«Կարևոր քայլը կատարվել է, այսինքն, տեղից շարժվել է փոփոխությունների լոկոմոտիվը: Բայց դա միակողմանի պրոցես չէ: Թող հեռուստադիտողը չմտածի, որ տանը բազմոցին նստած պիտի հեռուստաէկրանին փոփոխություններ տեսնի… Դա փոխադարձ պրոցես է: Մենք փորձում ենք կոտրել շատ կարծրատիպեր, բայց հասարակությունը նաև իր կողմից պիտի վերանայի կարծրատիպերը»:

Նա վստահ է, որ կան կարծրատիպեր, որոնք փոխվում են մեկ կամ երկու հաղորդմամբ, բայց կան նաև այնպիսի կարծրատիպեր, որ պահանջում են ավելի երկարատև իմաստավորման փուլ: Եվ բարդ է «հաղթահարել մարդու ներսում նստած չկամությունը»:

Նա տեսնում է, որ կա դժգոհություն և հիասթափություն Հանրայինից.

«Անգամ ասում են, որ Հանրայինը շարունակում է մնալ իշխանությունների կամակատարը, բայց դա այդպես չէ, քանի որ իշխանությունները չունեն նման հավակնություններ»:

Որպես գլխավոր ձեռքբերում Արա Շիրինյանը նշում է տեղեկատվական և ժամանցային համամասնության կտրուկ փոփոխությունը (տեղեկատվությունը կրկնապատկվել է): Եվ մի քանի կետով ուրվագծում է դրական փոփոխությունները.

  • կրթական և մշակութային հաղորդումները դարձել են ավելի ստույգ, տարանջատվել են շոու-բիզնեսից,
  • կառավարության որոշումները ոչ միայն լուսաբանվում են, այլև պարզաբանվում, մեկնաբանվում և բանավիճային հաղորդումների միջոցով նաև՝ քննարկվում,
  • Հանրայինի լրագրողներն ավելի ազատ են, կարող են հարցեր տալ առանց կաշկանդվածության,
  • վերացել են տաբու թեմաները,
  • ժամանցային հաղորդումների էությունն է փոխվել, հատկապես սերիալների, որոնք սկզբունքորեն հիմնվելու են գրական ստեղծագործությունների վրա:

«Հանրությունը ակտիվ մասնակից է այն նախախաձեռնություններին, որոնք իրականացվում են Հանրային հեռուստաընկերության հարթակում: Նկատի ունեմ համազգային միջոցառումները»,- Արա Շիրինյանը օրինակ է բերում Ֆրանկոֆոնիայի օրերը, մարաթոնը, ապրիլի 24-ի համերգը և այլն:

Նախկինում ալիքը միայն լուսաբանում էր, իսկ հիմա՝ մասնակից է:

«Մենք ուղղակի ծրագրավորված ենք հանրային ռեակցիան զգալու»,- համոզված է նա:

Հանրային պահանջի ու հանրային շահի տարբերության մասին խոսելիս, նա ասում է. «Միշտ չէ, որ դրանք համընկնում են: Հանրային շահը ձևակերպված կատեգորիա է, իսկ հանրային պահանջը հախուռն է»:

Արա Շիրինյանը որպես հանրային շահի գիտակցված աշխատանք նշում է նաև համավարակի ժամանակ կառավարության նախաձեռնությունների լուսաբանումը:

Եվ վստահեցնում է. «Հանրայինը նույնիսկ իր ավելացված տեղեկատվական ժամաքանակի մեջ ունի բավականաչափ հաղորդումներ, որոնք ունեն երկիրը ճանաչելու, հայ մարդուն նոր փոփոխությունները ներկայացնելու հնարավորություն: Մենք ունենք բազմաթիվ նման հաղորդաշարեր»:

Արա Շիրինյանը խոսում է նաև գովազդի (որի վերադարձը Հանրային պարտավորված քայլ է առողջ մրցակցության համար), երկրորդ սեյլս հաուսի (որը միաժամանակ կա և դեռ չկա) ու Հանրայինի գործադիր տնօրենի մրցույթի մասին (կստեղծվի հատուկ մրցութային հանձնաժողով, թեև խորհուրդը իրավունք ուներ ինքնուրույն ընտրել գործադիր տնօրենին):

«Շատերին թվում է, որ կարելի է փողոցից գալ և ղեկավարել Հանրային հեռուստատեսությունը: Այդպես չէ: Այդ պաշտոնի համար պահանջվում են գերազանց գիտելիքներ, հմտություններ, բարձր պրոֆեսիոնալիզմ… Այս դեպքում մենք ուղղակի պարտավոր ենք ընտրել լավագույնին»,- ամփոփում է Արա Շիրինյանը:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *