Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
synced_sequence

Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը բնական է համարում, որ նոր իշխանությունները հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Բնական է նաև, որ ոմանք այդքան էլ պատրաստ չեն այդ ուշադրությանը:

Նա վստահեցնում է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքը պարտավոր չէ միասնական ու կուռ ոճով շփվելու լրատվամիջոցների հետ.

«Պայմանավորվել ենք, որ բոլորս ազատ ենք խոսելու ու հայտնելու մեր կարծիքը կամ տեսակետը: Որևէ սահմանափակում չկա և չպետք է լինի»,- ասում է նա:

Բայց խնդրում է չմոռանալ, որ նոր պաշտոնյաներին երբեմն ժամանակ է պետք արագ ու անհամբեր հարցեր տվող լրագրողներին լուրջ ու ամբողջական պատասխան տալու ու խնդիրներն ավելի լավ բացատրելու համար:

Նրա կարծիքով՝ մեդիայի առաջին վերահսկողը հանրությունն է, և հիմա շատ հրատապ խնդիրներ ոչ թե կոծկվում, կախվում կամ քարկապ են ընկնում, այլ քննարկվում են ու բանավեճերի առիթ դառնում:

Իսկ փոխվստահության համար Լենա Նազարյանը պարտադիր է համարում լրատվամիջոցի կողմնորոշման հստակությունը՝ գաղափարական, կուսակցական, քաղաքական կամ տնտեսական:

«Կարծում եմ՝ օբյեկտիվ ու չեզոք լրագրող, լրատվամիջոց կամ գլխավոր խմբագիր չկա: Բայց եթե հայտնի լինի լրատվամիջոցի օրակարգը, մեկնաբանություններն էլ ավելի հստակ կլինեն»,- ասում է նա:

Եվ ավելացնում է, որ քանի որ «Իմ քայլը» չունի իր կուսակցական կամ քաղաքական լրատվական ռեսուրսը («Հայկական ժամանակը» նա չի տարբերակում մյուսներից), այդ դերը կատարում են կուսակցության անդամների ֆեյսբուքյան էջերը:

Գեղամ Վարդանյան