44-օրյա պատերազմը տեղի էր ունենում ոչ միայն Արցախում, այլև ծավալվում էր ամբողջ տեղեկատվական դաշտում։ Չնայած ռազմական դրության ժամանակ գործող սահմանափակումներին՝ ամենատարբեր հարթակների, լրատվականների, սոցիալական էջերի ու ալիքների միջոցով մարդիկ ստանում էին ահռելի քանակությամբ տեղեկություններ և «ուղիղ հեռարձակմամբ» հետևում ու քննարկում էին պատերազմի ընթացքը։
Տես՝ օրինակ Սամվել Մարտիրոսյանի անդրադարձը մեդիա սպառմանը պատերազմի և դրան հաջորդող օրերին։
Տեղեկատվական այդ հեղեղի մեջ մեծ տեղ էր զբաղեցնում պատկերը և մասնավորապես՝ լուսանկարը։ Լուսանկարների միջոցով մեզ ներկայացնում էին մարտական հերթապահություն իրականացնող և սխրանքներ գործող զինվորներին ու սպաներին, ռազմական հաջողությունները փաստող, խոցված ԱԹՍ-ներն ու բնակավայրերի ռմբակոծության ծանր հետևանքները։
Այդ ընթացքում երևան եկան բազմաթիվ հիշարժան և անչափ ազդեցիկ փաստագրական լուսանկարներ, որոնց մասին կարելի է առանձին հոդվածով խոսել։ Օրինակ՝ Բեռնատարի վրայի տնակի նկարը (Անդրեյ Բորոդուլին, AFP), Վաղինակ Ղազարյանի «Մինչև նորից» ֆոտոշարքը (4plus), Նազիկ Արմենակյանի Եռաբլուրի նկարները, Դավիթ Գալստյանի Ստեփանակերտի դպրոցներից մեկի ծաղիկների շարքը, Էրիկ Գրիգորյանի բազմաթիվ լուսանկարները EVN report-ի համար և այլն։
Միաժամանակ լուսանկարները ծառայում էին պատերազմական դաժան տեսարաններ տարածելու, կեղծիքներ և մոլորեցնող տեղեկություններ ստեղծելու և շրջանառելու համար։
Սոցցանցերում հայկական էջերին ու օգտատերերին ուղարկվող պատերազմական դաժանությունների մասին հայտարարություն էր տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կայքը։ Հետագայում ՀՄԻՊ-ը հայտարարեց նաև, որ նույն նպատակով օգտագործվում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները։ Պատերազմի ընթացքում շրջանառվող կեղծ լուրերի ամփոփ տեղեկագրերը կարող եք գտնել այս հղումներով․ սեպտեմբերի 27-30, հոկտեմբերի 1-15, հոկտեմբերի 16-31։
Պատերազմի և դրան հաջորդող օրերին սկսեցին շրջանառվել ահռելի քանակությամբ պատկերներ, որոնց նպատակը վախեցնելն ու հուսալքելն էր։ Բնականաբար, պատկերները, վաղ թե ուշ հասնում էին բոլորին՝ այդ թվում զինվորներին, որոնք բջջային հասանելիություն ունեին։
Թվանշային պատկերը արագասլաց է և ավելի մեծ թվով մարդկանց է «խոցում», քան պատերազմի ամենակործանարար զենքը։
Լուսանկարչության այս երկվությունը նորություն չէ։ Ստեղծման օրվանից ի վեր լուսանկարչությունը թույլ տվեց մարդկանց ստանալ ամենաճշգրիտ տեղեկությունները շրջապատող աշխարհի և երկրի ամենահեռավոր ծայրերի մասին․ լուսանկարների միջոցով մարդիկ տեսան ձիու վարգի ամեն ակնթարթը և «սև խոռոչի» իրական տեսքը, լուսանկարների միջոցով մարդիկ ճանաչեցին իրենց թագավորներին ու առաջնորդներին, և պատմության մեջ առաջին անգամ տեսան իրենց նախապապերին ու նախատատերին։
Եվ իհարկե, լուսանկարները գրեթե անմիջապես դարձան քարոզչության, վերահսկման և կեղծիքի ամենահարմար միջոցը։ Պատահական չէ, որ ամբողջատիրական պետություններում լուսանկարչությունը շատ ավելի կարևոր տեղ է զբաղեցնում, քան օրինակ՝ գեղանկարչությունը։
Լուսանկարչությունը հայտնագործման պահից մինչ այսօր մարդկանց տալիս է ճշգրիտ տեղեկություններ, հավաստի փաստեր, արժանահավատ գիտելիքներ, սակայն միաժամանակ նաև մոլորեցնում է, շփոթեցնում, թաքցնում, բացառում ու կեղծում։ Ընդ որում՝ նույնիսկ ամենակոպիտ մոնտաժված լուսանկարը կարող է բացահայտել կարևոր ճշմարտություններ ու իրողություններ, իսկ ամենաիրական նկարը միշտ որևէ բան թաքցնում է։ Սա լուսանկարչության հիմքում ընկած պարադոքսն է։
Այս հոդվածաշարը կներկայացնի մի շարք նշանավոր ու նաև ոչ շատ հայտնի լուսանկարներ, որոնց իսկությունը հերքված է կամ առնվազն կասկածի տակ է առնված, դրանց ստեղծման պատմությունը և հետագա ճակատագիրը՝ կենտրոնանալով այն բազմազան ու անչափ հետաքրքիր եղանակների վրա, որոնցով լուսանկարները մեզ «խաբում են»։
Օրինակ՝ կխոսենք աշխարհի առաջին «սարքած» լուսանկարի և դրա հեղինակի, խորհրդային բեմականացված լուսանկարչության, ցեղասպանության ու պատերազմական կեղծ լուսանկարների մասին։
Բայց մեր խնդիրն ընդամենը լուսանկարների «կեղծ» բնույթը վերահաստատելը կամ, առավել ևս, դատապարտելը չէ, ոչ էլ զուտ էթիկական կամ բարոյական հարցեր բարձրացնելը։ Մեզ հատկապես կհետաքրքրեն այն մեթոդներն ու հնարքները, որոնց գիտակցաբար կամ անգիտակցաբար դիմում է լուսանկարիչը կամ ֆոտոխմբագիրը իր ուղերձը լուսանկարի միջոցով ձևակերպելու և փոխանցելու համար։
Իսկ մեզ մնում է ընդամենը քննադատաբար մոտենալ և ընկալել թվանշային լուսանկարները և առհասարակ, մեդիա պատկերները։ Եվ գործի դնել պատկերի արժանահավատությունը ստուգելու հմտությունները։
Մի հայտնի նկարիչ ժամանակին ասում էր, որ վաղն անգրագետ կհամարվի նա, ով ոչ թե գրել և կարդալ չգիտի, այլ ով չգիտի լուսանկարել։ Սակայն այսօր ճիշտ կլիներ ասել, որ ներկայիս տեղեկատվական հոսքերի պարագայում ապագայի մարդու համար շատ ավելի կարևոր է պատկերն արագորեն վերլուծելու և խորությամբ ընբռնելու կարողությունը, քան լավ լուսանկաը կամ լուսանկարչական ճաշակը։
Վահե Բուդումյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: