Երկու ամիս ու երկու օր առաջ հինգշաբթի էր՝ մարտի 26-ը: Այդ օրն առաջին անգամ Մեծ Բրիտանիայի բնակչությունը որպես երախտիքի ժեստ ծափահարեց կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին: Բրիտանացիները հեծանիվ չհորինեցին. ավելի վաղ բուժաշխատողներին այլ երկրներում էլ էին ծափահարել: Սա դարձավ ավանդույթ, ու ամեն հինգշաբթի ժամը ութին մի քանի րոպեով մարդիկ կտրվում են գործերից ու հիշեցնում, որ շնորհակալ են հիվանդների կյանքի համար սեփական կյանքի գնով պայքարողներին:
Ձեռքերը, որ ըստ աշխարհի նոր կարգուկանոնի, ծափ տալուց բացի պետք է ավելի հաճախակի ախտահանվեն կամ առնվազն 20 վայրկյան լվացվեն, Covid-19-ի առաջին սիմվոլներից էին: Հետագայում էլ երևի կհիշվեն որպես համաշխարհային վարակի արտեֆակտներից:
Բրիտանիայում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքերը գրանցվեցին հունվարի վերջին, այդ շրջանում էլ Լոնդոնի փողոցներում, ավտոբուսի կանգառներում, մետրոյի կայարաններում աչքովս ընկան վարակի թեմայով առաջին պաստառները: Հետո ձեռքերը մաքուր պահելու նրբությունները ներկայացնող թերթիկներ հայտնվեցին համալսարանում՝ ախտահանող նյութերի հետ մեկտեղ: Առհասարակ, իրազեկող պաստառներն այստեղ ամենուր են, ու եթե բանից անտեղյակ լոնդոնցի Արտուշ պապը որոշեր իր առաքելությունն իրականացնելու համար տնից դուրս գալ, հաստատ գլխի կընկներ, որ աշխարհում մի բան այն չէ:
Նույնիսկ (կամ գուցե հատկապես) Լոնդոնի բազմատարր հասարակությունում առաջին դիմակ կրողները խտրական վերաբերմունքի արժանացան: Դե, երևի բժշկական դիմակը բրիտանացու ազգային նկարագրի մաս չի կազմում: Թեև ո՛չ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ո՛չ Բրիտանիայի կառավարությունը չէին խրախուսում, որ առողջ մարդիկ դիմակ կրեն (հիմա մոտեցումը մի քիչ փոխվել է, ու խորհուրդ է տրվում դիմակ կրել, ասենք, տրանսպորտում), այս ապրանքատեսակը շուտով անհասանելի դարձավ դեղատներում, խանութներում, ամենուր:
Դիմակին զուգահեռ մի քանի շաբաթ գրեթե անհնար էր գնել նաև անձնական հիգիենայի այլ պարագաներ (ապագայի այլ արտեֆակտներ)՝ զուգարանի թուղթ, թաց ու չոր անձեռոցիկ, ձեռքերն ախտահանող հեղուկ, օճառ, նույնիսկ դեղորայք: Ապրանքների թալանը կանխելու ու բոլորին բաժին հանելու նպատակով սուպերմարկետներում հայտնվեցին այդ և այլ պարագաների՝որոշակի քանակությամբ գնելու սահմանափակման մասին գրավոր զգուշացումները:
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն այստեղ դեռևս քիչ են թուլացվել, բայց փոխվել է կառավարության հիմնական ուղերձը: Եթե սկզբում կոչ էին անում «Մնա՛ տանը, պաշտպանի՛ր Ազգային առողջապահական համակարգը, փրկի՛ր կյանքեր», հիմա ասում են «Զգո՛ն եղիր, կառավարի՛ր վիրուսը, փրկի՛ր կյանքեր»:
Եկող ու գնացող, հին ու նոր ուղերձների շարքում (անձնական հիգիենան պահելուց բացի) պայքարի առաջին օրվանից քարոզվում ու վերահսկվում է 2 մետր սոցիալական հեռավորության պահպանումը: Այս պահանջը տարածվում է տան պատերից դուրս երևի թե ամենուր՝ բացօթյա ու փակ տարածքներում, մեծ ու փոքր խանութներում, այգիներում, հնարավորության դեպքում՝ տրանսպորտում:
Արդեն սովորել եմ, որ մեր տարածքի ամենամեծ սուպերմարկետ գնալն արժե լավ պլանավորել, հարմարեցնել օրվա ժամի ու եղանակի հետ, նախապես համակերպվել 30-40 րոպե հերթ կանգնելու մտքի հետ: Բայց միայն մուտքի կամ դրամարկղի մոտ հեռավորության վրա հերթ կանգնելու պահանջով չէ, որ խանութները փորձում են նվազեցնել վարակի տարածումն իրենց տարածքում: Առհասարակ, առևտրի տարածքներում են խտացել «նոր նորմալի» բոլոր երանգները:
Գաղտնիք չէ, որ Բրիտանիայում հիվանդների ու մահացողների շարքերում շատ էին թե՛ բուժաշխատողները, թե՛ այլ ոլորտների աշխատակիցները: Հանրային տրանսպորտի աշխատանքը Լոնդոնում երբեք չդադարեց, բայց երթևեկելը թույլատրվում էր միայն հիմնական աշխատողներին: Վարորդներին հնարավորինս պաշտպանելու նպատակով փակվեցին ավտոբուսների առաջնամասի դռները, ինչի արդյունքում երթևեկելը դարձավ անվճար:
Ամենևին նպատակ չունեմ ցույց տալ, թե վիրուսի դեմ պայքարի բրիտանական մոդելը հրաշալի աշխատեց:
Ավելին, սկզբնական շրջանում կառավարության նախաձեռականության հապաղումը բնակչության խիստ քննադատությանն արժանացավ, մինչ օրս էլ տարբեր առիթներով քննադատության թիրախում է հայտնվում վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Բայց կարելի է արձանագրել, որ հեռավորության պահպանումն այստեղ նոր տեսակի համակեցության առանցքում է, և գուցե (հնարավոր է, առավելապես) դրա օգնությամբ է, որ Բրիտանիայում վարակի տարածման տեմպը նվազել է, կորը սկսել է ճկվել:
Այսօր՝ մայիսի 28-ը, տասներորդ ու վերջին հինգշաբթին է բուժաշխատողներին բարձր ծափահարելու: Ծափերից հետո փողոցներում հավանաբար դեռ երկար կմնան նույն ուղերձով պաստառները, որ մոտ երկու ամիս առաջ սկսեցին աստիճանաբար փոխարինել քաղաքի գովազդային գունագեղ հայտարարություններին:
Տեքստը և լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: