Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էին արտասահմանյան 32 լրատվամիջոցներ։ Ավելի մեծ թվով լրատվամիջոցներ էլ տարբեր գնահատականներով անդրադարձել են մեր երկրի թիվ մեկ քաղաքական իրադարձությանը։
Քվեարկության և դրան հաջորդող օրերին Հայաստանյան լրատվամիջոցներն իրենց հերթին ծաղկաքաղներ են ներկայացրել արտասահմանյան լրատվամիջոցների գնահատականներից։ Սեփական ընթերցողին արտասահմանյան մամուլի հրապարակումներ հրամցնելը որոշակիորեն հիշեցնում է քաղաքական սև-սպիտակ երանգավորումը։ Կամ հիմնականում դրական գնահատականների ծաղկաքաղ, կամ բացասական։
«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է 4 լրատվամիջոցի հրապարակումների։
Economist հանդեսը, անդրադառնալով հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, փաստում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո դառնալով վարչապետ, Փաշինյանը, ըստ էության, ստիպված էր առաջնորդել կառավարությունն առանց իշխող կուսակցության: «Չնայած դրան, նրան հերոսի նման են երկրպագում», – գրում է հեղինակավոր բրիտանական հանդեսը։
«Հայաստանյան հեղափոխությունն առկայծող լույս է մթագնող Եվրոպայում», – գրել է Միացյալ Նահանգներում լույս տեսնող The Nation պարբերականը՝ փաստելով, որ նախկին Խորհրդային Միության տարածքում սա առաջին իշխանափոխությունն է, որ սկիզբ առավ փողոցներում՝ առանց արտաքին միջամտության:
Al jazera-ի թղթակիցը արտահերթ ընտրություններին հետևելու համար ժամանել է Հայաստան և տեղից հաղորդել է՝ Փաշինյանի հաղթանակը ավարտին կհասցնի այն խաղաղ հեղափոխությունը, որ նա սկսել էր այս տարի ավելի վաղ։
Tert.am-ը մեջբերել է The Guardian-ին, որը գրել է, թե «բարեփոխիչ» Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ է տարել այս ընտրություններում: «Թերթի նախկին գլխավոր խմբագիրը դրամատիկ անցում կատարեց ղեկավարների այն շրջանակից, որոնք 1990-ական թվականների վերջից կառավարում էին Հայաստանում»,- գրում է պարբերականը:
Washington Post-ը-ի հետ զրույցում՝ ընտրող Բելլա Նազարյանը Փաշինյանի մասին ասել է. «Նա պոպուլիստ է ու ստախոս: Հույս ունեմ, որ գոնե մինչ գարուն մարդկանց աչքերը կբացվեն»: 37-ամյա ինժեներ Սահակ Մխիթարյանին անհանգստացնում է Փաշինյանի «բաժանարար հռետորաբանությունը»: «Նա ցանկանում է ներքին թշնամիներ ստեղծել ու ատում է նրանց, ովքեր չեն կիսում իր գաղափարները»,-նշել է ընտրողը:
Tert.am-ը վկայակոչել է նաև France 24-ին, ըստ որի՝ Հայաsտանում ընտրողների մեծ մասն ընտրատեղամասեր է գնացել Փաշինյանի նախընտրական խոստումներով խանդավառված: «Ընտրությունները կազմակերպվել են հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա: Սակայն ընտրություններից հետո այդ հուզականությունն անխուսափելիորեն կթուլանա և Փաշինյանն իր թիմի հետ կառերեսվի իրականությանը»,- ֆրանսիական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է վերլուծաբան Գևորգ Պողոսյանը:
Նույն Գևորգ Պողոսյանը գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում, որին անդրադարձել է armtimes.com կայքը, նման կտրուկ գնահատականի փոխարեն խոսել է արտաքին քաղաքականության մասին։ Նա ասել է, որ արտաքին քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի: Խոսել է առանց կտրուկ գնահատականների։
Armtimes-ն իր ընթերցողների համար առանձնացրել է նաև ֆրանսիական Le monde-ի ձևակերպումներն այն մասին, որ քաղաքացիները խանդավառված են, որ ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիների մեծ մասը «պատմական և հեղափոխական» է որակում քվեարկությունը:
Կայքը մեջբերել է նաև Chatham House-ի փորձագետ Լորենս Բրոերսի՝ Euronews-ի հետ զրույցում արած դիտարկումը, թե՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր տոկոսը նախևառաջ սովորական է ժողովրդավարական երկրներում:
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: