2018.03.23,

հայՏեսակետ

Սոնյա Էզգուլյանի համար խոհարարությունը մեդիա արկած է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ֆրանսահայ խոհարար Սոնյա Էզգուլյանն իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ կարողացել է միավորել երկու սիրելի մասնագիտությունները՝ լրագրությունն ու համեղ պատրաստելու արվեստը: «Ես սկսեցի որպես լրագրող, հետո 30 տարի անց նորից վերադարձա լրագրությանը: Եվ դա երկար ճանապարհ էր»,- ասում է նա:

1990-2000 թթ. նա «Փարի Մատչի» («Paris Match») լրագրող էր, հետո սկսեց գրել առավելապես սննդամթերքի որակի, օգտակարության ու ուտեստների  պատրաստման եղանակների մասին:

Նրա խոհարարական նյութերն ու սոցիալական մեդիայում ակտիվ աշխատանքը նույնքան ինքնաբուխ և ուրախ են, որքան և նրա նախընտրած խոհարարական ձեռագիրը:

Օրինակ, նրա բազմաթիվ գրքերից մեկի համար նյութ է դարձել կերպարափոխությունը: Սոնյան այցելում էր տարբեր ռեստորաններ՝ տարբեր դիմակներով (տարեց տատիկի, խիստ ուսուցչուհու, քննադատի և այլն) և հենց նրանց անունից էլ լրագրողական նյութեր գրում: «Երկու բան եմ սիրում այս կյանքում՝ գրել ու պատրաստել»,- ասում է նա:

Նրա «Սովորական ռեստորանների անսովոր քրոնիկոնը» շարքը ունի հուշերի, անեկդոտների, պատմվածքների ձևաչափ:

Սոնյա Էզգուլյանը Հայաստան էր ժամանել Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ներկայացնելու իր ու նկարիչ և դիզայներ Գիյոմ Լոնի  (Guillaume Long) պատկերապատումը, որը կոչվում է «Ուտելու և խմելու արվեստը Սոնյա Էզգուլյանի հետ»:

Գիրքը շատ հետաքրքիր փորձ է՝ կոնկրետ թեման (խոհարարությունը) ներկայացնելու ոչ թե փաստերով ու իրական նկարներով, այլ պարզ, անգամ պարզունակ ոճի մատիտանկարներով:

Գրաֆիկական նովելները ֆրանսիական մշակույթի կարևոր հատվածն են, և անկախ թեմաներից, դրանք թելադրում են այն թեթև ու երգիծական հնչերանգը, որը ֆրանսիական արվեստի (այդ թվում նաև խոհարարական) հմայքն է:

Գրքում խոհանոցը ներկայացվում է որպես արկած, որը համատեղ անցնում են մի քանի ընտանիքներ: Դասական կանոնների համաձայն կան նաև խիստ ուսուցիչն ու հանդուգն աշակերտը: Եվ շատ-շատ խոհանոցային խորհուրդներ, որոնք տարալուծված են պատմության սյուժեում:

Գրքի մի գլուխը նվիրված է Սոնյա Էզգուլյանի հայ տատիկի թողած խորհուրդներին ու հայկական խոհանոցին: «Ես հայերեն խոսում էի միայն իմ տատիկիս հետ, հետո նրա մահից հետո, ցավոք, այլևս դադարեցի հայերեն շփվել: Բայց նրա կերպարն ու խորհուրդները միշտ ինձ հետ են: Նա սովորեցրեց ինձ հարգել ուտելիքը ու տոն սարքել անգամ պատառներից»,- ասում է Սոնյան:

Սոնյա Էզգուլյանը տարբեր գրքերի հեղինակ է, սննդամթերքի բրենդների խորհրդատու և «Բոքյուս մագազին» (Bocuse magazine) ամսագրի գլխավոր խմբագիր:

Նա ուրախ ու իր խոսքով՝ «ագահ» է նոր բան սովորում և անընդհատ պատրաստ է գրառումներ անել սոցիալական մեդիայի գրեթե բոլոր հարթակներում, տարածելով ու ստանալով նոր տեղեկություն՝ ուտելու ու ուտելիքի հետ շփվելու հաճույքի մասին:

Թե՛ խոհանոցը, թե՛ մեդիան նրա համար արկածային ճամփորդություն են:

Պատկերապատումներով ներկայացնելով խոհանոցային գործողությունները, կարողացաք դարձնել դրանք հեղինակային, քանի որ նկարազարդումը չի հավակնում լինել փաստ: Այն մեկնաբանություն է: Դա՞ էր նպատակը:

Իհարկե: Գիրքը ծնվել է ընտանեկան պատմություններից: Ես պատրաստում էի, Գիյոմը նկարում էր, ու այդպես առաջացավ միտք, որ բաղադրատոմսերը կարելի է ներկայացնել ոչ թե դասական ձևով (գրամներով, չափերով, մշակման տևողությամբ) այլ որպես պատմություն:

Պատկերապատման գրքի բոլոր հերոսները իրական մարդիկ են, ես նրանց մասին պատմում էի Գիյոմին, նաև ցույց էի տալիս լուսանկարներ, բայց ի վերջո, պերսոնաժները դարձան այնպիսին, ինչպես նրանց պատկերացրեց Գիյոմը:

Օրինակ, պատմեցի, որ հայերը լեռների երկրում են ապրում, ու Գիյոմն այնպես  պատկերեց հորս, որ նա իրեն չճանաչեց «լեռնեցի» հերոսի մաշկում:

Գիյոմ Լոնը և Սոնյա Էզգուլյանը՝ գրքի շնորհանդեսին

Ո՞րն է ավելի հաջող մարքեթինգային քայլ՝ պատրաստման պրոցեսի գեղեցիկ ու դոկումենտալ լուսանկարումը, թե՞ միտումնավոր պարզեցված ոճով պատկերապատումը: Ասենք, իրակա՞ն գազարի պատկերն է նախընտրելի, թե՞ ձեռքով նկարածի:

Ես ունեմ այդ հարցի պատասխանը, թեև իմ գրքերում ու հոդվածներում հավասարապես օգտագործում եմ և՛ լուսանկարները, և՛ պատկերապատումները:

Օրինակ, «Բոքյուս մագազին» հանդեսի ամենամյա թողարկումներում մենք գեղեցիկ, շքեղ ֆոտոշարքեր ենք անում՝ իլյուստրացնելով ուտելու ու խմելու հետ կապված ամեն բան՝ վարվելակերպի կանոնները, տեխնիկան, բրենդները: Լուսանկարները անում է իմ ամուսին Էմանուել Օժերը:

Բայց գիտեմ, որ պրոֆեսիոնալ լուսանկարները կարող են և խանգարել:

Հաճախ, երբ մարդիկ տեսնում են գեղեցիկ, որակով ու պրոֆեսիոնալ արված լուսանկարներ, որոնք պատկերում են թանկարժեք սարքերով ու սպասքով մատուցվող ուտեստներ, նրանց մոտ առաջանում է զգացում, որ իրենք նման կերպ պատրաստել չեն կարող: Դա թեթևաթափ է անում, իսկ պատկերապատումները տպավորություն են թողնում, որ յուրաքանչյուրն էլ կարող է նկարված հերոսի պես կտրատել, եփել, պատրաստել:

Պատկերապատումներն ավելի մատչելի, հասկանալի ու մտերմիկ են դարձնում խոհարարությունը:

Իսկ լրագրությունը՞…

Ես տասը տարի աշխատել եմ «Փարի Մատչում» որպես լրագրող ու միայն վերջին երկու տարում ինձ հնարավորություն տվեցին բացել խոհարարական խորագիր ու զրել բացառապես իմ սիրած թեմայով: Բայց հետո ստիպված թողեցի լրագրությունը, երբ Լիոնում բացեցի ռեստորան ու արդեն անցա բոլորովին այլ գործի:

Իսկ հետո վաճառեցի ռեստորանը, երբ հասկացա, որ ավելի լավ է ներկայացնեմ իմ ամենօրյա խոհարարական պատմությունները:

Իհարկե, ես երբեք չհրաժարվեցի լրագրությունից ու տարբեր հանդեսներում սյունակներ ու հոդվածներ էի գրում: Բայց այդ մեծ դադարը լրագրողի ամենօրյա աշխատանքից օգնեց ինձ ավելի գնահատել մասնագիտությունը:

Եվ հիմա ես ավելի մեծ հաճույքով եմ գրում, քանի որ խոհարարությունն այն մոլորակն է, որը կազմված է տարբեր փոքր, հաճելի ու համեղ բացահայտումներից: Առօրյան հաղթահարվում է, երբ նախաձեռնում ես կամ որպես լրագրող ոգեշնչում ես լսարանին վերափոխել ձանձրալի առօրյան խոհանոցային արկածներով:

Խոհանոցը ոչ միայն ինֆորմացիայի, այլև արժեքների փոխանակում է:

Կարծում եմ՝ նույնը կարելի է ասել լրագրության մասին: Կարևորը տեխնիկական կողմը չէ, մատուցումն է:

Սոնյա Էզգուլյանը Հ1-ի «Պատրաստենք միասին Սարգիս Մկրտչյանի հետ» հաղորդման տաղավարում

Շատ հետաքրքիր բլոգ ունեք, այն լրատվամիջոց է՝ լուրերով, նկարներով, ձեր անհատականությամբ: Խոհարարական բլոգները շատ տարածված են: Դուք մյուս բլոգերներին համարու՞մ եք մրցակից:

Ես բաղադրատոմսեր բլոգում չեմ տեղադրում, ընդամենը մի քանիսը ու այն էլ պատմության հետ կապված: Ավելի շուտ ուղղություն եմ տալիս, խոսելով տարբեր թեմաների մասին: Այդ պատճառով էլ՝ մյուս բլոգերների թշնամին ու մրցակիցը չեմ:

Բլոգների առատությունը ինձ միայն ուրախացնում է, քանի որ բլոգը հնարավորություն է շփվելու շատ մարդկանց հետ:

Դժվարը ճիշտ բլոգ գտնելն է, որովհետև հիմա տեխնոլոգիական հնարավորությունները շատ մեծ են, կարելի է փայլուն ու գեղեցիկ լուսանկարներ անել, ներկայացնել բաղադրատոմսը շշմեցնող իլյուստրացիաներով, բայց իրականում պարզվի, որ լուսանկարն ու բաղադրատոմսը միմյանց չեն համընկնում:

Պետք է գտնել այնպիսի բլոգեր-հեղինակի, որն իսկապես խոհանոցի հետ կապ ունի ու ճիշտ է ներկայացնում խոհանոցային արվեստը:

Ի վերջո, կա՞ ճիշտ ու սխալ բաղադրատոմս:

Բաղադրատոմսը ընդամենը ցուցակ է, որտեղ գրված է, թե ինչը, որքան և երբ պետք է ավելացնել, եփել և այլն… Իսկ իսկական խոհարարական հրաշքը այդ ցուցակի արանքում է, մանրուքներում, որոնք երբեք չես կարող գրել, բացատրել ու առավելևս, հետագայում ճշգրտորեն հետևել:

Օրինակ, ես տատիկիցս եմ սովորել մերել մածունը, կաթի ջերմաստիճանը անպայման ստուգելով ճկույթով, այլապես ոչ մի սարք չի օգնի ճիշտ որոշել այն պահը, թե երբ է պետք ավելացնել մերանը: Պետք է կարողանաս ճկույթը հինգ վայրկյան պահել տաք կաթի մեջ առանց այրվելու:

Եթե կարողացար, ուրեմն ճիշտ պահն է սարքել մածուն: Եվ անպայման տատիկիս նման փաթաթել կաթսան տաք սվիթերով: Այդ դրվագը կա նաև պատկերապատման գրքում:

Ես ինքնաբուխ խոհանոցի կողմնակիցն եմ, և բոլորին խորհուրդ եմ տալիս հիշել, որ բաղադրատոմսը ուտելիք չէ:

Ուտելիքը ամեն անգամ դուք եք ստեղծում:

Ինֆորմացիան չափազանց հագեցրել է մեր առօրյան: Եվ հաճախ թե՛ ինտերնետում, թե՛ հեռուստատեսությամբ փորձում ենք գտնել կոնկրետ  ու կիրառելի ինֆորմացիա: Իսկ խոհարարական շոուն այն ժանր է, որը վեր է օրվա լրահոսից ու հաճելի ժամանց է: Ֆրանսիայում դրանք ունե՞ն պահանջարկ:

Օ, խոհարարական շոուները Ֆրանսիայում մեծ համբավ են վայելում: Դրանք նաև շատ տարբերակված են: Կան մեծ ու հայտնի խոհարարների հեղինակային հաղորդումներ, գյուղական, տնական խոհանոցին նվիրված շարքեր, նաև ունենք շոուներ թեմատիկ բաժանումներով՝ օրինակ, դեսերտներ, պիկնիկ և այլն: Եվ իրոք դրանք պահանջված են:

Երևի խոհարարությունն ավելի մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա, քան քաղաքականությունը:

Այդպես է: Կարևոր որոշումները միշտ ընդունվում են սեղանի շուրջ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *