Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Մեր երկրում շրջող ադրբեջանցիների տեսանյութերը համացանցում հայտնվեցին այն օրերին, երբ հայ-ադրբեջանական «Խաղաղության կամուրջ»–ի հերթական հանդիպման համար Հայաստան եկան ադրբեջանական  քաղհասարակության ներկայացուցիչներ։ Այս համընկնումը շփոթ առաջացրեց․ դատելով սոցցանցերում արձագանքներից՝ շատերը կարծել էին, թե Հանրապետության հրապարակում ու Գյումրիում շրջող ադրբեջանցիները նույն ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների խմբից են։ Մինչդեռ տեսանյութեր տարածողները ՌԴ քաղաքացի ադրբեջանցիներ էին։

Տարածված տեսանյութերը 3-ն էին՝ նկարված Հանրապետության հրապարակում, Գյումրիում և Ամասիայում։ Երեքում էլ նույն երկու անձինք էին։ ԱԱԾ–ի տեղեկատվության համաձայն՝ նրանք ազգությամբ ադրբեջանցիներ են, ՌԴ քաղաքացիներ, Հայաստան մտել և դուրս են եկել Բագրատաշենի անցակետով, այցը կրել է մասավոր բնույթ։

Լրագրող/հետազոտող Թաթուլ Հակոբյանի փոխանցած տեղեկատվությունը մի քիչ ավելին էր։ Նա գրում է, որ կադրերում երևացողները եղբայրներ են՝ արմատներով Ամասիայի Դարիկ գյուղից։ Այսօր ապրում են Մոսկվայում։ Հայաստան այցելել են նաև 2020-ի պատերազմից առաջ՝ 2013-14 թվականներին, բայց այդ այցը չի նկարահանվել, չի հանրայնացվել։

Ադրբեջանցի եղբայրների այցին անդրադառնում են ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն ու լրագրող Կարպիս Փաշոյանը՝ Platform փոդքաստի ընթացքում։ Փաշոյանի խոսքով՝ «սա մի թեմա է, որի մասին եթե խոսում ես, մարդիկ քեզ մեղադրում են ֆաշիզմի մեջ, թե՝ ի՞նչ կա, ապրել են, թող գան տեսնեն իրենց տները, գերեզմանները»․ տեսանյութերում ադրբեջանցին իրենց տներին, գերեզմաններին,անցած կյանքին կարոտած լինելու մասին էր խոսում ու կանչում էր իր հայրենակիցներին։

Մարուքյանը թեմային նաև առանձին է անդրադառնում՝ ուղիղ եթերում։ News. am-ը ներկայացնում է նրա լայվը՝ վերնագրելով․ «Ամասիայում ադրբեջանցիներ են վերադառնում,․․․․»․ Մարուքյան։ 

ՀՅԴ–ից Արթուր Խաչատրյանը ավելի հեռուն է գնում, ու Aravot.am-ի փոխանցմամբ, Գյումրիում շիրակցիների հետ հանդիպմանը հարցնում է՝ «Ի՞նչ ենք ուզում, Ամասիայի ռայկոմի ադրբեջանցի քարտուղա՞ր ենք ուզում»։

168․am-ի լրագրողը ադրբեջանցիների այցի մասին խոսել է Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հետ, որը նշում է, որ նրանց գալու մասին գիտի միայն այն, ինչ գրում են կայքերը։ Համայնքապետի խոսքով՝ «Մեր ԱԱԾ–ն ամեն ինչից էլ տեղյակ է, ամեն ինչ իր հսկողության տակ է»։

Ադրբեջանցիների տեսանյութերի քննարկումներում հաճախ էր հիշվում ԱԱԾ–ն։  Լրատվամիջոցները՝ Aravօt.am, Factor.am, 5–րդ ալիք, փորձել են պարզաբանում ստանալ կառույցից։ Aravot.am-ը գրել է, թե բնակիչները անհանգստացած են ադրբեջանցիների այցով ու ահազանգել են իրենց,  Mediahub.am-ն էլ տեսանյութը այսպես է վերնագրել․ «Աո՜ւ, ԱԱԾ, տանը մարդ կա՞. հերթական ադրբեջանցին է «արխային» ման գալիս Հայաստանով մեկ»։ ԱԱԾ–ն արձագանքեց օրեր անց՝ գիտեն, թե ովքեր են եկողները, երբ են եկել ու գնացել, էլի են եկել։ 

Համացանցի հայկական տիրույթում հայտնված տեսանյութերը տարածվել էին ադրբեջանական operativ media, BT new էջերից։