Ջեյ Դի Վենսը Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, 9 փետրվարի, 2026թ․։ Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի կայքից

Փետրվարի 9-10-ը Երևանում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այցը պաշտոնական էր ու պատմական․ Վենսը երբևէ ԱՄՆ–ից Հայաստան ժամանած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Մեկ տարի առաջ՝ 2025-ի փետրվարի 7-ին, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը դեռ նոր էր ստանձնել պաշտոնը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում լուսանկարվել էր Վենսի հետ։ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսներն այս լուսանկարին լուրջ չէին վերաբերվել՝ նկատելով, թե պատահական մի նկար է՝ առանց պետական դրոշների։ Փետրվարի 10-ին, երբ ԱՄՆ փոխնախագահն արդեն մեկնել էր Հայաստանից, վարչապետը Հանրային հեռուստատեսության եթերում այդ հանդիպման մասին ասում է․ «Հիշում եմ` ինչ վիճակում էր Սպիտակ տունը, հին նկարները հանած, նոր նկարները դեռ չկախած, կահույքի շարժերով, մուտք գործող և դուրս եկող անձնական արկղերով, ու այդ արկղերի արանքում հնարավոր եղավ այդ հանդիպումը կազմակերպել»:

Մեկ ժամանոց հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ամփոփում է Ջեյ Դի Վենսի այցի արդյունքները, ներկայացնում ձեռք բերված համաձայնություններն ու քննարկված հարցերը և նկատում՝ «Մենք ընդհանրապես չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին, դա նշանակում է, որ օրակարգում չկա այդպիսի հարց»։ 

Երևանից ԱՄՆ փոխնախագահը մեկնեց Բաքու։

«Ջեյ Դի Վենսը Հայաստանում է, որովհետև վերջին տարիների գործողությունների արդյունքում մեր երկրի համար բացվել են մեծ հորիզոններ»․ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասում է Ռուբեն Ռուբինյանը։ Նա առանձնացնում է հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, նախաստորագրված խաղաղության պայմանագիրն ու նշում․ «Մի իրավիճակից, երբ քննարկում էինք, թե երբ է գալու աղետը, հիմա քննարկում ենք, թե որ մեգանախագիծը իրականացնենք, ընդ որում «Թրիփը» միակը չէ»։

Նույն օրը Հանրայինի եթերում Վենսի այցին անդրադառնում է նաև ՔՊ–ական մեկ այլ պատգամավոր՝ Մարիա Կարապետյանը, իսկ դրանից մեկ օր առաջ այցի մասին խոսում են «Մեծ բանավեճի» մասնակիցները։ 

Փետրվարի 9-ի լրատվական թողարկման առաջին լուրը Վենս–Փաշինյան հայտարարությունների ու ասուլիսի մասին է։ Տեղեկանում ենք, որ երկու երկրների միջև ստորագրվել է միջուկային էներգիայի խաղաղ համագործակցության մասին համատեղ հայտարարություն, էներգետիկ ոլորտում Վենսը Հայաստանին 9 մլրդ դոլարի ներդրումներ է խոստացել՝ երկու փուլով՝ 5 և 4 մլրդ դոլար։ «Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են այս երկիր, ստեղծվելու են շատ աշխատատեղեր, լինելու է ռազմական համագործակցություն, ԱՄՆ-ն հաստատել է ՀՀ-ին 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքը»,-ասում է ԱՄՆ փոխնախագահը։ Նա «հպարտ է, որ Հայաստան եկած ԱՄՆ առաջին փոխնախագահն է և ուրախ է դրա համար»։ Ջեյ Դի Վենսը խոսում է խաղաղ ապագայի մասին՝ նշելով․ «Հիմնական հարցն այն է, թե ինչպես ենք խաղաղության հաստատումը հաջորդ փուլ հասցնելու, ինչպես ենք գալու մի իրավիճակի, երբ պարոն վարչապետը կարողանա ապագայի վրա կենտրոնանալ։ Պարոն վարչապետն այն անձնավորությունն է, որը կարող է երկարատև համագործակցություն ապահովել»։

Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ակցիայի մասին Հանրայինը լուր չի տալիս։

Դրան մանրամասնորեն անդրադառնում է «5-րդ ալիքը»՝ հայտնելով, թե հյուրի այցով պայմանավորված անվտանգության ինչ միջոցառումներ են կազմակերպվել՝ «նվազագույնը երեսուն զրահապատ մեքենա ցամաքում, մի ուղղաթիռ՝ օդում»։ Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին նախագահականի դիմաց՝ հույսով, որ պաստառներով ու կոչերով փոխնախագահի ուշադրությունը կհրավիրեն Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Նրանց, սակայն, չհաջողվեց հանդիպել Վենսին։ 

Գերիների, քաղբանտարկյալների ու արցախցիների վերադարձի խնդրով Վենսին նամակ են գրել Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը, ազատազրկված արքեպիսկոպոս Բագրատ սրբազանը։

Գերիների մասին

Factor.am-ի լրագրողի հարցին՝ Վենսի հետ հանդիպմանը գերիների հարցին անդրադարձե՞լ եք, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասում է․ «Ասենք՝ ո՞նց եք պատկերացնում առանց դրա»։  Որ գերիների հարցը քննարկվել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպմանը, հաստատեցին Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերում, Ջեյ Դի Վենսը՝ օդանավակայանում՝ մեկնելուց առաջ։  Մեկ այլ ամերիկացի՝ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը 5-րդ ալիքի եթերում վստահեցնում է, թե Փաշինյանի վարչակազմը  հայ գերիների հարցը չի բարձրացրել այնպես, ինչպես պիտի աներ։ «Գերիների ազատումը պետք է լիներ ՀՀ իշխանության առաջնային խնդիրը»,- ասում է նա։ Մեկ օր անց՝ փետրվարի 11-ին, լրատվամիջոցները գրում են, թե Ամստերդամը Մայր Աթոռում հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոսին, և քննարկել են եպիսկոպոսների ու Սամվել Կարապետյանի ազատազրկման հարցը։ 

Ջեյ Դի Վենս-Գարեգին Երկրորդ հանդիպում չեղավ։