Մենք արդեն մի քանի անգամ ուրախացել ենք Բաքվից մեր հայրենակիցների վերադարձով, ու ամեն անգամ այդ ուրախությունը ուղեկցվել է նույն խառնաշփոթով, նույն շահարկումներով՝ գերի՞ են նրանք, թե՞ պատանդ, ի՞նչ ենք տալիս՝ նրանց՝ տուն գալու դիմաց, նկարահանե՞լ, անունները գրե՞լ, թե՞ ոչ։ Հատկապես վերջին երկուսը «ակտուալ» էին գերիների առաջին փոխանակման ժամանակ, երբ ամբողջ գործընթացը տեղի ունեցավ ուղիղ եթերում։
«Կհարցնե՞ք՝ ինչ զգացողություն ունի»․ խնդրում է 24news-ի միկրոֆոնը ձեռքին պահած աղջիկը՝ արաբերենի թարգմանչին։ Վերջինը չի շտապում թարգմանել հարցը․ ուսերն է թոթվում։ Նրանց առջև կանգնած կինը՝ Բաքվից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը, արտասվում է, հուզված է այնքան, որ խոսել չի կարողանում։ «Երևում ա»․ ասում է թարգմանիչը՝ ցույց տալով լացող կնոջը։ Ի՞նչ է պատասխանում կինն արցունքների միջից՝ արդեն կարևոր չէ։ Ամենաանհեթեթ հարցը, որը թվում է, ամենամարդկայինը պիտի լիներ, արդեն հնչել է:
Ո՞վ առաջինը կհայտնի լուրը
Անվիճարկելիորեն լավ լուրը՝ Բաքվից տուն եկող հայերի մասին, հունվարի 14-ին հայտնեց ՀՀ վարչապետը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։
Նրանք չորսն են՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։
Ինչի՞ դիմաց է Ադրբեջանը վերադարձնում 2020-ի պատերազմից հետո և 2023-ի հուլիսից Բաքվում հայտնված մեր հայրենակիցներին․ Փաշինյանը թողեց, որ այս դժվար հարցի պատասխանը գլխի ընկնենք Արդարադատության նախարարության՝ ավելի ուշ տարածած հաղորդագրությունից։ Այն Սիրիայի՝ ցմահ ազատազրկման դատապարտված երկու քաղաքացիներին Թուրքիայի միջոցով Սիրային փոխանցելու մասին է։ Ե՞րբ են սիրիացիներն ազատազրկվել, ո՞ր հոդվածներով՝ ԱՆ–ի տարածած տեքստում նշված չէ։ Լրատվամիջոցները հիշեցրին, որ նրանք մասնակցել են 44-օրյա պատերազմին, 2020-ի նոյեմբերին կալանավորվել են Հայաստանի տարածքում, դատապարտվել են վարձկանության, միջազգային ահաբեկչության և այլ հոդվածներով։
Թաքնված, բայց ենթադրելի բովանդակությամբ՝ Արդարադատության նախարարության հաղորդագրությունն ավելի շատ ԱԱԾ–ի հաղորդագրություն էր հիշեցնում։
ԱԱԾ–ն էլ հաղորդագրություն տարածեց՝ ԱԳՆ–ին բնորոշ տարրերով՝ «գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»:
Լինել առաջի՞նը, թե՞ լինել ճշգրիտ
Գերիների վերադարձի լուրից 10 րոպե անց Նիկոլ Փաշինյանը շտապեց տեղեկություններ փոխանցել նաև նրանց առողջական վիճակի մասին։ Ըստ նրա՝ նախնական զննությամբ երեքը՝ Սուջյանը, Դավթյանը և Էուլջեքջյանը առողջական խնդիր չունեն։ Սա տարակուսելի էր հատկապես Վիգեն Էուլջեքջյանի պարագայում, որի առողջական խնդիրների, նույնիսկ քայլել չկարողանալու մասին անդադար գրվում էր վերջին ամիսներին։
Վագիֆ Խաչատրյանի վիճակը, ըստ Փաշինյանի, բավարար էր։ Ավելի ուշ նրան այցելած Առողջապահության նախարարը չէր շտապում գնահատական տալ՝ ծանոթանամ, նոր խոսեմ։ Ծանոթանալուց հետո՝ «Վագիֆը պինդ է, երջանիկ»։
Հայաստան վերադարձած չորս անձանց նկատմամբ էլ ադրբեջանական դատարանը դատավճիռներ է կայացրել՝ Վիգենը դատապարտվել է ազատազրկման 20, մյուս երեքը՝ 15 տարով։
Լիբանանահայ Էուլջեքջյանին, Սուջյանին ու Դավթյանին ադրբեջանական կողմը պատանդառել է 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո․ 2020-ի նոյեմբերի 9-ին Վիգենին՝ Գորիս–Բերդաձոր ճանապարհին, 11-ին՝ Գևորգին և Դավիթին՝ Բերձոր–Շուշի հատվածում՝ Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։
Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է 2023-ի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։
Նրանք 4–ն էլ պատերազմին չեն մասնակցել։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում էր, որ Բաքվում քսաներեք հայ է պահվում։ Չորսի վերադարձից հետո մնացին տասնինը։