Բաքու այցելած հայ փորձագետների ասուլիսը Երևանում։ 24 նոյեմբերի, 2025թ․։ Լուսանկարը՝ Արմենպրեսի

Այն մասին, որ 5 հայ փորձագետներ նոյեմբերի 21-22-ին լինելու են Բաքվում, հանրությունը տեղեկացավ կառավարության՝ նոյեմբերի 20-ի լրահոսից։ Այդ օրը հայտնի դարձավ, որ Երևան–Բաքու և Բաքու–Երևան չարտերային թռիչքը կազմակերպելու համար գործադիրը 18 միլիոն դրամ է հատկացրել։ Հարցը չզեկուցվող էր։ «18 միլիոնը» հայտնվեց այն լուրերի վերնագրերում, որոնք տեղեկացնում էին հայ փորձագետների սպասվող այցի մասին։ Բաքվից վերադառնալուց հետո Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը նոյեմբերի 24-ին լրագրողներին ասաց, որ մտածում են հարկատուների միջոցները խնայելու մասին, ու առաջիկայում նման հանդիպումների կազմակերպման համար կներգրավեն նաև միջազգային գործընկերներին։ 

Բաքվում կողմերը որոշել են փորձագիտական հանդիպումները դարձնել հաճախակի և ընդլայնել մասնակիցների կազմը, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական փորձագիտական համաժողով անցկացնելու հարցը։ 

«Խաղաղության կամուրջ»․ այսպես է կոչվում հայ և ադրբեջանցի փորձագետների՝ փոխադարձ այցերի նախաձեռնությունը, որի բովանդակությունը «քաղաքացիական դիվանագիտությունն է՝ «փորձագիտական մակարդակով»․ ձևակերպումը նախաձեռնության անդամներից Բորիս Նավասարդյանինն է։ Երևանից Բաքու մեկնել էին քաղհասարակության այն ներկայացուցիչները, որոնք մեկ ամիս առաջ մեր երկրում ընդունել էին Ադրբեջանից ժամանածներին՝ Արեգ Քոչինյան, Բորիս Նավասարդյան, Նարեկ Մինասյան, Նաիրա Սուլթանյան և Սամվել Մելիքսեթյան։ Բաքվում նրանց ընդունածների թվում չի եղել Երևան եկած քաղակտիվիստ Դիլարա Էֆենդիևան՝ անկախ հայկական մամուլում նրա հասցեին ուղղված քննադատությունից․ Արեգ Քոչինյանն ասաց՝ նա հանդիպմանը չմասնակցելու անձնական պատճառներ է ունեցել։  

Գերիների հարցը՝ առաջնահերթություն 

Ենթադրաբար, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով ակնկալիքներ են ձևավորվելու նաև «Խաղաղության կամուրջի» շուրջ, ու թերևս դա նկատի ունենալով նախաձեռնության անդամ Նաիրա Սուլթանյանը ասուլիսի ընթացքում նշեց․ «Մենք մեր խմբի ազդեցության մասին ուռճացված պատկերացումներ չունենք։ Մենք մեր չափը պատկերացնում ենք, բայց երևի դեմ առ դեմ հանդիպումներով ավելի ենք նպաստում դրական լուծուներին, քան հակառակը»։  

Գերիների խնդրի մասին հայ փորձագետները խոսել են բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը։ «Փորձել ենք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն»։ Առանց կոնկրետ պատասխանի՝ Հաջիևը հավաստիացրել է, որ գերիների խնդրի շուրջ շատ ակտիվ բանակցություններ են ընթանում։   

«Խաղաղության կամուրջը»՝ «ընդդիմադիր» լրատվամիջոցներում 

Երևանում՝ հոկտեմբերի 21-22-ին, հայկական կողմը բարձրացրել էր գերիներին տեսակցելը Բաքվի հանդիպման օրակարգում ընդգրկելու հարցը, ինչը մերժվել էր։ «Գերիներին տեսակցելը առաջնահերթություն չէր մեր կողմից»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը՝ շարունակելով՝ մեզ համար կարևորը՝ վերադարձի առումով լինի առաջընթաց»։ «Հրապարակ» օրաթերթը, սակայն, նպատակահարմար է գտել վերնագիր դարձնել Նավասարդյանի խոսքի միայն առաջին հատվածը՝ «Գերիներին տեսակցելը առաջնահերթություն չէր մեր կողմից»։ Ասուլիսի հաջորդ օրն էլ, որպես շարունակություն այս վերնագրի, հրապարակել է մեկ այլ հոդված՝ «Եթե գերիների հարցն առաջնահերթություն չէր, ինչո՞ւ էիք հասել Բաքու» վերնագրով, որից հանված է «տեսակցելը» բառը։ 

Yerevan.Today-ը «Հրապարակից» ավելի «խիստ» է եղել․ հրապարակել է սոցցանցային գրառումներ, որտեղ Բաքու մեկնած փորձագետներին քաղաքագետն անվանում է «Հայաստանում Ադրբեջանի դեսպաններ ու հյուպատոսներ», իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երկխոսելու փորձը համարում է «ոչ թե երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլ, այլ «Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և ցեղասպանությունը լեգիտիմացնելու փորձ»։ 

5-րդ ալիքը Բաքվից վերադարձած փորձագետների ասուլիսից առանձնացրել է Հիքմեթ Հաջիևի ուղերձները։ Արեգ Քոչինյանի փոխանցմամբ՝ Հաջիևն ասել է, թե պատերազմն ավարտվել է, կոնֆլիկտը ավարտված է, ու պետք է այս չպատերազմ վիճակից կառուցել խաղաղություն, գնալ դեպի խաղաղություն՝ համապարփակ ու երկարաժամկետ։ Լրագրողը նկատեց՝ «կոնֆլիկտը ավարտված է» արտահայտությունը Ալիևը գործածում է ընդգծելու համար, թե փակված է Արցախի հարցը, հետևաբար, արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերը՝ նույնպես։ Քոչինյանը լիովին համաձա՞յն է այդ ուղերձին։ Փորձագետը նկատեց՝ պետք է իրատես լինել՝ արցախցիների վերադարձը Արցախ և ադրբեջանցիների վերադարձը Հայաստան՝ իրատեսական հարցեր չեն։

Դատելով հեռուստաեթերում հայտնված վերնագրից՝ «Ադրբեջանցիների ցավը հասկացել ու Բաքվից ուղերձներ են բերել հայերը խաղաղության կամրջով», 5-րդ ալիքը խնդիր է համարել հայ փորձագետների խոսքի այն հատվածները, որոնք վերաբերել են ադրբեջանցիների ցավին՝ մնացած առաջին արցախյան պատերազմից։