Ալիևը Երևան չի գա, իսկ Բայրամո՞վը․ Ադրբեջանի արտգործնախարարի այցելությունը Հայաստան չի բացառել ադրբեջանցի փորձագետը՝ Press Clubs TV-ի եթերում։  

Նոյեմբերի 3-ին գործարկվեց Երևանի և Բաքվի մամուլի ակումբների  յություբյան ալիքը՝ Press Clubs TV -ն, որը յուրահատում հայ-ադրբեջանական համատեղ հեռուստահարթակ է։  

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ներկա փուլն ու Երևանի և Բաքվի մամուլի ակումբների տասնամյակների աշխատանքն են հնարավոր դարձրել համատեղ յութուբյան ալիքի ստեղծումը։ Քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, որը Press Clubs TV-ի առաջին ադրբեջանցի հյուրն է՝ ասում է, որ մեդիան կողմերին բաց շփվելու հնարավորություն է տալիս, իսկ համատեղ ալիքը, որտեղ քննարկվելու են տարբեր թեմաներ ոլորտային մասնագետների մասնակցությամբ, մեծացնելու է այդ հնարավորությունը։  

Հայաստանից օնլայն քննարկմանը մասնակցում էր «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանը, հաղորդումը վարում էր Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ և քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։  

Նրանք՝ Մամեդովը, Քոչինյանը և Նավասարդյանը, մոտ երկու շաբաթ առաջ նաև օֆլայն էին հանդիպել՝ Երևանում։ Մամեդովը Բաքվից ուղիղ չվերթով մեր երկիր ժամանած ադրբեջանական պատվիրակության կազմում էր։  

Վերջին մեկ-երկու ամսում հայ-ադրբեջանական ուղիղ հանդիպումները հաճախակի են դարձել։  Հոկտեմբերի 22-ին այդպիսի մի հանդիպում կազմակերպվել էր Ստամբուլում,  21-22-ին քաղհասարակությունների միջև երկկողմ հանդիպման նպատակով Երևան էին ժամանել ադրբեջանցի փորձագետներ  իսկ նոյեմբերի 4-ին ադրբեջանցի մեկ այլ փորձագետ մասնակցում էր հայկական «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումին։ 

Հանդիպումները, ըստ փորձագետների, հաճախակի են դարձել, քանի որ կա երկու երկրների լիդերների համաձայնությունը՝ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու հարցում։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցեց հոկտեմբերի 28-30-ը Երևանում անցկացված Արեւելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի 12-րդ լիագումար նիստին։ Քննարկման ժամանակ Բորիս Նավասարդյանը հիշեցրեց․ «Հայտնի է, որ Երևան չգալու պատճառը ոչ այնքան համաժողովի վայրն էր, որքան կառույցի՝ Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները, բայց փաստ է, որ Բաքուն երկու անգամ է բոյկոտել Եվրանեսթի պլենար նիստերը, և երկուսն էլ Երևանում՝ 2015 և 2025 թվականներին»։ 

Մամեդովի խոսքով՝ պետք է շրջանցել հարցերը, որոնք կարող են ստվերել խաղաղ շփումները կողմերի միջև․ Եվրանեսթի ու Բաքվի խնդիրը բանաձևերի մեջ է։ «Կարող էր ադրբեջանական պատվիրակությունը մասնակցել Երևանում անցկացված նիտին, բայց հարցերը, որոնք քննարկվելու էին Երևանում, հնարավոր է՝ վնասեին գործընթացին», -ասաց քաղաքագետը։ 

Press Clubs TV-ի այս հաղորդման ընթացքում խոսվեց նաև եկող տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին․ հայտնի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս միջոցառմանը չի մասնակցելու։ Մամեդովը չբացառեց Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությունը։ Նա ասաց․ «Այն, որ Ադրբեջանն այս  գագաթնաժողովին չի մասնակցելու բարձրագույն մակարդակով, դեռ չի  նշանակում, որ չի մասնակցի բարձր՝ օրինակ՝ արտգործնախարարի մակարդակով»։ 

Հայ-ադրբեջանական հանդիպումներ՝ «կատաղի տեմպով» 

Տարբեր մակարդակներում հայ-ադրբեջանական հանդիպումները, ըստ Արեգ Քոչինյանի, կարևոր են հանրությանը խաղաղության մասին քննարկումներին մոտեցնելու առումով: «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահը նշում է․ «Ես մարդ եմ, որը Երևանում ընդունել է ադրբեջանցի պատվիրակներին, ու շատ ուշագրավ էր օդանավակայանում տեսնել ինքնաթիռ՝ վրան գրված  «Ադրբեջան»։ Քոչինյանի բնորոշմամբ՝ հանդիպումներն ընթանում են «կատաղի տեմպով», ու  այսօր կարևոր է հասարակություններին մասնակից դարձնել գործընթացին, որպեսզի այն դառնա անշրջելի։  

Փորձագետը կարծում է, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը ինքնավարություն է ձեռք բերել, և որքան կողմերը մերձենան, այնքան կփոքրանա երրորդ կողմի միջամտության հնարավորությունը, իսկ միջամտել ցանկացող ուժեր, ըստ Քոչինյանի, կան երկու երկրների և՛ ներսում, և՛ դրսում։    

Բորիս Նավասարդյան․ «Իրատեսական խնդիրներ՝ իրական ակնկալիքներով» 

Հայ և ադրբեջանցի փորձագետների երկօրյա հանդիպումը Երևանում կազմակերպվել էր Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական կառույցների աջակցությամբ՝ առանց երրորդ կողմի միջնորդության։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկա է եղել հայ–ադրբեջանական փորձագիտական հանդիպման նիստերից մեկին։ 

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ միջնորդների բացակայությունը մասնակիցներին պարտավորեցնում է լինել «առավելագույնս իրատես ու դնել խնդիրներ, որոնք մոտ ապագայում կարող են լուծվել»։ 

Հանդիպման արդյունքների մասին, փորձագետի կարծիքով, դեռ վաղ է խոսել․ պետք է ժամանակ՝ տեսնելու համար, թե իրացման ինչ ընթացք են անցնում գաղափարներն ու նախաձեռնությունները, որոնք քննարկվել են աշխատանքային երկու օրերին։  

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ 10 անձից կազմված ձևաչափը (5-ը՝ Հայաստանից, 5-ը՝ Ադրբեջանից), հաղորդակցման յուրահատուկ կամուրջ է, որը, գեներացված առաջարկները պաշտոնական կառույցներին հասցնելով, պետք է ընդարձակի երկխոսության օրակարգը։   

Շնորհակալություն ԶԼՄ-ներին՝ չհաշված բացառությունները 

Ադրբեջանցի պատվիրակների այցելությունը Երևան՝ Բաքվում լուսաբանվել է բացառապես դրական ենթատեքստով։ Media.am-ի հետ զրույցում Բորիս Նավասարդյանը բացատրել է, թե ինչու՝ Ադրբեջանում հանրային կարծիքի կոնսոլիդացիան շատ բարձր է, ինչը չի կարելի ասել մեր երկրի մասին։  

Հայկական մամուլում եղել են նաև խնդրահարույց կամ աղավաղված բովանդակությամբ հրապարակումներ։  

Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ ադրբեջանցի պատվիրակների այցի մասին նախապես չէր հրապարկվել, բայց Sputnik Արմենիան տեղեկացրել էր, թե որ հյուրանոցում են լինելու հյուրերը։ Նավասարդյանի խոսքով՝ սա յուրատեսակ «սադրանք էր լրատվամիջոցի կողմից»։  

Աղավաղված ինֆորմացիա է հաղորդել նաև «168 ժամը»՝ «կուլիսային մանրամասներ բացահայտելով»։ Անդրադառնալով  քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի՝ ադրբեջանական հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին՝ 168․am-ը գրել է, թե փորձագետն ասել է, որ Երևանում քննարկվել է նաև «Խոջալուի ցեղասպանության»հարցը։    

Հայ-ադրբեջանական քաղաքացիական դիվանագիտության կլոր սեղանի մասնակիցները հայտարարությամբ անդրադարձել են այս հրապարակումներին։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանցի փորձագետը Խոջալուի մասին չի խոսել, քանի որ նման հարց Երևանում չի քննարկվել։ «Ֆարհադ Մամեդովը, պատասխանելով լրագրողի հարցին, ընդհակառակը, ընդգծել է. «Տեսականորեն, իհարկե, հաշտեցումը այս ողբերգությունների նկատմամբ վերաբերմունքի ձեւավորումն է: Բայց սա արդիական խնդիր չէ: Մենք պետք է հաշտվենք իրականության հետ»»,- համաձայն հայտարարության՝ ասել է Մամեդովը։  

Վերոհիշյալ հրապարակումները հայտարարության հեղինակները համարում են միտում՝ «անբարեխիղճ լրագրության միջոցով խեղաթյուրված պատկեր ձևավորելու հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին և անառողջ լարվածություն ստեղծելու դրա շուրջ»։