Երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի ելքի-մուտքի կնիքի վրայից հանվելու է Արարատ լեռան ուրվանկարը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դարձավ լրատվամիջոցների ամենափնտրված զրուցակիցը։ Մի օր Հանրայինում էր, հաջորդ օրը՝ Սիվիլնեթում, հետո՝ 1in.am-ում։
Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր երկրի հատուկ ներկայացուցիչն է, և սեպտեմբերի 12-ին «Մարգարա» անցակետում դիմավորել էր առաջին անգամ Հայաստան այցելող թուրք գործընկերոջը՝ Սերդար Քըլըչին։ Հարցազրույցների առիթը սա էր, բայց հարցերի մեծ մասը վերաբերում էր Արարատի ուրվանկարին, որը նոյեմբերի 1-ից արդեն չի լինելու Հայաստան մուտքի և ելքի ժամանակ անձնագրերում դրվող կնիքի վրա։
Այս մասին որոշումը կառավարությունը ընդունել է սեպտեմբերի 11-ին՝ փոփոխություններ կատարելով 2011 թվականի մայիսի 12-ին ընդունված «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» որոշման տարբեր հավելվածներում։ Փոփոխությունների փաթեթը եղել է չզեկուցվող հարցերի շարքում, բայց եթե զեկուցվել էր, հազիվ թե դրա քննարկմանը հետևող շարքային քաղաքացին գլխի ընկներ, որ խոսքը Արարատի ուրվագիծը հեռացնելու մասին է։ Արարատի անունը առաջարկվող փոփոխության մեջ չի նշվում, նոր տարբերակը շարադրվում է առանց Արարատի։
4) հավելված N 3-ում.
ա. 6-րդ կետի 2-րդ պարբերությունում «42 x 25» թվերը փոխարինել «38 x24» թվերով, իսկ 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ամսաթիվ-կնիքի վրա հայերենով և անգլերենով նշվում են «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA» բառերը, պետական սահմանի անցման կետի անվանումը, պետական սահմանը հատելու օրը, ամիսը և տարեթիվը, ստուգիչ թիվը, ելքի կամ մուտքի նշանը, ամսաթիվ-կնիքի համարը, ինչպես նաև պատկերված են համապատասխանաբար` օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետերի տարբերանշանները»:
«Սերդար Քըլըչի անձնագրում կնիք դրվե՞լ է, թե՞ ոչ, և եթե դրվել է՝ Արարատի՞ պատկերով»,- Սիվիլնեթի տաղավարում Ռուբեն Ռուբինյանին հարցնում է Արշալույս Մղդեսյանը։ -«Չեմ հետաքրքրվել, բայց եթե դրվել է, ուրեմն, Արարատի պատկերով»,-պատասխանում է Ռուբինյանը։ Նա վստահեցնում է՝ կնիքի փոփոխությունը ոչ մի կապ չունի Քըլըչի այցի հետ, և Արարատի հարցը ընդհանրապես Հայաստան-Թուրքիա բանակցություններում չի քննարկվել։ Ուրեմն, ինչո՞ւ է Հայաստանը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում Արարատի ուրվանկարից․ Ռուբինյանը պատասխանում է․ «Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ Հայաստանը մեկ-մեկ բաներ է անում սեփական կամքով»։ Նա հիշեցնում է՝ իշխանությունը հասել է նրան, որ այսօր ՀՀ-ի բոլոր սահմանային անցակետերում ծառայություն են իրականացնում հայ սահմանապահները, մինչդեռ իրենցից առաջ երեսուն տարի այլ երկրի սահմանապահներն էին, երկրից ելումուտի ժամանակ էլ կնքվում էր՝ КПП Россия կամ КПП Армения:
1in.amի եթերում Հատուկ ներկայացուցիչը հակիրճ ձևակերպում է հեռացվող Արարատի և արդեն հեռացած ռուս սահմանապահների կապը․ «Սահմանային անցակետերի հսկողությունը ոչ հայ սահմանապահների կողմից այն գինն է, որը մենք վճարել ենք տարբեր սենտիմենտալ պատկերներ պատկերելու համար»։
«Արարատը սրբություն է և մեր ինքնության մասը»,- համոզված է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ A1plus.am-ի տաղավարում նա ասում է՝ ՀՀ-ն երբեք տարածքային պահանջ չի ունեցել Թուրքիայից, Թուրքիայի համար էլ Արարատի պատկերից հրաժարվելը չի եղել նախապայման։ «Փաշինյանը ինքնագրաքննվում է, իբր ինքնամաքրման է տանում, բայց դրանից մեր ինքնությունն է մաքրվում»,- ասում է Մարուքյանը։ Նա հիշեցնում է, որ երբ ՀՀ-ն դարձել է ԵԽԽՎ անդամ, Թուրքիան չի ասել՝ հանեք զինանշանի վրայից Արարատը։ Դարձել է ԱՀԿ-ի անդամ, Թուրքիայից միայն մեկ նախպայման է եղել՝ եթե Ադրբեջանն ապագայում ուզենա դառնալ ԱՀԿ անդամ, ՀՀ-ն չի կարող միջատել։
Արարատի ուրվագիծը կնիքից հեռացնելու վերաբերյալ Փաշինյանը կարծիք հայտնեց սեպտեմբերի 18-ին՝ կառավարության նիստից հետո։ Ասաց, որ անվտանգության մեր ռազմավարության մեջ առանցքային է մեր լեգիտիմության գործոնը, իսկ դրա համար պետք է մեր պետությունը դնենք ճիշտ աերոդինամիկայի, ճիշտ դիրքի վրա։
Հորդորեց հասկանալ՝ ինչ նշանակությամբ և ինչու է Արարատը հայտնվել կնիքի վրա։ «Մինչև 2004 թվականը, եթե ճիշտ եմ հիշում, այդ դրոշմը չի եղել։ Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ խնդիր էին ուզում լուծել այդ նորամուծությունը բերող պաշտոնյաները։ Գուցե լեգիտիմության խնդիր էին լուծում, այդ թվում՝ ներքաղաքական լեգիտիմության։ Եթե ընտրված չես, քեզ պետք են լեգիտիմության նոր աղբյուրներ՝ մի տեղ սարի նկար կպցնել, մի տեղ` ուրիշ նկար, մի տեղ` ընկալումներն ու պատասխանատվությունը տարածել ՀՀ–ից դուրս, որպեսզի այն փաստը, որ ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն չկա, լղոզվի»։
Թեպետ վարչապետը և ՔՊ–ականները լրատվամիջոցներին վստահեցնում են, որ կնիքից Արարատը հեռացնելու հարցը Թուրքիայի հետ երբեք չի քննարկվել, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ենթադրում է, որ Թուրքիայից մեզ ինչ–որ բան, այնուամենայնիվ «հասկացրել են»։ Նա հիշեցնում է օգոստոսին մամուլում տեղ գտած լուրերը, թե Թուրքիան պատրաստվում է սահմանային անցակետը կոչել Թալեաթի անունով։ Առանց որևէ հիմնավորման ու մանրամասնի՝ Սաֆարյանը ենթադրում է․ «Քանի որ Հայաստանը չէր թաքցնում իր շահագրգռոuթյունը, որ Թուրքիան հանի շրջափակման որոշումը և բացի սահմանը, մեզ հասկացրին, որ եթե դուք շարունակեք էդպես սիմվոլներով կռիվ տալ մեր դեմ, մենք էլ սիմվոլիկա ունենք` ոչ հաճելի ձեզ համար։ Ինձ թվում է, որ մենք էդ որոշումով կանխել ենք, որ նրանք էդ քայլը անեն»։
ՔՊ–ական Մարիա Կարապետյանն ասում է․ «երբ կնիքի վրայից Արարատի պատկեըը հանվում է, դա պետք է ողջունվի, խելքի ենք եկել»։ Նրա խոսքով՝ կառավարող թիմում խորքային և անշրջելի փոփոխություն է եղել։ «Եթե մինչև 44-օրյա պատերազմը այսպիսի խորքային փոփոխություն լիներ, կարելի էր պատերազմը կանխել․ ինչ պետք է անեինք մենք պատերազմը կանխելու համար, եթե ոչ նման խորքային փոփոխություններ»,- ասում է ՔՊ–ական պատգամավորը։
«Մեր պետության ուրվագիծը այն տարածքն է, որից դուրս մենք քաղաքական նպատակներ չունենք՝ ո՛չ ուղիղ իմաստով, ո՛չ էլ անուղղակի՝ մեր սրտերում, քաղաքական սրտերում նկատի ունեմ»։ Նկատում է՝ մենք ասում ենք՝ Հայաստանը չի ունեցել տարածքային պահանջ, բայց թույլ ենք տվել, որ ընդդիմադիր որևէ շրջանակ շարունակի այդ խոսույթը կենդանի պահել»։ Նշում է նաև խոսույթը․ «Մի օր քրդերը կապստամբեն, Թուրքիան կփլուզվի, և մեզ համար պատմական հնարավորություն կստեղծվի»։
Ինքնությունն ընդդեմ կոնֆլիկտային տրամաբանության, բազմադարյանն ընդդեմ պետականության, պետականությունն ընդդեմ սենտիմենտի, Նիկոլն ընդդեմ բիբլիականի․ այսպիսի արտահայտություններ շատ են հնչում այսօր։ Արարատի ուրվանկարից հրաժարվելու հարցն այնքան բուռն է քննարկվում, ասես, խոսքը ոչ թե նկարից, այլ Արարատից հրաժարվելու մասին է։ Ու դեռ հարց է՝ հայաստանցիներիս քանի՞ տոկոսը գիտեր, որ այդ կնիքի վրա Արարատի նկար կա։ Ու ամեն օր Արարատը տեսնողներիս քանի՞ տոկոսն է մտածում, թե ինքն Արարատից հրաժարվել է․ խոսքը ոչ թե Մարիա Կարապետյանի ասած «քաղաքական», այլ սովորական՝ մարդկային սրտով հրաժարվելու մասին է։