ԵԱՀԿ Մինսկի խումբը Ստեփանակերտում։ 17 դեկտեմբերի, 2013թ․

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ավելի քան 30 տարի եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքը, 2025-ի սեպտեմբերի 1-ից լուծարված է։ Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նամակով տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ–ին, իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում ստորագրել էին Մինսկի խմբի լուծարման դիմումը՝ ուղղված ԵԱՀԿ–ին։ Դիմումի համատեղ ստորագրումը նախատեսված էր եռակողմ հանդիպմանը ընդունված հռչակագրով։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մինսկի խմբի լուծարման հարցով ՀՀ–ի հետ համատեղ դիմումը նշում էր որպես պայման՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։  

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով՝ 1992-ի մարտին, և փաստացի դադարեցրել գործունեությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2020-ի 44–օրյայից հետո առաջ եկած հանգամանքների բերումով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման փաստով։ Ռուս–ուկրաինական պատերազմի սկսելով, սակայն, Մինսկի խմբի անդամները՝ ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն, այլևս չէին հանդիպում։  

«Մահախոսական․ Մինսկի խումբն այլևս չկա»․ այսպես է վերնագրված ՍիվիլՆեթի  հաղորդումը, որտեղ «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Տիգրան Գրիգորյանն անդրադառնում է խմբի լուծարմանը։ Նրա դիտարկմամբ՝ Մինսկի խմբի ստեղծմամբ Արևմուտքը փորձում էր ազդեցության գործիք ստանալ Հարավային Կովկասում, և «մշտապես մրցակցություն կար՝ ում՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի միջնորդությամբ է խաղաղությունը հաստատվել»։ 44-օրյա պատերազմից հետո, ըստ քաղաքագետի, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից ենք լսում, թե Մինսկի խումբն անարդյունավետ կառույց է եղել, «բայց վերջնարդյունքի մեղքը միջնորդական կառույցի վրա բարդելը ճիշտ չէ»,- համոզված է Գրիգորյանը։  

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor. am-ի տաղավարում ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման մասին ասում է․ «Կարևորագույն էդ գործիքը թաղեցին»։ Զուրաբյանը խմբի լուծարումը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 23-ի ուղերձի համատեքստում․ ուղերձը նվիրված էր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունմանը։ «Եթե խորանում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, պարզվում է՝ Մինսկի խմբի փակելը անհրաժեշտություն էր․ դու պիտի Արցախի հարցը թաղես Արցախի հետ միասին»,– մեկնաբանում է Զուրաբյանը։ 

Մինսկի խմբի լուծարումից հետո հանրապետական Հայկ Մամիջանյանը հիշեցնում էր, թե Նիկոլ Փաշինյանը խախտել է իր խոստումը՝ դիմումը ստորագրելով ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրման, այլ նախաստորագրման ժամանակ։  

ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն էլ 1in.am–ի եթերում ասում է, թե Մինսկի խմբի լուծարումը և դրան զուգորդող գործընթացները այս փուլում «Արցախի հարցի քաղաքական գործոն լինելու վերացմանը միտված քայլեր են»։ Կարծում է, որ Արցախի հայությունը պետք է այդ գործոնը նոր ձևաչափով բերի միջազգային ասպարեզ և պահի ասպարեզում, բայց «դրա համար պետք է աշխատանք, պետք են աջակից պետություններ և ֆինանսներ»,- ասում է Արման Մելիքյանը։