Արցախցի մայրիկների բողոքի ակցիան կառավարական ամառանոցի դիմաց, 30 մարտի, 2025թ․։ Լուսանկարը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Ֆեյսբուքի էջից։

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն ուզում են իրենց տուն գնալ, չնայած շատ լավ գիտեն, որ դա այսօր հնարավոր չէ։ Հնարավոր չէ, բայց ուզում են՝ խոսքի, սրտի, կարոտի մակարդակով։ Ուզում են այդ մասին խոսել, ու իրենց լսող լինի՝ պետության մակարդակով։ Պետությունը՝ կառավարությունը, այլ բան է անում ու ասում՝ կրճատում է արցախցիներին տրվող 40.000+10.000 ֆինանսական աջակցությունը, որպեսզի նրանք առավել ակտիվորեն օգտվեն իրենց համար իրականացվող բնակապահովման ծրագրերից։  

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ազատության» եթերում ասում է․ «Մենք ուզում ենք, որ նրանք այստեղ նոր կյանք սկսեն»։ Կարապետյանը հորդորում է նայել Հանրային հեռուստատեսության «Հայրենակից» հաղորդաշարը։ Դա հենց այն արցախցիների մասին է, որոնք օգտվել են կառավարության ծրագրերից ու որոշել են Հայաստանում նոր կյանք սկսել։ Պատգամավորն ասում է՝ Հանրայինի միջոցով պետությունը հենց դա է քարոզում։ 

Ապրիլի 14-ին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը «պահանջում էր», որ արցախցի Գեղամ Ստեփանյանը կառավարությանը շնորհակալություն ասի։ Ստեփանյանը, որն Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ է և Արցախի նախկին ՄԻՊ–ը, տեղահանված արցախցիներին ընդունելու, տեղավորելու և աջակից լինելու համար շնորհակալություն էր հայտնում հայաստանցի հայրենակիցներին, Պետրոսը՝ թե․ «ինչո՞ւ շնորհակալություն չեք ասում Հայաստանի կառավարությանը, ու ասում եք՝ հայրենակիցներին»։ Ստեփանյանը նորից հիշում է 40+10 ծրագիրը, որը կիսով չափ կրճատվել է, ու որի համար արցախցիները բողոքի ակցիաներ են սկսել։ Ասում է՝ դա կառավարության իրականացրած միակ կարևոր ծրագիրն է, որը մինչև հիմա պահպանել է արցախցիներին Հայաստանում։ Եթե ուզում եք, որ դրա համար շնորհակալություն ասեմ, կասեմ»։  

Պարտադրված այս շնորհակալությունը պիտի որ անհարմարության զգացողություն առաջացրած լինի Հանրայինի այն դիտողների մոտ, որոնք չեն մտածում, թե պետությանը՝ տուն–տեղ, հայրենիք ու հույս կորցրած հայրենակիցներին օգնելու համար շնորհակալությունը պետք է ասել Հանրայինի եթերում․ խնդիր է հենց կառավարության արածն ու քաղաքականությունը քարոզող Հանրայինով պահանջված շնորհակալությունը։ 

«Ազատության» եթերում Մարիա Կարապետյանն ասում է՝ «Սոցիալական ցանցերը եթե նայենք, կթվա՝ եթե դուրս գնանք մի համայնք, կտեսնենք, որ մի հայաստանցի ու մի ղարաբաղցի թավալգլոր կռվում են իրար հետ»։ Իրականում, Կարապետյանի նկարագրածը տեսնելու համար պետք չէր որևէ համայնք գնալ, Պետրոս Ղազարյանի ու Գեղամ Ստեփանյանի զրույցը Հանրայինի եթերում դա էր հիշեցնում, և այդ զրույցում Պետրոսը ներկայացնում էր կառավարությունը, նա ոչ թե հարցազրուցավար էր ու մեկնաբան, այլ հենց բանավիճող կողմ։ Հանրայինի տաղավարում տեսել ենք իշխանության ու ընդդիմության, ռուսամետների ու եվրոպամետների, սոցիալական, տնտեսական, հազար ու մի այլ հարցի կողմ ու դեմ արտահայտվողների բանավեճ․ սա արցախցի–հայաստանցի առաջին բանավեճն էր։ 

Դրա ընթացքում հարցազրուցավարը մի քանի անգամ «մեր ու ձեր» արեց․ մերը Հայաստանն էր, ձերը՝ արցախցիներն ու իրենց իրավունքները, որոնք պաշտպանելը կարող է վատ անդրադառնալ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա․ սա էր հիմնական մեսիջը, որը հնչում էր Հանրայինի տաղավարից։   

Մեկ այլ տաղավարում՝ Factor.am-ի եթերում ապրիլի 14-ին բանավիճում էր արցախցի–հայաստանցի մեկ այլ «զույգ»՝ Մարիա Կարապետյանն ու Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։ Այստեղ բանավեճը ամբողջությամբ քաղաքականության շուրջ էր՝ առանց 40+10 ծրագրի կրճատման։ Մարիա Կարապետյանն ասում էր, որ Արցախում իշխանության որոշ ներկայացուցիչներ անպատասխանատու քաղաքականություն են վարել, ինչի պատճառով է հայաթափվել է Արցախը․ հիմա էլ փորձում են նույնքան անպատասխանատու պահել իրենց Հայաստանում։ Նա նաև անուններ  էր տալիս՝ Սամվել Շահրամանյան, Մետաքսյա Հակոբյան։ Հայկ Խանումյանը հիշեցնում էր՝ արցախցիներն ուզում են, որ իրենց՝ Արցախ վերադարձի հարցը Հայաստանի իշխանությունը դարձնի քննարկման առարկա՝ հստակ է, որ այսօր լուծում չի տրվելու դրան, բայց թող «միջազգային մատյաններում արձանագրվի»։ ՔՊ–ական պատգամավորն ասում էր՝ առաջնայինը ՀՀ–ի անվտանգության օրակարգն է, իսկ Արցախ վերադարձի հարցը միջագային օրակարգ ներդնելու ռեսուրսներ Հայաստանը չունի։ Դրան, ըստ Կարապետյանի, ՀՀ–ն կարող է հետամուտ լինել միայն երկրի անվտանգությունը պահելով՝ այդքանով արձանագրված է։ Հայկ Խանումյանի հարցին՝ «Բա որ արձանագրված է, ինչո՞ւ եք թշնամանում էս մարդկանց, որոնք խոսում են դրանից», ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց ՝ որովհետև նրանք ինստիտուտների շարունակականույթունից են խոսում, իսկ դա ՀՀ–ի նկատմամբ ռիսկեր է պարունակում»։  

Factor.am-ի եթերում էլ Մարիա Կարապետյանը հորդորեց նայել Հանրայինի «Հայրենակից» հաղորդաշարը՝ իմանալու համար, թե ինչպես է պետությունը վերաբերվում արցախցիերին, Հայկ Խանումյանին հորդորեց՝ դադարեցրեք մարդկանց ներշնչել, թե Հայաստանում պետական մակարդակով արցախատյացություն կա։

Հայաստանցի–արցախցի տարաձայնությունները հեռուստաեթերում՝ համեմատաբար նոր, իսկ եթերից դուրս շատ հաճախ են քննարկվել։ Այս անգամ առիթը դարձավ Արցախից բռնի տեղահանվածների ցույցը՝ մարտի 29-ին, որի ընթացքում պիտի քննարկվեին արցախցիների սոցիալական խնդիրները, ավելի կոնկրետ՝ 40+10-ի կրճատումը։ Հետո ձևավորվեց արցախցիների իրավունքների պաշտպանության կոմիտե։ Ումի՞ց է կոմիտեն պաշտպանելու այդ իրավունքները․ ենթադրաբար՝ Հայաստանի կառավարությունից, որն այդ սոցիալական խնդիրների տակ քաղաքական պատճառներ ու նպատակներ է տեսնում։ Ու եթե սոցիալականի լուծման ճանապարհներ ինչ–որ կերպ իշխանությունը փորձում է գտնել, ապա քաղաքականի դեմ, պատրաստ է պայքարել․ Մարիա Կարապետյանն ասաց՝ օրենքի ուժով, եթե դրանք սպառնալիք են Հայաստանի Հանրապետության համար։