Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում անցկացված ավագանու ընտրություններում կար Ղարաբաղը, կային Եվրոպան ու Ռուսաստանը։ Արցախի թեման ավելի շատ քննարկվում էր մինչև քվեարկության օրը։ Դրա կուլմինացիան եղավ մարտի 27-ին Հանրային հեռուստատեսության եթերում կազմակերպված բանավեճը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը և ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյանը վիճում էին, թե ով հանձնեց Արցախը։ Մխիթարյանը գոռում էր՝ Նիկոլ Փաշինյանը, Մինասյանը՝ «Քոչարյանն ու Սերժը»։
Եվրոպայի ու Ռուսաստանի վերաբերյալ քննարկումը ակտիվացավ հատկապես ընտրության օրվանից՝ մարտի 30-ից հետո, երբ քվեարկության արդյունքները որոշակիացան, ու պարզ դարձավ, որ «Եվրադաշինքը» պարտվել է՝ զրկվելով ավագանու մաս կազմելու հնարավորությունից, իսկ «Կոմունիստական կուսակցությունը», «Մայր Հայաստան» ու «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունների աջակցությամբ, ունի այնքան ձայն, որ հավակնում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնին։
Ընտրություններից 5 օր անց Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին ասում է՝ «Վարդան Ղուկասյանով հրճվողների թեզն այսպիսին է՝ այո, նա վատն է, բայց դուք թուրք եք, և կլանների և թուրքերի միջև մենք ընտրում ենք․․․գոնե կլանները ազգային կլաններ են»։ Ալեքսանյանը պատասխանում է․ «Ազգային հողի վրա խմբակային բռնաբարություններ ու ազգային հողի վրա սպանություննե՞ր․ օքեյ»։
Ապրիլի 16-ին տեղի է ունենալու Գյումրի համայնքի նորակազմ ավագանու առաջին նիստը, որտեղ ընտրվելու է քաղաքապետ։ Արդեն հայտնի է, որ քաղաքապետ ընտրվելու հարցում Վարդան Ղուկասյանը քվեների պակաս չի ունենալու, բայց ընտրական կրքերը չեն մարում․ Վարդան Ղուկասյան–Մարտուն Գրիգորյան/Քոչարյանի թիմ–Սերժի թիմ, իշխանություն–ընդդիմություն համակարտությունը շարունակվում է։
Մարտուն Գրիգորյանը, որի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը անհրաժեշտ քանակությամբ քվեներ կտա Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար, այս հարցը նրա հետ չի քննարկել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը մայիսի 30-ի ընտրություններից հետո փորձում էր Մարտուն Գրիգորյանին ու Վարդան Ղուկասյանին մի սեղանի շուրջ նստեցնել, ապրիլի 6-ին News.am–ի եթերում ասում է, որ դա իրեն չհաջողվեց, Գրիգորյանն ու Ղուկասյանը չեն հանդիպել։
Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը նախկինում եղել են ԲՀԿ–ականներ, եղել են ՀՀԿ–ական կամ վայելել են ՀՀԿ–ի հովանավորությունը, մրցակցել են քաղաքապետի պաշտոնի համար, կրակել են իրար վրա, թշնամացել։ Մամուլը գրում է՝ նրանց միջև արյուն կա։ Այս իրավիճակը շահարկում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ ՔՊ–ականները կասկածում են, թե այսքանից հետո նրանց թիմերը կարող են արդյունավետ համագործակցել, ընդդիմադիրներն էլ շեշտում են՝ որքա՛ն մեծ է Նիկոլ Փաշինյանին ցանկացած գնով իշխանությունից հեռացնելու ցանկությունը, որ Մարտուն Գրիգորյանը պատրաստ է մի քանի քվե տալ Վարդան Ղուկասյանին։
Բայց սա՝ «Քաղաքացիական պայմանագրից» գոնե Վահագն Ալեքսանյանի համար անսպասելի չի եղել։ Ապրիլի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին նա ասում է, որ նախընտրական «Մեծ բանավեճից» առաջ իրենց թեկնածու Սարիկ Մինասյանին խնդրել է Մարտուն Գրիգորյանին հարցնել՝ ի՞նքն էլ է վերջում միանալու Վարդան Ղուկասյանին։ Մինասյանը պատասխանել է․ «Ապ ջան, դու լավ չես հասկնա, ըդպես բան չի կրնա էղնի»։
Այն սցենարը, որը ընդդիմությունը խաղարկեց Գյումրիում մարտի 30-ին՝ «երկու թեկնածու՝ Քոչարյանի, երկու թեկնածու՝ Սերժի կողմից», ըստ Վահագն Ալեքսանյանի, նախատեսել են նաև 2026-ի խորհրդարանական ընտրությունների համար։ «Էլի առաջադրելու են ինչ–որ տարօրինակ դեմքեր․ նկատի ունեմ ոչ ուղիղ քրեաօլիգարխիկ դեմքեր, այլ կուսակցությունների տեսքով, բայց տակից էլի պիտի գա Վարդան Ղուկասյանից ավելի բարձր լեվլի մեկը՝ ասենք՝ Քոչարյանը կամ Սերժը»։
Որ Վարդան Ղուկասյանի հետևում Ռոբերտ Քոչարյանն է, Մարտուն Գրիգորյանի հետևում էլ՝ Սերժ Սարգսյանը, Պետրոս Ղազարյանի եթերից հնչում է ոչ առաջին անգամ։ Ապրիլի 2-ին «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Վարդան Ղուկասյանի մասին ասում է՝ Քոչարյանի թեկնածուն։ Պետրոսը ճշտում է՝ նա Քոչարյանի՞ թեկնածուն է։ Պատասխանի մեջ քաղաքագետը նշում է՝ 5-րդ ալիքը պաշտպանում էր նրա թեկնածությունը, ու նույն միտքը հաստատում է նաև Պետրոսը՝ ասելով՝ «Հաշվի առնելով ոնց էր 5-րդ ալիքը ոգևորված Վարդանիկով»։
Ի դեպ, նախընտրական փուլի վերջին հարցազրույցը 5-րդ ալիքը հենց Վարդան Ղուկասյանի հետ արեց ,և ոչ թե հեռուստաընկերության աշխատակից Դերենիկ Մալխասյանի կամ «Մայր Հայաստանի» ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանի։
«Հրաշափառ պատահականությամբ»՝ ինչպես 1in.am-ի եթերում ասում է «Եվրաքվե» դաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանը, Պետրոս Ղազարյանի վերջին հարցազրույցն էլ ընտրություններից առաջ, ՔՊ–ի թեկնածու Սարիկ Մինասյանի հետ էր։ Բարսեղյանը հիշեցնում է՝ «Մեծ բանավեճից» հետո, և Սարիկը բանավեճի ընթացքում հնչած տեսակետներին անդրադառնալու հնարավորություն ուներ։
«Վարչապետի խոսնակը մեր աղջիկն է, բայց պիտի հասկանաս՝ ինչ ես ասում»
Մարտուն Գրիգորյանի՝ Վարդան Ղուկասյանին քվեներ տալու հայտարարությունից հետո, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետ ընտրվելու նրա շանսերը մեծանում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքում գրեց՝ «Աստված չանի՝ Գյումրիում մեկի գլխից մազ ընկնի»։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը News.am-ի եթերում տարակուսում էր՝ իսկ եթե պակասի, ի՞նչ պիտի անի․ «Վարչապետի խոսնակն էդ ի՞նչ լծակների է տիրապետում, ոչ մի լծակի չի տիրապետում․ Ներքին գործե՞րն է իրեն ենթակա, Ազգային անվտանգությո՞ւնը, ուժային կառույցնե՞րը»։
Թեմի առաջնորդը ենթադրում է, որ կառավարության և բազմակուսակցական ավագանու հետ աշխատանքում Վարդան Ղուկասյանը դժվարություններ է ունենալու ու պետք է «կարողնա այնպես անել, որ ո՛չ շիշը վառվի, ո՛չ խորովածը»։ Նա հույս ունի, որ Վարդան Ղուկասյանը փոխված կլինի։ Ասում է․ «Վարդան Ղուկասյանը 60–ն անց մարդ է, արդեն իմաստնացած։ 40–ամյա Վարդան Ղուկասյանը չէ, ոչ էլ 30–ամյա։ Նա պետք եղած փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքը ղեկավարելու համար, կանի նախ՝ մտքում, հետո՝ վարքում»։