Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, 24 հոկտեմբերի, 2024թ․։ Լուսանկարը՝ primeminister.am-ից։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»․ մարտի 19-ին ֆեյսբուքում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Մարտի 20-ին, աշխատանքային օրը հազիվ սկսած, նա երկրորդ անգամ էր համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն հայտնել` այս անգամ ավելացնելով․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։ 

Ավելի վաղ՝ մարտի 13-ին  տարածած հայտարարությամբ գրեթե նույն առաջարկն արել էր ՀՀ ԱԳՆ–ն՝ նշելով, որ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։  Ի պատասխան, գրեթե 10 օր Ադրբեջանից այլ բան է հնչում՝ համաձայնագիրն ստորագրելու տեղի ու ժամի մասին խոսելը վաղ է, համաձայնագիրը պատրաստ չէ ստորագրման։ Այսինքն, համաձայնագրի տեքստը լավ չի բանակցվել, կամ չի բանակցվել ընդհանրապես․ հիշենք Ալիևի հայտարարությունը Բաքվում անցկացված Գլոբալ ֆորումի ընթացքում, թե՝ Խաղաղության համաձայնագրի հեղինակը Ադրբեջանն է։ 

Ինչո՞ւ է շտապում Հայաստանը, և ինչո՞ւ է հապաղում Ադրբեջանը համաձայնագիրը ստորագրելու հարցում․ սա  վերջին տասնօրյակում ամենաշատ քննարկվող–վերլուծվող բազմաթիվ հարցերից է։  

Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են բանակցային գործընթացը խաղաղության պայմանագրի տեքստի  շուրջ, հայ հանրությունն իմացավ մարտի  13-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունից։ Ու մինչ համացանցի հայկական տիրույթում քննարկվում էր հերթական կարևոր իրադարձության մասին առաջինը Ադրբեջանից տեղեկանալու հարցը, պարզվեց՝ մեր արտգործնախարարությունն էլ է դժգոհ, որ  հայտարարությունը Ադրբեջանը տարածել էր առանձին, թեպետ իրենք առաջարկել են դա անել համատեղ հայտարարությամբ։ Դժգոհությունը ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ձևակեպված էր այսպես՝ «Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ»։ Սա համաձայնեցված պայմանագրի առնչությամբ պաշտոնական  Երևանից հնչած առաջին արձագանքն էր։ ՀՀ ԱԳ-ն հաստատում էր  ««Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը»։ 

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվեցին շուրջ 4 տարի առաջ։ Դրա 17 կետերի վերաբերյալ խմբագրումները ադրբեջանական կողմը պարբերաբար ուղակում էր Հայաստան՝ համաձայնեցման, իսկ հանրությանը տրամադրվում էր խիստ սահմանափակ և ընդհանուր տեղեկատվություն, որտեղ կոնկրետ էին միայն թվերը խմբագրումների և համաձայնեցված-չհամաձայնեցված կետերի շուրջ։ Պայմանագրի վերջին երկու առաջարկները Ադրբեջանից Հայաստան ուղարկված 12-րդ խմբագրված տարբերակում էին։ Դրանք վերաբերում են միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը և Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ ուժի ներկայացուցիչներ չտեղակայելուն։  

Մեկ ամիս առաջ՝ փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ այս կետերի շուրջ համաձայնություն չկա, իսկ մարտի 13-ին նա լրագրողներին բացատրում էր, թե ինչպես են այդ երկու կետերը հայկական կողմի համար դարձել ընդունելի։ Ասում էր` տեքստերը նույնը չեն մնացել,  էվոլյուցիա են ապրել, մեր ուզած լավագույն տարբերակը չէ, բայց էվոլյուցիան այնպիսին է, որ կարող է ընդունելի լինել մեզ համար»։  Փաշինյանը նշել էր, որ համաձայնագրի տեքստը դարձել է ընդունելի, որովհետև այն դիտարկել են որպես ամբողջություն։ 

Մամուլը ողողված է խաղաղության համաձայնագրի բովանդակության, ճակատագրի, դրանից սպասվող օգուտների, ակնկալիքների, սպառնալիքների ու վնասների մասին ենթադրություններով  և կանխատեսումներով, որոնք հակասական են ու ծայրահեղորեն տարբեր։  

Այսպես, 1in.am–ի եթերում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամը Սարգսյանն ասում է՝ Ալիևի վրա Թուրքիայի կողմից ճնշում է գործադրվել, հակառակ դեպքում առաջարկություններն անընդհատ «կտանեին-կբերեին»։ Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունը պետք է դիմի ԱՄՆ ղեկավարությանը ու խնդրի, որ նա դառնա համաձայնագրի ստորագրման հովանավորը։ Նույն լրատվամիջոցը զրուցում է ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովի հետ։ Նա ասում է, որ խաղաղության պայմանագիրը մեզ պարտադրվում է, ու պետք է շատ արագ պաշտպանական համակարգեր կառուցել։ Արարատ Միրզոյանն ԱԺ–ում լրագրողներին վստահեցնում է, որ երբ պայմանագիրն ուժի մեջ մտնի, և կողմերը միջազգային ատյաններից հետ քաշեն հայցերը, կա պայմանավորվածություն, որ ապագայում այդ խնդիրների շուրջ այլևս հայցեր չեն ներկայացնելու։ «Եվրաքվե» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը «Առավոտին» հակառակն է խոստանում․ «Եթե Փաշինյանի կառավարությունը հրաժարվում է Ադրբեջանի դեմ հայցերից, դա դեռ չի նշանակում, որ մենք ամենամոտ ապագայում այդ հայցերով չենք վերադառնա միջազգային դատական ատյաններ»։ Ռուբեն Վարդանյանի ընկեր Նուբար Աֆեյանն էլ CNN-ին ասում է, թե խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի գերիների վերադարձի հարցը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ համաձայնագրի տեքստը թույլ է։  «Ազատության» հետ հարցազրույցում բացատրում է՝ որովհետև այնտեղից դուրս են հանվել առանցքային հարցերը, օրինակ, ապաշրջափակման թեման։ ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ «առաջարկությունների փոխարեն՝ հայ–ադրբեջանական փոխանակված մուննաթներ է տեսել»։ Ա1+ի տաղավարում նա ասում է՝ Ադրբեջանն ստացել է՝ ինչ ուզում էր, բայց պայմանագիրը չի ստորագրելու, որովհետև Ալիևն ուզում է «ՀՀ-ի վրա հարձակման դուռը բաց պահել»։ 

Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո սկսվեցին ակտիվ քննարկումներ պատերազմի շուրջ: 

«Ադրբեջանի կրակոցը խաղաղության պայմանագրի վրա» սա 5-րդ ալիքի «Հայլուր» լրատվականի թողարկման վերնագիրն է մարտի 17-ին։ Դրա նախորդ օրը ՀՀ ՊՆ-ն երեք հայտարարություն էր տարածել՝ հերքելով  Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններն այն մասին, թե, իբր, մարտի 16-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նույն հայտարարությունը տարածում էր հաջորդած երկու օրերին նույնպես, ՀՀ ՊՆ-ն հերքում էր՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքել։ 

Նաև վերահաստատում էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Նման որևէ փաստ Ադրբեջանը առայժմ չի տրամադրել։ Զուգահեռաբար, հանրային-քաղաքական դաշտում կարծիքներ են հնչում, թե Ադրբեջանից հնչող ապատեղեկատվությունը նախապատրաստվող էսկալացիայի նշան է։ 

Կրակոցների մասին հայտարարություններից առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր խաղաղության տրամաբանությանը հակասող հայտարարություններ արել՝ համաձայնագիրը չի ստորագրվելու, քանի դեռ ՀՀ-ն  Սահմանադրությունից չի հեռացրել Ադրբեջանից տարածքային պահանջներ ենթադրող ձևակերպումները, կամ, եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, պետք է բանակցի դատական պրոցեսի հետ։ Մեկ այլ պահանջ էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հիշեցրել՝ «պետք է լուծարվեն Մինսկի խումբը և դրա  մնացորդները»։  

Փաշինյանը ավելի վաղ այս պահանջի կատարումը չէր բացառել, բայց՝ «խաղաղության համատեքստում»։ Փաստացի՝ կա նաև որոշում՝ 2026-ին նոր Սահմանադրություն ունենալու վերաբերյալ, և դրա նախաբանից կարող է հանված լինել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Այդ հարցին Հանրային ռադիոյի եթերում անդրադարձել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ ՔՊ-ն վստահեցնում է, որ ո՛չ Անկախության հռչակագրից հրաժարումը, ո՛չ Սահմանադրությունը փոխելու որոշումը պայմանավորված չեն Ադրբեջանի պահանջով։ Ակնհայտ է, սակայն, որ այս անգամ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է լինելու ոչ միայն Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ բացատրում է այս մտքի  էությունը «Խաղաղությանը, խաղաղության պայմանագրին և խաղաղության գործընթացներին միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը»։ 

Ադրբեջանից հնչող պահանջները, սակայն, միայն Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվում։ Դրանց թիվը մոտենում է համաձայնեցված կետերի թվին՝ Զանգեզուրի միջանցքի բացում, ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, նյութական հատուցում ադրբեջանցիներին, Մինսկի խմբի լուծարում, Հայաստանի ապառազմականացում, համագործակցություն Բաքվում ընթացող դատական պրոցեսի շուրջ․ թվարկումը կարող է շարունակվել։