Արարատ Միրզոյանը մարտի 14-ին տեղի ունեցած ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին պատասխանում է պատգամավորների հարցերին։

Խաղաղության պայմանագրի առաջարկություններն են խմբագրվում, Բաքվում հայ գերիներ են դատվում, Ադրբեջանից հայտարարություններ են հնչում, թուրք լրագրողներ են գալիս Հայաստան․ եթե լրագրող եք, այս լուրերի ֆոնին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին պիտի փորձեք հարցեր տալ, որտեղ էլ նրան տեսնեք։ 24news.am–ի ու Mediahub.am-ի լրագրողները մարտի 13-ին նախարարին տեսել էին Կառավարության շենքում․ նա դուրս էր եկել նիստերի դահլիճից, իջել աստիճանները ու հանդիպել լրագրողներին։ Ամեն դեպքում, տեսանյութում լսում ենք միայն այս լրատվամիջոցների լրագրողներ Մերի Մանուկյանի և Վահե Մակարյանի ձայնը, իսկ շատ չանցած՝ միայն այս լրատվամիջոցներն էին վերաբերմունք արտահայտել միջադեպի առիթով։ 

24news.am-ի լրագրողը աստիճաններից իջնող նախարարին հարցնում է՝ ճեպազրույցի կգա՞ք։ Հարցնում է այնքան անբռնազբոս, որքան ամեն օր հետն աշխատող օպերատորին կասի՝ ընդմիջման կգա՞ս։  

Մեր ԱԳ նախարարները՝ մինչև Արարատ Միրզոյանը պաշտոնավարածները, ոտքի վրա լրագրողների հետ շատ չեն շփվել, ինչպես դա անում են ԿԳՄՍ կամ սոցապ նախարարները։ Կառավարության անդամների ճեպազրույցները լուսաբանող լրագրողները գիտեն, որ Արարատ Միրզոյանը էլ նիստից հետո սովորաբար ճեպազրույցի չի իջնում, կառավարության մուտքի մոտ լրագրողներին պատասխանում է փոխնախարար Վահան Կոստանյանը։  

Միրզոյանի մերժումից հետո լրագրողը շարունակում է՝ «ինչի՞»։ Սա հռետորական, ավելին՝ իմիջիայլոց, հենց այնպես նետված բառ է․ եթե կա ճեպազրույց չտալու որոշում, հազիվ թե նախարարը հարկ համարի կանգ առնել ու բացատրել, թե ինչու։ Հեռացող նախարարին հետ է բերում աստիճանների ներքևից շպրտված հերթական պատասխան չենթադրող հարցը․ «Մենակ թուրք գործընկերների համա՞ր եք գնում, պարոն Միրզոյան»։ Խոսքը, ենթադրաբար, մարտի 10-12-ը  Հայաստան ժամանած թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասին է, որոնց հետ Արարատ Միրզոյանը, գոնե ըստ պաշտոնական լրահոսի, հանդիպում չի ունեցել․ ԱԳ նախարարության պաշտոնական կայքում այդ մասին որևէ տեղեկություն չկա։   

Նախարարը «խայծը կուլ է տալիս», անսպասելիորեն շրջվում ու հետ գալիս։ Մերի Մանուկյանն էլ, նպատակին հասած, կողքի լրագրողին կամ օպերատորին շտապեցնում է՝ արի։   

Ինչ հարց էր ձևակերպելու լրագրողը և ինչպես, եթե նախարարը հարկ համարեր ճեպազրույց տալ, չիմացանք, բայց  Արարատ Միրզոյանի արձագանքը խիստ համարժեք էր լրագրողի ռեպլիկներին և անհամարժեք՝ արտգործնախարարի կարգավիճակին։ Աստիճաններից վերև կանգնած նա բարձր տոնով ասում է․ «Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք, ոչ արհեստավարժ։ Սա քաղաքական ակցիա էր։ Ամոթ ձեզ։ Երբ ձեզնից որևէ մեկն ասում ա՝ մենակ թուրք գործընկերներին եք պատասխանում, ես լրիվ իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ»։ Դիվանագիտական հմտություններ, զսպվածություն, լայնախոհություն ու շրջահայցություն մի կողմ դրած՝ արտգործնախարարը տեսախցիկի առջև լեզվակռիվ է անում լրագրողների հետ, ու նրա «ամոթը ձեզը» անպատասխան չի մնում, Mediahub-ի լրագրող Վահե Մակարյանը հակադարձում է՝ ամոթը ձեզ, որ մեզ հետ չեք շփվում։  

Այս ամբողջի մեջ 24news-ի լրագրողը ամոթալի էր համարում այն, որ նախարարն իրենց հետ խոսում է ձեռքը գրպանը դրած։ Այս լրատվամիջոցը տեղի ունեցածի մասին տեսանյութը հենց այդ վերնագրով էլ տարածել էր․ «Ամո՛թ ձեզ․ Միրզոյանը՝ ձեռքը գրպանը դրած, վիրավորում է լրագրողներին և ոչ կոռեկտ պահվածք ցուցաբերում»։ Լրագրողի հարցի և այդ հարցը հնչեցնելու ձևի մասին վերնագրում, բնականաբար, չէր նշվում։  Իսկ եթե նախարարը հանգիստ պատասխաներ լրագրողների բոլոր հարցերին, դարձյա՞լ  «գրպանը դրված ձեռքը»  կհայտնվեր 24news-ի վերնագրում։

Միջադեպը համացանցում երկար չքննարկվեց։ Մեկ–երկու ժամ անց՝ տարածվեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացն ավարտված է։ Հետո հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ–ն, ինչից պարզ դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը պայմանավորվածություն  է խախտել՝ հայտարարությունն ավելի վաղ տարածելով։

Այսինքն, առանց թուրք լրագրողների մասին լրագրողի հարցի էլ, մարտի 13-ին ԱԳ նախարարը կարող էր լարված լինել։ 24news–ի հարցը՝ անկախ դրա ձևից ու նպատակից,  գուցե, նյարդայնանալու լրացուցիչ առիթ էր ու հիշեցում՝ անլուծելի թվացող հերթական խնդրի մասին։  

Հաջորդ օրը՝ մարտի 14-ին, արտգործնախարարը խորհրդարանում էր։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նա մասնակցում էր 2024թվականին արտաքին ոլորտում միջոցառումների ու ծրագրերի իրականացմանը վերաբերող քննարկմանը և պատասխանում պատգամավորների հարցերին, որոնք  հիմնականում խաղաղության պայմանագրի մասին էին։ Հարց ու պատասխանը շարունակվեց նաև միջանցքում՝ լրագրողների հետ ճեպազրույցով։