2024.11.04,

Խաչմերուկ

COP-29–ին ընդառաջ՝ սահմանազատման կանոնակարգով և առանց խաղաղության պայմանագիր

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

Սովետական տարիներին Ադրբեջանը մեր «եղբայրական հանրապետությունն» էր՝ 15–ից մեկը։ Արցախյան առաջին պատերազմից՝ Սումգայիթի ջարդերից սկսած, թշնամացանք։ Հետո Ադրբեջանը դարձավ սահմանին պարբերական կրակոցներով իր մասին հիշեցնող հակառակորդ։ 2016–ին դարձյալ թշնամի էր, 2020-ին՝ նույնը, բայց  հաղթած, 2023-ին էլ։ 2024-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց առաջին միջպետական փաստաթուղթը։ 

2024–ի հոկտեմբերի 23–ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայնով վավերացրեց հայ–ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։ Քվեարկությանը  մասնակցեցին միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։ Փաստաթղթի առաջինը լինելու փաստը կարևորում էին և՛ ՔՊ–ականները, և՛ հիմնական զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կփոխի՞ կանոնակարգ–պայմանագիրը հայ–ադրբեջանական հարաբերությունների որակը։ Խորհրդարանական ընդդիմությունը, որը չմասնակցեց լիագումար նիստում հարցի մեկժամյա քննարկմանը, համոզված էր, որ կանոնակարգի վավերացումը հակասում է Հայաստանի պետական շահին, մինչդեռ իշխող ուժը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, կանոնակարգի ընդունումը համարում էր  այլընտրանք ստեղծված իրավիճակում,  Կիրանցի սահմանազատված հատվածն էլ՝ հաջողված փորձ, որից գոհ են գյուղացիները։   

Ընդդիմադիրների կանխատեսումները՝ սահմանազատման կանոնակարգի վավարացման և հետևանքների վերաբերյալ, վատատեսական էին։ 

Չստացված նախադեպը՝ հայ–թուրքական արձանագրությունները 

Թղթի վրա մնացած, առավել ճշգրիտ՝ վավերացման վերջնական փուլին չհասած  միջպետական պայմանագրի օրինակ մենք արդեն ունենք՝ հայ–թուրքական արձանագրությունները։ Դրանք ստորագրվեցին 2009 թվին և մնացին ՀՀ ԱԺ–ի օրակարգում մինչև 2015 թվականը։  2015-ի փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին նամակով տեղեկացրեց արձանագրությունները հետ կանչելու իր որոշման մասին։ 

Ոչ բարեկամ դրկիցի հետ պայմանագիր կնքելու այս դրվագը հայ–ադրբեջանական կանոնակարգի քննարկմանը հիշեցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նա իշխանությանը հորդորում էր կանոնակարգի նախագիծը պարզապես ընդգրկել ԱԺ–ի օրակարգում ու սպասել Ադրբեջանի քայլերին։ Ընդդիմադիրները հիշեցնում էին՝ Հայաստանի կառավարությունը կանոնակարգին դրական եզրակացություն է տվել, ՍԴ–ն՝ նույնպես, խորհրդարանական մեծամասնությունը՝ ևս, մինչդեռ Ադրբեջանում այն նույնիսկ պաշտոնապես չի հրապարկվել։ 

Սահմանազատման հաջորդ փուլը՝ կանոնակարգով 

Սահմանազատման կանոնակարգըԱդրբեջանը կանոնակարգը վավերացրեց անսպասելի ու միանգամից։ Հոկտեմբերի 25-ին Բաքուն հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով հաստատում է հայ–ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 24-ին, կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը ստորագրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։  

Երբ է հայ–ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը կիրառվելու հողի վրա, և որտեղ է լինելու հայ–ադրբեջանական սահմանի հերթական սահմանազատումը, հայտնի չէ, բայց նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ–ն հաղորդեց, որ երկու երկրների սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների 10-րդ հանդիպումը, փոխանակվել են սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումները: 

Գերիների վերադարձի սպասումով 

Երկու երկրների նախագահների կողմից կանոնակարգի ստորագրմանը նախորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Կազանում, որտեղ անցկացվում էր BRICS–ի գագաթնաժողովը։ Իսկ կարող է հաջորդել նոյեմբերի 11-ին Բաքվում կայանալիք COP 29 միջազգային համաժողովը։ Հայաստանը Բաքվից ստացել է համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր և առայժմ չի պատասխանել՝ կմասնակցի թե ոչ։ «Մասնակցությունը հաստատված չէ․ չենք բացառում, բայց հասկանանք ինչի մասին է խոսքը», –Ազգային ժողովում ասել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  

Բաքվում COP 29-ի անցկացման մասին հայտարարվել էր անցած տարվա դեկտեմբերին․ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, իր աջակցությունն էր հայտնել և հանել իր թեկնածությունը՝ որպես համաժողովի անցկացման հավանական երկիր։ Արդյունքում, Հայաստան էին վերադարձել Բաքվում պահվող 32 երիներ։ Այսօր, նոյեմբերի 11-ին ընդառաջ, դարձյալ ակտիվացել են խոսակցությունները գերիների վերադարձի շուրջ։ Ընդդիմադիրները պահանջում են, որ Հայաստանը COP –29-ին մասնակցի միայն գերիների վերադարձի պահանջով։ Նախարար Արարատ Միրզոյանի վստահեցմամբ՝ իշխանությունը գերիների վերադարձի հարցով զբաղվում է։ Նա նաև ձևակերպեց արտաքին քաղաքականության օրակարգում այսօրվա առաջնահերթությունը, այն է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Այդ գործընթացը, ըստ նախարարի, երեք կարևոր բաղադրիչ ունի՝ խաղաղության պայմանագրի վերջնականացում ու ստորագրում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, սահմանազատում։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *