Հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի «դեբյուտն» էր Ազգային ժողովում։ Նա խորհրդարան էր եկել մասնակցելու լսումներին, որոնք կազմակերպել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը։ «Դեբյուտ» բառը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին է։ Նրա խոսքով՝ Քյարամյանն իր պահվածքով ստվերեց խորհրդարանական լսումների «հրաշալի ընթացքը»։ Լսումները 2019-2024թթ․ հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, բացահայտման հարցերի շուրջ էին։
Լսումները տևեցին շուրջ 7 ժամ, ելույթ ունեցան իրավապահ մարմինների ղեկավարները, տրվեցին հարցեր, բայց այդ ամբողջ քննարկման ամենաուշագրավ հատվածը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի թեժ լեզվակռիվն էր, որը կարող էր վերածվել ծեծկռտուքի, եթե միջամտողներ չլինեին։
Լեզվակռիվներ այս Ազգային ժողովում շատ են եղել, ձեռնակռիվներ էլ, բայց Քյարամյանի ու Աղազարյանի միջև տեղի ունեցածն ուրիշ էր։ Նրանք նույն՝ իշխող թիմի անդամ են, Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ընթացքում մի քանի բարձր պաշտոններ զբաղեցրած անձ, այսինքն, նրա համար վստահելի, նրա հովանավորությունը վայելող մեկը։ Օրենսդիրի ու գործադիրի (այս դեպքում՝ պայմանական) անդամների միջև վեճեր էլի ենք տեսել, բայց վիճողները միշտ նկատելի զգույշ են եղել, միշտ զգացվել է կարմիր գծերի առկայությունը։ Այս անգամ դա չկար։
«Բան ասեցի՞ք, սև շորով պատգամավոր, Ձեր մասին է»
«Սև շորով պատգամավորը», որն իրականում պատգամավոր Արփի Դավոյանի օգնականն էր Քյարամյանի ելույթի ժամանակ դահլիճից ռեպլիկ էր արձակել։ Հովիկ Աղազարյանի հարցին պատասխանող Քյարամյանը լսել էր դա ու ձեռքի անհարգալից շարժումով ուշադրությունն իր կողմը հրավիրելով՝ հարցրել էր՝ «բան ասեցի՞ք․․․․»։
«Սև շորովի» ռեպլիկը մոռացվեց Աղազարյանի ու Քյարամյանի կռվի մեջ, որից պարզ դարձավ, որ Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործ կա։ ՔԿ նախագահն ասաց․ «Առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն էդպիսի վարույթներով հետ վերադարձնելու վերաբերյալ»։ Աղազարյանի հարցը հենց մեքենա ներկրող որոշ ընկերությունների նկատմամբ հարուցված վարույթների մասին էր, բայց խնդիրը, որն Աղազարյանի հարցի միջոցով դրվեց ի ցույց, նաև մյուս ՔՊ–ականներին է վերաբերում։
Եթե անգամ Արգիշտի Քյարամյանը չբարձրաձայներ Աղազարյանի որդու հարցով իրեն դիմելու մասին, դժվար չէ ենթադրել, որ հարկ եղած դեպքում ՔՊ–ականները օգտվում են իշխող թիմի անդամ լինելու հանգամանքից ու չեն շրջանցում դրա օգնությամբ խնդիրներ կարգավորելու հնարավորությունը։ Հիմա հասկացան, որ ամեն բան կարող է դուրս գալ ջրի երես ու ոչ ավել, ոչ պակաս՝ Ազգային ժողովի ամբիոնից։
Արգիշտի Քյարամյանը՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը
8 տարի առաջ էր`2015-ի հունիսի 29-ին․ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր՝ ընտրված Հայ ազգային կոնգրեսի ցուցակով։ Հերթական բուռն ելույթի ժամանակ նա վրդովվեց այնքան, որ ամբիոնից հայտարարեց․ «Իրիկունը ինքը իրա ձեռով զանգում–ասում ա՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես բամփել բառն եմ օգտագործել, խնդրում եմ՝ հանկարծ չհրապարակեք էդ բառերը»։
Փաշինյանի ասելով՝ իրեն զանգողը ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանն էր, որը դահլիճից բղավում էր՝ ստում եք, ստում եք։ Զոհրաբյանը այդ պահին Փաշինյանի պատգամավոր գործընկերն էր, դրանից առաջ էլ՝ լրագրող գործընկերը, աշխատակիցը, բայց դա չխանգարեց, որ նա Զոհրաբյանի հեռախոսային խնդրանքը հրապարակի ԱԺ ամբիոնից։
Արգիշտի Քյարամյանը՝ ինչպես Գևորգ Կոստանյանը
Արգիշտի Քյարամյանն առաջին բարձրաստիճան իրավապահը չէ, որ Ազգային ժողովում խոսում է մատով։ 9 տարի առաջ այդպես արել է նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ բայց որոշ տարբերություններով։ Քյարամյանը մատով ցույց էր տալիս «սև շորերով պատգամավորին» ու ԱԺ-ում սպառնում․ «Էս երկրի երեսին էնպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել»։
Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասում է՝ որևէ մեկը չի կարող ինձ նկատողություն անել։
Նա բացատրում է, որ իր մատով խոսելը ընդամենը ժեստիկուլյացիա է։ Իսկ նրան նկատողություն անողը այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր։
ԼՂ կոնֆլիկտն ու ՔՊ կոնֆլիկտը
Ազգային ժողովում Արգիշտի Քյարամյանի ու Հովիկ Աղազարյանի խայտառակ գզվռտոցը՝ փոխադարձ վիրավորանքը, սպառնալիքը, անհարգալից խոսքերը, ներքին խոսակցությունների հանրայնացումը՝ կոնֆլիկտ, նրանց էլ կոնֆլիկտի կողմեր է համարում Անդրանիկ Քոչարյանը։ Ոտքի վրա, լրագրողների հետ ճեպազրույցում նա ասում է․ «Կարող է՝ կոնֆլիկտի կողմերը գիտակցեն, որ սխալ բան է եղել»։ Նույն բանն ասում է Հանրային հեռուստատեսության տաղավարում՝ «մինչև կոնֆլիկտի պահը Արգիշտի Քյարամյանը նորմալ ելույթ էր ունեցել․․․․»։
Անդրանիկ Քոչարյանը կոնֆլիկտ բառը գործածում է, որ չգործածի երևույթը ավելի դիպուկ, ըստ էության բնորոշող որևէ այլ բառ․ ասենք՝ գզվռտոց, ռազբորկա, կռիվ, խայտառակություն, բազար և այլն։
Հասկանալի բացատրությամբ՝ կոնֆլիկտ, կոնֆլիկտի կողմեր որ լսում ենք, այն էլ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահից, առաջինը ղարաբաղյան կոնֆլիկտն ենք հիշում, որի հետ և որի մեջ ապրում ենք 30 տարի։
Չունենայինք չլուծվող մեծ կոնֆլիկտը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, քաղաքական իշխանության ներքին «կոնֆլիկտներին» հետևեինք՝ չանհանգստանալով ու առանց վրդովմունքի։
Ինչ է սպասվում «կոնֆլիկտի» կողմերին
«Քաղաքացիական պայմանագիրը» Քյարամյան–Աղազարյան «կոնֆլիկտը» խմբակցության նիստում դեռ չի քննարկել։ Միջադեպից մեկ օր անց Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ անհնարին է, որ Քյարամյանի պահվածքը խորհրդարանում անհետևանք մնա, պատշաճ գնահատական պետք է տրվի՝ գուցե ծառայողական քննության ձևաչափով։
Հովիկ Աղազարյանի մասին նա ըմբռնումով է խոսում։ Ասում է՝ «Աղազարյանը տարիքով մեծ է։ Նա մեզ էլ առավոտից իրիկուն միշտ անհարմար վիճակների մեջ է դնում։ Էդպես որ լիներ, պետք է բոլորս դանակը առնենք ու Աղազարյանին դանակահարենք»։
Դեպքից երկու օր անց կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ընդամենն ասում է․ «Սովորենք խոսել, 15 րոպե հետո աթոռներն առնում, իրար գլխի ենք տալիս»։
Նրա այս խոսքերը կոնկրետ հասցեատեր չունեին․ ո՛չ Աղազարյանի, ո՛չ Քյարամյանի անունը նա չտվեց։ Վարչապետը խոսում էր ժողովրդագրական խնդիրների մասին, և նրան լսողների թվում նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էր։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: