Արցախի կորստից մեկ տարի է անցել։ Մերօրյա իրականությունում փոխվում են քարտեզները, մգեցվում, կամ առանձնացվում են քարտեզի եզրերը և ՀՀ-ի քարտեզը վերջին շրջանում մեդիայում հանդիպում ենք առանց Արցախի։
Իսկ ո՞րն է այն քարտեզը, որ մենք ենք ճանաչում։
2012թ․ երբ ընդունվեցի Արցախի պետական համալսարանի լրագրության բաժին, զուգահեռ սկսեցի մասնակցել լրագրողական դասընթացների։ Իմ առաջին դասընթացը Մեդիա նախաձռնությունների կենտրոնի (այն ժամանակ՝ Ինտերնյուսի) «Կինոերկխոսություններ» ծրագիրն էր։ Այդպես ծանոթացա լրագրող Անահիտ Դանիելյանի հետ, որն այդ ժամանակ Արցախում «ընդդիմադիր» համարվող Karabakh-open.info էլեկտրոնային կայքի խմբագիրն էր։ Աշխատանքի անցա կայքում և սկսվեց երկիրը ճանաչելու իմ իսկական փորձառությունը։
Արցախը դարձավ ոչ թե քարտեզ ու տարածք, այլ այդ տարածքներին շունչ տվող մարդիկ՝ իրենց հոգսերով, խնդիրներով, ամենօրյա հաղթահարվող դժվարություններով։
2020թ․ պատերազմից հետո Հադրութի, Շուշիի, Շահումյանի ու Քաշաթաղի շրջանները մարդկանց դեմքերով էի հիշում, այդ տարածքների պատկերներով, մարդկային պատմություններով։
Շուշին ինձ համար տիկին Ջուլիետայի կերպարն ուներ, մարդ որը բռնի տեղահանվել էր Սումգայիթից, պատերազմի ժամանակ զոհվել էր ամուսինը, բայց երգն ու կիթառն իր ցավի ընկերներն էին դարձել։
Հադրութն ինձ համար տիկին Մարգարիտայի կերպարով էր, որը մասնակիցն ու առաջամարտիկն էր Ղարաբաղյան շարժման, ով Հադրութի իրենց բարձրադիր տանը հայերենից ռուսերեն թարգմանություններ էր անում և սեփական հրուշակեղենի խանութն ուներ։
Կովսականը, մոտակա վերաբնակեցված տարածքների պատկերը խամրում է, որովհետև ապրուստը պայքար էր հիշեցնում։
Հիշում եմ մի դեպք, երբ զանգ ստացանք խմբագրություն, որ լույսի տատանումների և վերջին շրջանում հաճախակի անջատումների պատճառով գյուղացիները կորցնում են իրենց պանիրն իրացնելու հնարավորությունը։
Առաջին անգամ զգացի, որ մեդիան կարող է օգնել մարդուն։
Հոդվածից հետո մի որոշ ժամանակ անց լուծվեց խնդիրը ու դեկտեմբերյան մի օր գնացինք այդ գյուղը։ Իրենց համար հարցի լուծումն էր կարևոր, իսկ ես մինչ օրս հիշում եմ տան երեխաների կապույտ աչքերն ու երկհարկանի տան ամանորյա զարդարանքները։
44-օրյայից հետո աշխատում էի տեղահանված և հարազատ կորցրած մարդկանց հետ։ Արցախի հանրային հեռուստատեսությունում իմ հաղորդումը կոչվում էր «Մեր տան շեմին»։ Ամեն անգամ ինձ թվում էր իրենց հետ վերապրում եմ իրենց պատմությունը, հարազատի ու տան, հայրենի գյուղի, շրջանի կորուստը, հիմա եմ հասկանում, որ չկորցրածներս չէինք հասկանում իրենց։
Նկարներ, տեսանյութեր էին ցույց տալիս իրենց տներից և տառապում, որ մի քանի կիլոմետրի վրա այդքան անհաս է իրենց տունը, որ հարազատ բարբառը լսելու համար են վերադարձել տուն՝ Արցախ, որ հայկական պահելու համար են վերադարձել․․․
Արցախի կորստից մեկ տարի անց ես հասկանում եմ, որ լրագրությունն այն մասնագիտությունն է, որի շնորհիվ ես ճանաչեցի իմ երկիրը, որի շնորհիվ եղա Արցախի տասնյակ գյուղերում, որի շնորհիվ սիրեցի իմ երկիրը։
Մի տարի առաջ սկսվեց մեդիատիրույթում Արցախի քարտեզից կամաց-կամաց հրաժարվելը․․․սկզբում եղանակի տեսության շնորհիվ, հիմա արդեն քարտեզների, գովազդների, դասագրքերի․․․
Ու ես հասկանում եմ, որ Արցախը կմնա ինձ համար իր հաստատուն եզրագծերով, որ գծվել է լրագրության շնորհիվ՝ մարդկանց, որ ապրել են այնտեղ, մարդկանց, որ ինչ էլ լինի ունեն իրենց սրտի քարտեզը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: