2024.07.30,

Խաչմերուկ

Դիվանագիտություն՝ պանդայի, պինգ պոնգի, ֆուտբոլի, խավիարի, իմեյլի միջոցով

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

Պինգպոնգը, պանդան ու ֆուտբոլը դարձել են դիվանագիտական հնարքներ, երբ  ստանդարտ դիվանագիտական զինանոցը թվացել է սպառված։ Սրանք, այսպես կոչված, հանրային դիվանագիտության տեսակ են, ինչը չի կարելի ասել «խավիարային դիվանագիտության» մասին, որի բովանդակությունը քրեորեն պատժելի է, իսկ նպատակը գաղտնիությունն է հանրությունից։   

Սպորտը՝ փափուկ ուժ կամ պինգ պոնգի դիվանագիտությունը 

Այսօր աշխարահաքաղաքական տարբեր բևեռներ հանդիսացող Չինաստանն ու ԱՄՆ–ն 53 տարի առաջ պինգ պոնգի՝ սեղանի թենիսի մարզիկներ փոխանակելու միջոցով հաշտության եզրեր գտան։ 1971 թվականի ապրիլի 10–ին ԱՄՆ–ի սեղանի թենիսի հավաքականն այցելեց Չինաստանի մայրաքաղաք։ Դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների 20-ամյա դադարից հետո սա ամերիկացիների առաջին այցն էր Պեկին։ Այդ հարաբերությունները խզվել էին 1950 թվականից՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև պատերազմի պատճառով։ Չինաստանն այս պատերազմում սատարում էր Հյուսիսային, ԱՄՆ–ն՝ Հարավային Կորեային։  

1971–ի հունիսի 10-ին ԱՄՆ–ը վերացրեց Չինաստանի նկատմամբ բեռնարգելքը։ Թենիսիստների այցից ամիսներ անց՝ 1972-ի փետրվարին Պեկին այցելած ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հանդիպեց Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունին։ Ստորագրվեց Շանհայի կոմյունիկեն՝ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։ ԱՄՆ–ը ճանաչեց Թայվանը որպես Չինաստանի մասին՝ խոստանալով այլևս չմիջամտել Թայվանի և Չինաստանի հարաբերություններին։ 

ԱՄՆ–Չինաստան այս հաշտությունից մնացին «պինգպոնգյան դիվանագիտություն» և «Նիքսոնը գնում է Չինաստան» արտահայտությունները։ Առաջինը գործածվում է փափուկ ուժի միջոցով հարաբերությունների կարգավորումը, երկրորդը՝ քաղաքականության մեջ կտրուկ և անսպասելի քայլերը բնութագրելու համար։ 

Պինգ պոնգից՝ պանդա 

Չին-ամերիկյան հարաբերությունները ջերմացան այնքան, որ Պեկին ժամանած ԱՄՆ-նախագահ Ռիչարդ Նիքսոնին Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդուն երեք պանդա նվիրեց։ 

Բարեկամ երկրներին պանդա նվիրելու, հարաբերությունները պանդայի օգնությամբ բարելավելու մենաշնորհը Չինաստանին է, հատկապես որ նվեր տված պանդաները և նրա սերունդները շարունակում են համարվել Չինաստանի սեփականությունը։  

Չինաստանը պանդայի հայրենիքն է, և պանդայի դիվանագիտությունը դարերի պատմություն ունի, բայց այնպես չէ, որ դարեր շարունակ Չինաստանը պանդա միայն նվիրել է։ Պատահել է՝ նվերը հետ է ուզել, եթե բարելավված հարաբերությունները վատացել են։ Այսպես 2023-ին, չին-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին Պեկինը Վաշինգտոնից պահանջեց վերադարձնել պանդաները։  

Փոխարենը Չինաստանը բաց չի թողնում Ռուսաստանին պանդաներ նվիրելու առիթները։ Սկսած 1957 թվականից՝ Չինաստանն արդեն երեք անգամ պանդա է նվիրել ՌԴ-ին։ 1957-ի նվերը Կոմունիստական Չինաստանը առաջինը ճանաչելու առիթով էր, վերջինը՝ 2019 թվականին․ նվիրվել են երկու պանդաներ՝ ռուս-չինական հարաբերությունների 70-ամյակի կապակցությամբ։ 

Ֆուտբոլը գեղեցիկ է մարզադաշտում 

Ի տարբերություն «պինգպոնգայինի»՝ սպորտային մեկ այլ դիվանագիտություն՝ «ֆուտբոլայինը», շոշափելի արդյունքներ չտվեց․ 1915-ի ցեղասպանությունից հետո հայ-թուրքական հարաբերություններում առաջացած սառույցը շարժել՝ հաջողվեց, հալեցնել՝ ոչ։ 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-ի հուլիսի 5-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երևան՝ դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև։ Խաղը կայացավ 2008-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվեց 0:2 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։ 

Մեկ տարի անց՝ 2009թ․ հոկտեմբերի 14-ին Թուրքիա այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Բուրսայում դիտելու երկու երկրների ֆուտբոլային հավաքականների պատասխան խաղը։ Այս խաղում էլ գրանցվեց նույն՝ 2:0 հաշիվը՝ դարձյալ հօգուտ Թուրքիայի։ Դրանից ընդամենը երկու ամիս անց Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Անկարան արձանագրությունները չի վավերացնի։ 

«Ֆուտբոլային դիվանագիտությունը» հայ-թուրքական սահմանը չբացեց։ 

2009թ․ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձագրությունները՝ երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, մնացին չվավերացված։   

2015-ի փետրվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեղեկացրեց հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ -ից հետ կանչելու իր որոշման մասին։ Իսկ 2018-ի մարտի 1-ին նախագահը հրամանագիր ստորագրեց արձանագրությունների կնքման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ։ «Ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվեց։ 

«Խավիարային դիվանագիտություն» 

Եթե «խավիարը» «խավիարային դիվանագիտության» մեջ է, ուրեմն, խոսքը միայն ձկնկիթի մասին չէ։ Այս դեպքում այն կարող է նշանակել նաև թանկարժեք զարդեր, ժամացույցներ, գորգեր, փող՝ քվեի դիմաց, ճամփորդություններ Ադրբեջանում և այն ամենը, ինչով կարելի է միջազգային կազմակերպություններում կաշառել պաշտոնյաներին ու այլ երկրների պատվիրակներին և հարցերը լուծել հօգուտ Բաքվի։ Այսուհանդերձ, «խավիարային դիվանագիտության» հիմքում թանկարժեք խավիարն է, որի  կիլոգրամն արժե շուրջ 1300 եվրո։  

Օրինակ՝ 2016-ի հունիսին Միլանի դատախազությունը բացահայտեց «խավիարային դիվանագիտության» կոնկրետ դեպք՝ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանք ներկայացնելով Լուկա Վոլոնտեին։ Նա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավարն էր։ Համաձայն դատախազության մեղադրանքի՝ Ադրբեջանի պաշտոնյաներին աջակցելու համար Վոլոնտեն 2.39 միլիոն դոլար էր ստացել։  

«Խավիարային դիվանագիտություն» արտահայտությունն առաջին անգամ գործածվել է  2012 թվականին՝ «Եվրոպական կայունության նախաձեռնության» զեկույցում, որի վերնագիրն է՝ ««Խավիարային դիվանագիտություն»․ ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին»։  

Այս օրերին ձևավորվում է դիվանագիտության ևս մեկ եղանակ, որն արդեն անուն ունի՝ «էլփոստային»։ Սա նույնպես վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, առավել կոնկրետ՝ խաղաղության պայմանագրի նախագծին։ 

Նախագծի խմբագրումները կողմերը միմյանց փոխանցում են էլեկտրոնային փոստի՝ e-mail-ի միջոցով։ Հունիսի 26-ի դրությամբ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Ինչ է գրված այնտեղ, ինչ է գրվել նախորդ փաթեթներում՝ պաշտոնական տեղեկություն չի տրվում, և հայտի չէ, թե որ հարցերի շուրջ են կողմերը եկել վերջնական համաձայնության, և որոնք են դեռ մնում չհամաձայնեցված։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *