2024.07.19,

Խաչմերուկ

ԵՄ-ի հանրաքվեի հարցում 1in.am-ն ու Կառավարությունը տարբեր դիրքորոշումներ ունեն

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

«Օ՛Բրայենի այսօրվա խոսքում կար և՛ անվտանգության, և՛ սահմանների, և՛ պաշտպանության, և՛ էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին։ Բոլոր առումներով։ Լավ, ի՞նչ ենք ուզում, Աստծուց կրա՞կ ենք ուզում»․ 1in.am-ի հունիսի 11-ի եթերում ասում է Անահիտ Ադամյանը։ Նա «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է։ «Հանրապետություն»-ը և ևս երեք կուսակցություն ուզում են, որ առաջիկա 3-4 ամիսներին Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացվի։  

1in.am-ը եվրաինտեգրման, ԵՄ-ին անդամակցելու նպատակով Հայաստանում հանրաքվե անցկացնելու մասին խոսում է բառացիորեն ամեն օր։  

1in.am-ը դարձել է ԵՄ-ի շուրջ քննարկումների հարթակ։ Այդ քննարկումները խիստ միակողմանի են՝ զրուցակից հյուրերով ու հարցադրումներով պայմանավորված, բայց դրանց ընթացքին հետևելով՝ կարելի է ամբողջական պատկերացում կազմել, թե ինչ զարգացումներ կան Հայաստան–ԵՄ հարաբերություններում, որ ուժերն են կողմ, որոնք՝ դեմ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացմանը։ Դիտարկվող մեկ ամսում` հունիսի 10-ից հուլիսի 10-ը, անդամակցմանը դեմ որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքագետ 1in.am-ում չի հյուրընկալվել։ ԵՄ-ին անդամակցմանը անվերապահորեն կողմ են հարթակի անդամները՝ «Հանրապետություն», «Քրիստոնեադեմոկրատական» և «Եվրոպական» կուսակցությունները։ Դրանց լիդերները՝ Արամ Սարգսյանը, Լևոն Շիրինյանը և Տիգրան Խզմալյանը ԵՄ–ին կողմ արտահայտվող և 1in.am-ում հաճախ հյուրընկալվող քաղաքական գործիչներն են։ Այս առումով բացառություն է քառյակի չորրորդ կողմը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության և 1in.am–ի հիմնադիր Արման Բաբաջանյանը։ Նշված ժամանակահատվածում սեփական լրատվամիջոցի քաղաքական հաղորդումներում նա չի հյուրընկալվել, փոխարենը, այդ հաղորդումները վարողներն են շատ հաճախ խիստ եվրոպամետ դիրքորոշում արտահայտում։    

  • 2023թ․ հոկտեմեբրի 17-ին ՀՀ վարչապետն Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:
  • Կես տարի անց՝ 2024թ․ մայիսի 14–ին արտախորհրդարանական չորս ուժեր հայտարարեցին ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ(ԺՈւՄՀ) ձևավորելու մասին։ Դրա նպատակը Հայաստանի արեւմտյան քաղաքականության ուժգնացումն ու Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցությունն են։
  • Մեկ ամիս անց՝ հունիսի 14-ին, այդ ուժերը՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», «Քրիստոնեաժողովրդավարական» և «Եվրոպական» կուսակցությունները հանդես եկան ԵՄ–ին Հայաստանի լիիրավ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով առաջիկա 3-4 ամսում հանրաքվե անցկացնելու առաջարկով։
  • Հուլիսի 2-ին Երևանում անցկացվեց Ժողովրդավարության հայկական ֆորում, որին մասնակցում էր ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյան-Տիգրան Խզմալյան հարցուպատասխանից պարզ դարձավ, որ  ամիսների ընթացքում հանրաքվեի անցկացմանը վարչապետը դեմ է։ Ասաց՝ անպատասխան հարցեր կան։

 ՔՊ-ն «դեմ է՝ կողմ ըլլալով» 

1in.am-ը եթեր է հրավիրել նաև ԵՄ-ին անդամակցությանը մասամբ՝ կողմ, մասամբ՝ դեմ զրուցակիցների։ Դրանք ՔՊ–ի ներկայացուցիչներն են՝ հիմնականում օրենսդիր մարմնից։ Նրանց հավաքական ասելիքը հետևյալն է՝ Հայաստանի եվրաինտեգրումն իրենց համար օրակարգային հարց է, բայց հանրաքվեի անցկացումը դեռ վաղ է։  

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը Ժիրայր Ոսկանյանի հետ հարցազրույցում ասում է․ «Փորձագետները, որոնք կողմ են խոսում ԵՄ-ի անդամակցության հանրաքվեին, չեն կրում քաղաքական պատասխանատվություն, որը կրում է իշխանությունը՝ քայլեր անելիս»։  

ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանին հյուրընկալած Ռուբեն Մեհրաբյանն ուզում է, որ Կառավարությունում լինեն հատուկ եվրաինտեգրման հարցերով զբաղվող մարդիկ, որոնց կարելի է զանգել ու հարցնել՝ «Տղերք, ձեր գործերը ոնց են»։ Նրա կարծիքով՝ այսօր Կառավարությունում այդ հարցերով զբաղվող կոնկրետ պաշտոնյա չկա։ 

Լուսինե Բադալյանը լրացնում է՝ Կառավարությունը և դրա ղեկավարը պետք է մտածեն երրորդ փոխվարչապետի պաշտոնի մասին, որն ուղիղ կզբաղվի եվրաինտեգրման հարցերով։ «Հանրաքվեի շուտափույթ անցկացմանը» պատգամավորը դեմ է։ 

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանն էլ հանրաքվեի անցկացմանը դեմ է ժամանակ ու ֆինանսներ ծախսելու նկատառումով։ Ասում է՝ նման միջոցառումների ժամանակ տնտեսական անկում է լինում։ Լրագրող Սիրանուշ Պապյանի դիտարկմանը՝ թե երկրում տնտեսական ակտիվություն է գրանցվում, պատասխանում է՝ այդ ակտիվութունը զոհաբերել չենք կարող։   

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը մեկ այլ հարցազրույցում նշում է՝ ԵՄ հանրաքվեի հարցը ՔՊ-ի ներսում ճեղքվածներ է առաջացրել։ «Մի խումբն ասում է՝ մեթոդաբանությունը ճիշտ չէ, պահը հարմար չէ, մյուս խումբը՝ բիզնես շահեր ունի ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Մի խումբ էլ՝  հարցը համարում է ներքաղաքական»։ Նրա խոսքով՝ եվրաինտեգրման քվեն ՔՊ–ն ուզում է վերածել ընտրական քվեի։ 

1in․am–ի «ընդդիմադիր» վերնագրերը  

Հունիսի 20–ին, Աժ եվրաինտեգրման հանձնաժողովում ԵՄ–ին անդամակցելու հարցով լսումների նախօրեին ԺՈւՄՀ–ն՝Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակը, քննարկում էր կազմակերպել։ Դրան վերաբերող նյութը վերնագրված է այսպես․ «ՔՊ-ն ձգձգում է եվրաինտեգրման օրակարգը, ԱԺ պետք է գան կոնկրետ փաթեթով։ Քննարկում, որին չէր մասնակցում ՔՊ-ն»։  

Հուլիսի 3-ին, երբ արդեն պարզ էր, որ վարչապետը հանրաքվեի անցկացման հարցում չի կիսում ԺՈւՄՀ–ի վճռականությունը, 1in.am–ում հայտնվում է հետևյալ վերնագիրը․ «ԵՄ դրոշը մուրճին կապած քարոզարշավի են գնալու։ ՔՊ-ն եվրաինտեգրումը ներքին օգտագործման հարց է դարձրել»։ Տաղավարում Ժիրայր Ոսկանյանի հյուրը քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է։   

«Դուք մեզ խաբում եք, եվրաինտեգրմանը հակառակ քայլեր են արվում»․ սա էլ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի «Ըստ էության» հաղորդման վերնագիրն է՝ հուլիսի 11-ին։ Նույն հաղորդման մեջ նա նշում է, որ Կառավարությունը չունի պաշտոնյա, որը կզբաղվեր եվրաինտեգրմամբ։ Հիշեցնում է Վիսոցկու երգը՝ մենակ չասեք, թե՝ «жираф большой, ему видней»։ 

Մեհրաբյանը Արման Բաբաջանյանի հիմնադրած «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահն է և 1in.am-ում վարում է «Կիրակնօրյա վերլուծական», «Մեհրաբյան օնլայն», «Ըստ էության» հաղորդումները։

ԵՄ/ՆՍՏՕ-ն ընդդեմ ԵԱՏՄ/ՀԱՊԿ-ի 

Հունիսի 21-ին ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը կազմակերպեց լսումներ՝  «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով, որտեղ ելույթ ունեցավ նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ 

Ռուսաստանից հեռանալու և ԵՄ-ին մոտենալու միտքը առավել պատկերավոր արտահայտելու համար նա ԱԺ ամբիոնին փռեց ԵՄ-ի դրոշն ու վրան ռեզինե ոտնաման դրեց՝ որպես Ռուսաստանի խորհրդանիշ։ Հակադրությունը Եվրոպայի և Ռուսաստանի, ԵՄ/ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ/ԵԱՏՄ-ի միջև հաճախ է հանդիպում 1in.am-ի եթերում՝ օրինակ, այսպիսի պատկերավոր ձևակերպումներով․ 

«ՀԱՊԿ-ի ծակ հովանոց», «ԵՄ-ով փակենք Զախարովայի բերանը», «Մաքսային միության ախոռ», «Ռուսաստանի կեղեքիչ ճիրաններ», «Եվրասիական ֆորում–կապիկություն», «անտեր տեղում(նկատի ունի քաղաք՝ ՌԴում) մշակութային չգիտեմ՝ ինչ» և այլն։ 

Հյուրերը ԵՄ-ին անդամակցելուց առաջ խիստ կարևոր են համարում ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից ամբողջությամբ հրաժարվելը։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նաև բացատրում է, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այս շրջանում չի ուզում հրաժարվել ԵԱՏՄ-ից։ Ասում է՝ Փաշինյանը համարում է, որ «էս շրջանում ինչքան քերես Ռուսաստանից, օգուտ է»։ 

Արամ Սարգսյանը նաև ծիծաղելի է համարում, թե «ժողովուրդը կարող է հարց տալ, ու Նիկոլ Փաշինյանն էդ հարցի պատասխանը չունենա։ Ինչի տե՞նց հարցերի է Նիկոլ Փաշինյանը պատասխանել»,– ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահը։ Ըստ նրա՝ Եվրոպա գնալու հարցում գաղափարական առումով իշխանության հետ միակարծիք են, տարբերություններ կան մարտավարության մեջ։ Ա․ Սարգսյանը համոզված է՝ ԵՄ անդամ դառնալու որոշումը, որը ժողովուրդը կհայտնի հանրաքվեի միջոցով, թույլ չի տա, որ նոյեմբերին, COP 29-ի ավարտից հետո, Ադրբեջանը ագրեսիա իրականացնի Հայաստանի նկատմամբ։ 

«ԵՄ-ն և Արևմուտքը գտնում են, որ Արցախի ժողովուրդը ունի իրավունքներ»,- ասում է Արամ Սարգսյանը մեկ այլ հարցազրույցում․ 

«Հանրապետություն» կուսակցության նախագահը համոզված է, որ ԵՄ անդամության հայտի միայն ներկայացումը բարձրացնելու է մեր անվտանգության աստիճանն ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի հնարավորությունը։  

«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը ավելի հեռուն է գնում՝ նշելով կոնկրետ տարեթիվ․ «Եթե ճիշտ դաշնակցային համակարգված հարաբերություններ ունենանք ԵՄ-ի հետ՝ որպես անդամության թեկնածու, մենք մինչև երկու հազար երեսուն թիվը կլինենք ԵՄ անդամ»։

Արամ Սարգսյան, Անահիտ Ադամյան, Լևոն Շիրինյան, Տիգրան Խզմալյան, Հարություն Մկրտչյան, Հովսեփ Խուրշուդյան․ քաղաքական գործիչների և քաղաքագետների այս կազմն է վերջին ամիս-ամիսուկեսում տարբեր լրատվամիջոցներում խոսում եվրաինտեգրման ու ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի մասին։ Այս թեման «տաք» պահելու հարցում 1in.am-ը առաջինն է, թեպետ արդեն հայտնի է՝ իշխանությունը ԵՄ-ի հանրաքվեի հարցում չի շտապում նույնքան, որքան իրենք՝ 1in.am-ն ու ԺՈւՄՀ-ն։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *