Շուրջ երեսուն տարի՝ հիմնականում համապետական ընտրություններից առաջ կամ հետո, Հայաստանի ընդդիմադիր ուժերը Բաղրամյան պողոտայում պահանջել են իշխող ուժի և երկրի ղեկավարի հրաժարականը, ու, որպես կանոն, արդյունքի չեն հասել։ Փոխարենը, ընդդիմության հանրահավաքների ընթացքում Բաղրամյանում գրանցվել են քաղաքական զարգացումների ոչ այնքան քաղաքական դրվագներ։
- Վազգեն Մանուկյանի առաջնորդած ցուցարարները տեղահան են արել Ազգային ժողովի դարպասաճաղերը։
- Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները Բաղրամյան պողոտայում երգել-պարել են, կեսգիշերին՝ ծեծվել։
- «Էլեկտրիկ Երևան» շարժման մասնակիցները առաջինն էին, որ օրերով փակեցին Բաղրամյանը։
- «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմնակիցների հետ միասին բացել է Բաղրամյանի արգելապատնեշները՝ բղավելով՝ բրդե՛ք ինձ։ Ցուցարարները ոստիկանների շարքերը ճեղքել են ու կանգ առել փշալարերի առջև։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանի հանրահավաքում հայտարարել է դաշնակցական նախարարաներին աշխատանքից ազատելու մասին։
- Նոյեմբերի 10-ին ԱԺ-ի դիմաց հավաքվածները դաժան ծեծի են ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
- «Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները Բաղրամյան պողոտայում խորոված են արել։
- Բագրատ Սրբազանի կողմնակիցները Բաղրամյանում միասնաբար աղոթել են։
Բաղրամյանի բոլոր հանրահավաքների ժամանակ հանդարտության, խաղաղության, արյուն չթափելու կոչեր են հնչել, բայց գրեթե միշտ արյուն է թափվել, բոլոր հանրահավաքներն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանների բախումներով, լրագրողների նկատմամբ բռնություններով։
Առավելագույն համաձայնությունը, որ ձեռք է բերվել Բաղրամյանում տարբեր հանրահավաքների ընթացքում, հայելային հետքաշումն է՝ ցուցարարներն ու ոստիկանները, պատահել է՝ համաձայնել ու մի քանի քայլ կամ մի քանի մետր հետ են գնացել՝ այդ պահին բախումներից խուսափելու նպատակով։
Հետընտրական առաջին մեծ հանրահավաքը և բախումը Բաղրամյան պողոտայում՝ 1996-ի սեպտեմբերի 25-ին էր։
Այդ օրվա իրադարձությունները լուսաբանում էին նաև միջազգային լրատվամիջոցները՝ ուղիղ դեպքի վայրից, թեպետ նրանք Երևան էին եկել Շախմատի 32-րդ օլիմպիադայի առիթով։
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի շենքում տեղակայված չլիներ, սեպտեմբերի 22-ի ընտրություններում պարտված նախագահության թեկնածու Վազգեն Մանուկյանի բազմահազար կողմնակիցները Բաղրամյան չէին գնա։ Մարդիկ Բաղրամյանում ԿԸՀ-ից ձայների վերահաշվարկ էին պահանջում՝ վստահ, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, և իրականում նախագահ է ընտրվել ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ Վազգեն Մանուկյանը։ Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանը հավաքվածներին ասել էր՝ մի քանի հոգով կմտնենք ներս, կբանակցենք, և «եթե 20-30 րոպե հետո դուրս չեկանք, եկեք մեր հետևից»: Վազգեն Մանուկյանի հետևից գնացին՝ Ազգային ժողովի ճաղերը տեղահան անելով։ Շենքի ներսում ծեծել էին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին, նրա տեղակալ Արա Սահակյանին, կոմունիստ Հրանտ Ոսկանյանին։
Սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո քվեարկության արկղեր չբացվեցին, վերահաշվարկ չարվեց։ Իշխանությունը հրաժարական տվեց դրանից երկու տարի հետո՝ ոչ ամենևին կեղծված ընտրությունների պատճառով․ պատճառը Ղարաբաղն էր։
Վազգեն Մանուկյանի խոսքը՝ եթե 20 րոպեից դուրս չեկանք, եկեք մեր հետևից, մնաց քաղաքական ֆոլկլորի մեջ։ Դա առայժմ միակ պահպանված ժամկետն է, որ տալիս են Բաղրամյանում գործողություն կատարելու վերաբերյալ ընդդիմության լիդերները։
2004-ի ապրիլի 12-ին Ազգային ժողովի շենքում որևէ մեկին չծեծեցին, ավելին, ծեծողները՝ ոստիկանները, դուրս եկան Ազգային ժողովի ընդունարանից։ Հանրահավաքի մասնակիցներից և առաջնորդներից բացի, էլեկտրաշոկ և ռետինե մահակներ կիրառվեցին նաև լրագրողների նկատմամբ, կոտրվեցին տեսախցիկներ։
2003-ին, նախագահական ընտրությունների առաջին(փետրվարի 19) և երկրորդ (մարտի 5) փուլերի արդյունքներից դժգոհ ընդդիմադիր ուժերը՝ Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի և Արամ Սարգսյանի առաջնորդությամբ, Բաղրամյան պողոտայում պահանջում էին Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։
Լիդերների համար պողոտայում աթոռներ էին շարված, և նրանք հաճախ նստած էին։ Հետո շարժումներն «էվոլյուցիա» ապրեցին, և տեսանք շարժման առաջնորդներին արգելապատնեշներին, գետնին նստած և վրաններում։
Ապրիլի 12-ին ցուցարարները պողոտայում երգում-պարում էին ու որոշել էին նաև գիշերել, բայց իրավապահ ուժերը թույլ չտվեցին։
Ջրցան մեքենաների ու պայթուցիկների միջոցով ոստիկանությունը ցրեց մարդկանց։ Օրեր անց, խոսելով ապրիլի 12-13-ի դեպքերի մասին, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասել էր․ «Ինքնին ձայնագրիչ կամ տեսախցիկ ունենալը չի նշանակում, որ մարդիկ ժուռնալիստ են: Կարծում եմ, որ մանավանդ այդպիսի միջոցառումների ժամանակ լրագրողները պարտավոր են ինչ-որ ձեւի ցույց տան, որ լրագրող են»: Առաջարկել էր, օրինակ, հագուստի վրա գրել «մամուլ»:
Հետագա տարիներն ու դեպքերը ցույց տվեցին, որ լրագրողներին հարվածներից պաշտպանվել չի օգնում նաև հագուստի «մամուլ/press» գրությունը։
2008-ի հետընտրական զարգացումները Բաղրամյան պողոտա չհասան․ նախագահական ընտրություններում պարտված Լևոն-Տեր Պետրոսյանի կողմնակիցները Ազատություն պողոտայից տեղափոխվեցին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Լուսավորիչ փողոց։ Տեղի ունեցավ «Մարտի 1-ը»:
2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն էր։ Ապրիլի 9-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցները՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ շրջանցելով Բաղրամյանը, գնացին Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու։
Բաղրամյան պողոտան ամենաերկարը փակ է պահել «Հայրենիքի փրկության շարժումը», գրեթե մեկ ամիս՝ 2021-ի փետրվարի 25-ից մարտի 28-ը։ Շուրջ 20 կուսակցություններից կազմված միավորումը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թեպետ համաձայնել էր 44-օրյա պատերազմից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Շարժման վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր։ Մի քանի ամիս անց՝ հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին, սակայն, նա չմասնակցեց։
Ընտրություններից հետո՝ 2022-ի ապրիլ-հունիս ամիսներին այս շարժումը դարձյալ փողոցում էր, բայց նոր՝ «Դիմադրություն» անունով։ Բաղրամյան պողոտայով հիմնականում երթեր էին կազմակերպում, իսկ հանրահավաքներն անում և գիշերում էին Ֆրանսիայի հրապարակում։ Նույնն էր պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Վերջին անգամ`հունիսի 9-14-ը, Բաղրամյան պողոտան փակել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը։ Ընդամենը 4 օր՝ 96 ժամ, և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը՝ հայտարարեց Սրբազանը՝ վստահեցնելով, որ հաստատակամությամբ ու կամքով հասնելու են հաղթանակի։ Պահանջում էին ԱԺ արտահերթ նիստ, վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Դրանցից ոչ մեկն էլ տեղի չունեցավ, բայց եղավ այն, ինչ, սովորաբար լինում է՝ բախում ոստիկանության և ցուցարարների միջև, բռնություն քաղաքացիների, նաև լրագրողների նկատմամբ։ Երկու օր անց կատարվածի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը Բաղրամյան պողոտայում կատարվածի համար մեղադրեց լրագրողներին՝ ասելով․ ««168-ը», «Հրապարակը», մյուսները, բոլորը Բագրատի շուրջը ֆռֆռում էին և ոգեշնչում էին բոլոր գործողությունները, որոնք տարան բախման»։
Սրբազան շարժումն այս պահին վերադասավորման փուլում է, իսկ պողոտան՝ առանց հանրահավաքների։ Բայց առջևում խորհրդարանական ընտրություններն են և նախընտրական զարգացումները, որոնք սովորաբար, Բաղրամյանով են անցնում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: