2024.06.12,

Խաչմերուկ

Խոջալուի հարցի մասին խոսե՞լ, թե՞ չխոսել

author_posts/mariam-barseghyan
Մարիամ Բարսեղյան

Լրագրող

«Խոջալուի ցեղասպանության» ճանաչում, Սահմանադրության փոփոխություն, Խաղաղության պայմանագրի հերթական խմբագրում, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու առաջարկ․ վերջին երկու շաբաթում Ադրբեջանի նախագահի ու ԱԳՆ-ի առաջ քաշած այս հարցերն են քննարկվել Հայաստանի քաղաքական դաշտում և մամուլում։  

Դրանցից առաջինը՝ «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու մասին, քննարկվել է ակնհայտ «դժկամությամբ» ու մնացել է առանց պաշտոնական արձագանքի։ Այս հարցը ավելի քան երեք տասնամյակի պատմություն ունի, ու այդ ամբողջ ընթացքում եղել է Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի կարևոր ուղղություն։ Դրա մասին Ադրբեջանն անդադար խոսել է միջազգային տարբեր հարթակներում, իսկ շուրջ երկու տասնյակ երկրների խորհրդարաններ ու ԱՄՆ 27 նահանգ Խոջալուի  ցեղասպանությունը դատապարտող բանաձև են ընդունել։  

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու պահանջ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը։ Այդ օրը Խոջալուում բնակեցված ադրբեջանցիների հետ հանդիպմանը նա ասել է․ «․․․Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի։ ․․․Առաջին հերթին Հայաստանը պետք է ճանաչի այդ ողբերգությունը, այդ հանցագործությունը»․հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը։  

«Խոջալուի ցեղասպանության» օրը Ադրբեջանը նշում է փետրվարի 25–ին։ Ներկայացվում է, թե, իբր, 1992-ի փետրվարի 25-26-ին հայերը Խոջալուում ադրբեջանցի քաղաքացիական անձանց են սպանել։ Հայկական կողմն էլ  պնդում է, որ քաղաքացիական անձինք բնակավայրից դուրս գալու հնարավորություն են ունեցել,  նրանց մարդասիրական միջանցք է տրամադրվել։  

Ալիևի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ-ն չարձագանքեց։ Լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը, որոշ բացառություններով, բավարարվեց ընդամենը Ալիևի հայտարարությունը հրապարակելով։  

Իշխող թիմի արձագանքը  

Նախարար Արարատ Միրզոյանն հունիսի 4-ին Ազգային ժողովում շրջանցեց դաշնակցական Արթուր Խաչատրյանի ակնարկը, թե Ալիևի պահանջի վերաբերյալ «Հայաստանից ոչ մի ձայն չկա»։ 

Իշխող թիմից, սակայն, լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, որոշ արձագանքներ եղան։ Դրանցից պարզ դարձավ, որ, օրինակ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով՝ մենք ներողություն խնդրելու կարիք չունենք, ու ամեն ասածի պետք չէ արձագանքել։ Armlur-ի լրագրողին նա ասաց․ «Բայց դուք մի քիչ շատ ծանր եք ընդունում այդ հայտարարությունը»։  

ՔՊ-ի դիրքորոշում կարող է համարվել, թերևս, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պատասխանը` «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Հարցազրուցավարը հիշեցնում է`Ալիևը Խոջալուի «ցեղասպանությունը»  ճանաչելու, ներողություն խնդրելու պահանջ է դրել։ ՔՊ-ական պատգամավորը պատասխանում է՝ հարցը քննարկման ենթակա չէ։  

Խոջալուի հարցը, ըստ ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի, հետաքրքրում է խիստ սահմանափակ թվով քաղաքական ուժերի։ ԱԺ-ում, արտաքին քաղաքականության ոլորտում բյուջեի կատարողականի քննարկմանը Ծովինար Վարդանյանն ասում է․«Խոջալուի մասին խոսում են Ալիևը, ՀՅԴ-ն, մեկ էլ ՀԱԿ-ը»։  

Ինչ է խոսում ՀԱԿ-ը 

Հունիսի 3-ին ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կասկածելի էր համարում իշխանությունների լռությունը հատկապես այն պատճառով, որ «առկա են Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող բազում արժանահավատ ապացույցներ»։  

Մեկ օր անց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ալիքմեդիայի» եթերում հստակեցնում է հարցազրույցը վարողի դիտարկումը՝ «Ալիևը առաջին անգամ շատ պարզ է ասել՝ ոչ թե հայերը, այլ Հայաստանը ցեղասպանություն է կատարել և պիտի ներողություն խնդրի»։   

Լևոն Զուրաբյանը հիշեցնում է Ադրբեջանի նախկին  նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը չեխ լրագրող Դանա Մազալովային՝ հրապարակված «Независимая Газета»-ի 1992թ. ապրիլի 2-ի համարում։ Մութալիբովն ասել էր, թե «Խոջալուի ցեղասպանությունը» կազմակերպել էր «Ադրբեջանի ազգային ճակատը»՝ իրեն հեռացնելու նպատակով։   

Խոջալուի հարցը՝ պայման ու լծակ 

Ալիևը, ի տարբերություն ոչ վաղ անցյալի, երբ Խոջալուն կոչվում էր Իվանյան, Արցախը հայկական էր, ու մեր բանակն էլ ներկայացվում էր որպես ամենամարտունակը տարածաշրջանում, այսօր Խոջալուի «ցեղասպանության» մասին խոսում է հենց տեղից՝ Խոջալուից։ Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազում հայկական կողմի պարտությունից ու Արցախի հայաթափումից հետո ավելացել է Խոջալուի հարցի կշիռը։ «Խոջալուի հարցը կարո՞ղ է դառնալ խաղաղության պայմանագրի նախապայման»` հարցնում է «Ալիքմեդիայի» լրագրող Կարպիս Փաշոյանը Լևոն Զուրաբյանին։  

Զուրաբյանը պատասխանում է․«Նիկոլ Փաշինյանի քաղաքականության տիեզերքում ամեն ինչ հնարավոր է»։ 

Հարցի «վերարժևորման» հնարավորությունը քննարկվում է նաև «Ալիք մեդիայի»՝  «Թարգի՛ր լաո» հաղորդման ընթացքում, որի հյուրը Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է։ 

Նա չի բացառում, որ Խոջալուի «ցեղասպանության» հարցը որպես լծակ է գործածվում նաև Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։ «Էն, ինչ մենք գիտեինք, էդ մարդիկ, որոնք ձերբակալված են, չգիտեն։ Էդ ինֆորմացիան չեն կարա տան։ Ադրբեջանն ասում ա՝ գենոցիդ ա եղել, դե, ցույց տվեք տարածքը։ Էս մարդկանց ստիպում են՝ որտեղ, ինչ, ոնց։ Էդ մարդիկ ոչ մի բանից խաբար չեն»։   

Բաբայանը, որ եղել է Աղդամի և Խոջալուի ուղղությամբ օպերացիաների պատասխանատուն, վստահեցնում է՝ «Մենք զվերստվա չենք արել, սուտ ա, դա մեզ հետ կապ չունի։ Եթե կարողանան «մասսովի զախրանենի»(մասսայական հուղարկավորություն) գտնեն ու ասեն՝ էսքան մարդ կա թաղված, մենք կգնանք Հաագայի դատարանում պատասխան կտանք։ Թե չէ՝ հեքիաթ պատմելով չի»։ 

Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ Խոջալուի ցեղասպանությունը ճանաչելու և ներողություն խնդրելու մասին Ալիևի հայտարարությանը արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ պաշտոնական Երևանը չարձագանքեց Ալիևի հայտարարությանը Խոջալուի վերաբերյալ, Ռուբինանը պատասխանեց․ «Բայց ինչո՞ւ պիտի արձագանք լինի բանին, որը կեղծ թեմա է։ Սա համարեք արձագանք»։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *