2024.04.18,

Խաչմերուկ

Փաստերի ստուգումը հակամարտությունների ժամանակ․ առցանց դասընթաց

author_posts/knar-khudoyan
Քնար Խուդոյան
twiter

լրագրող

Պատերազմի դաշտում առաջին զոհը ճշմարտությունն է։ Երբ զենքերն են սկսում կրակել, մեդիան դառնում է պետականորեն կառավարելի։ «Օգտվեք միայն պաշտոնական լրահոսից» և «տարածեք միայն պաշտոնական տեղեկատվություն» կոչերը հնչում են հեռուստատեսությամբ, ռադիոյով, տարածվում են սոցիալական ցանցերով։ 

Նշենք պաշտոնական լրահոսից մի քանիսը՝ հակառակորդի վրա բարդել պատերազմական հանցագործությունները, մոբիլիզացնել ժողովրդին, արդարացնել կորուստներն ու զոհերը։ Նոր տեխնոլոգիաների շնորհիվ՝ հակամարտության կողմերը քարոզչությունը հիմնավորում են նաև կեղծ փաստեր հորինելով և ստեղծելով։ Իրական ինֆորմացիայի բացակայության պայմաններում կեղծ լուրեր տարածում են նաև անհատները ու հանրային պանիկա ստեղծելու տեսակետից այդքան էլ կարևոր չէ՝ դիտավորյա՞լ է տարածվում ապատեղեկատվությունը, թե՞ ոչ։ 

Թեև պատերազմի ժամանակ պրոպագանդայի լեզուն ու մեթոդները ընդունվում են որպես սովորական, սակայն որոշ դեպքեր պարտադրում են ճշմարտության բացահայտումը։ Օրինակ, 2023թ. հոկտեմբերին Գազայում «Ալ Ահլի Ալ Արաբ» հիվանդանոցի պայթյունը, որ խլեց ավելի քան 500 մարդու կյանք, դարձավ տեղեկատվական ստերի առիթ.իսրայելական բանա՞կն էր խոցել հիվանդանոցը, թե՞ ՀԱՄԱՍ-ը։ Կեղծ փաստերը և կեղծ փաստարկները տարածվեցին սոցցանցերում։ Ճշմարտությունն իմանալու համար փաստեր ստուգողներին սկսեցին կարդալ անգամ մարդիկ, որոնք այս ժանրի հանդեպ անտարբեր էին։ Փաստեր ստուգողները ուսումնասիրեցին տարածված տեսանյութերում հրթիռի անկման հետագիծն ու լուսավորությունը, նյութերի հրապարակման ժամանակագրությունը։ 

ՄՆԿ-ի «Կոնֆլիտի լուսաբանում. 23 դաս լրագրողների համար» դասընթացի երրորդ շաբաթը պարապունքներ են փաստերի ստուգման գործիքների մասին։ 

Փաստեր ստուգող լրագրող Կարինե Ղազարյանը տեսադասով ցույց է տալիս, օրինակ, ինչպես օգտվել Google Earth-ից և տեղորոշել տարածվող լուսանկարների իսկությունը կամ տեսնել ժամանակի ընթացքում տեղանքի փոփոխությունները։ 

Քանի որ սպառազինության մատակարարների հարցը քաղաքական կարևորություն ունի՝ կարևոր է նաև հետևել՝ ովքեր են զինամթերք տեղափոխողում պատերազմի կողմերին։ Այս տիպի ինֆորմացիան ստուգելու համար դասընթացավարը ցույց է տալիս FlightRadar24-ից օգտվելու հմտությունները։ 

Պատերազմներում տարածվում են նաև ֆոտոշոփով կամ այլ խմբագրական գործիքներով փոփոխված նկարներ։ Լուսանկարի հետադարձ որոնման գործիքներով կարելի է լուսանկարի նման բոլոր ֆայլերը և համեմատել, բացահայտելով որն է հրապարակվել առաջինը։ Այսպիսի գործիքներից են RevEye, InVid հավելվածները։

Դասընթացում կան նյութեր և դասախոսություններ նաև փաստեր ստուգելու կարևորության մասին՝ իրավապաշտպանական, խաղաղաշինական տեսանկյունից։ 

Այսպես, ստուգված ապացույցներով կարելի է բացահայտել և ապացուցել ռազմական հանցագործություններ։ 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ փաստերով ապացուցվեց քաղաքացիական բնակչության համար վտանգավոր կասետային ռումբերի կիրառմանը թե ադրբեջանական, թե հայկական կողմերից, թեև այս զենքերն արգելված են 2008թ-ին Դուբլինում ընդունված միջազգային կոնվենցիայով։ 

Թեման նաև առաջարկում է փաստերի ստուգման ժանրի նյութեր, որոնց միջոցով բացահայտվել են ռազմական հանցագործություններ կամ աղետալի վթարներ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *