2024.03.25,

Խաչմերուկ

Ներդրված լրագրություն․ Իրաքից մինչև Գազա

Որքանո՞վ է լրագրողական արժեքների հետ համատեղելի կողմերից մեկի զինված ուժերի հետ պատերազմական գոտի մեկնելը՝ չկարողանալով դուրս գալ նրա սահմանած կանոններից։

Պատերազմի ժամանակ կառավարությունների և ԶԼՄ-ների հարաբերությունների նոր «փոփոխությունը» կհանգեցներ նրան, որ ազդեցիկ լրագրողները հեռուստատեսությամբ հանրությանը կտեղեկացնեին Վիետնամի պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների և պատերազմը տանուլ տալու  մասին, որը գաղտնի էր պահվել։

Երկար ժամանակ Վիետնամում ազատ տեղաշարժվող լրագրողների երեսից տուժած ԱՄՆ պաշտոնյաները իրենց հետագա պատերազմների համար մշակեցին «ներդրված լրագրության» կոնցեպտը։

Եթե ԶԼՄ-ները պատկերների և բովանդակության քաղց էին զգում, և պատերազմը լուսաբանելու ցանկություն էին հայտնում, նրանց զինվորականների կողմից կազմակերպված այցելությունների շրջանակներում դրանք ստանալու հնարավորություն էր տրվում, ըստ իշխանությունների պահանջի։

Այդպիսով, լրագրողները, հաճախ անծանոթ թիրախային երկրի բարքերին և պատմությանը, մեկնում էին այնտեղ առանց տեղացի բնակչության հետ որևէ կերպ առնչվելու, նրանց զինվորականները ցույց էին տալիս ինչ պետք էր։ Հեռարձակողներն էլ իրենց հերթին, առանց իշխանություններին որևէ «անհարմարություն» պատճառելու, ստանում էին անհրաժեշտ բովանդակությունը, որը թույլ էր տալիս իրենց վարկանիշը բարձրացնել և բավարարել հանդիսատեսի սպասելիքները։

2003 թ․-ի Իրաքի ներխուժման ժամանակ, հարյուրավոր լրագրողների նախապատրաստեցին և կցեցին զինվորական ստորաբաժանումներին։

Նրանց նկատմամբ կիրառվում էին խիստ սահմանափակումներ։ Այս մոտեցումը չեզոքացնում էր պատերազմի ժամանակ լրագրողների կողմից նախկինում առկա վտանգները իշխանություններին, և ծառայեցնում էր նրանց քարոզչական մեքենային։

Հենց այդ նպատակին էլ ծառայեցին ներդրված լրագրողները Իրաքի պատերազմի ժամանակ։ Նրանք պատմեցին միայն ԱՄՆ-ի և աջակից ուժերի փառավոր հաղթանակի մասին, որից հետո մեկնեցին տուն, թողնելով երկիրը խավարի մեջ, որից այն տարիներ շարունակ չկարողացավ դուրս գալ։

Գազան փակ է միջազգային մեդիայի համար

Ներդրված լրագրությունը կարելի է սահմանել որպես բանակին կամ զինված ուժերին կից պատերազմական գոտու լուսաբանում։ Լրագրողներն աշխատում են զինված ուժերի կողմից պարտադրված  սահմանափակումների շրջանակներում։

Այս լայնորեն քննարկված լրագրության տեսակին ենք ականատես լինում Գազայի պատերազմում։ ներկայիս Գազայի պատերազմը նախորդներից տարբերվում է նրանով, որ Իսրայելը բացառեց անկախ լուսաբանել ցանկացող լրագրողների մուտքը ռազմական գործողությունների գոտի։

Հարավում՝ Եգիպտոսը նման դիրքորոշում որդեգրեց, այնպես որ լրագրողները, բացի տարածաշրջանում գտնվող արդեն մի քանի միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներից, չկարողացան սեփական միջոցներով մտնել Գազա, նույնիսկ առաջին զինադադարի ժամանակ։

Իսրայելը, որը պատերազմի հենց սկզբից ակտիվորեն տարածում էր իր քարոզչությունը հնարավոր բոլոր միջոցներով, առաջարկեց լուսաբանման մի տարբերակ, որը բոլոր ժամանակներում հակասական արձագանք է ստացել՝ ներդրված լրագրություն։ Բնականաբար լուսաբանելու հնարավորություն տրվեց քչերին։ Դրանից բացի, առաջարկը ստացած մեդիա կազմակերպությունների մի մասը հրաժարվեց հնարավորությունից, (օրինակ՝ հոդվածի տպագրման պահին, Թուրքիայի որևէ մեդիա կազմակերպություն Գազա մուտք չի գործել այդ ճանապարհով)։

Քննարկման առարկա է եղել այն, որ արդյո՞ք Իսրայելը, որը մի կողմից պատերազմ է վարում, որում սպանվել են ավելի շատ լրագրողներ, քան որևէ այլ պատերազմում նորագույն պատմության մեջ (ըստ Լրագրողների պաշտպանության կազմակերպության տվյալների՝ 2024թ․ մարտի 20-ի դրությամբ 95 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից է զոհվել այնտեղ [բնագիր հոդվածում ներկայացված են 2023թ․ դեկտեմբերի 8-ի տվյալները]), միաժամանակ օգտագործում է լրագրողներին քարոզչության համար՝ վերջիններիս հրավիրելով սեփական վերահսկողության ներքո։

Արդյո՞ք բոլոր ներդրված լրագրողներն են հաղորդում վատ լուրեր

BBC-ի Մերձավոր Արևելքի վետերան թղթակից Ջերեմի Բոուենը, որը հայտնի է իր խորը վերլուծություններով և առանձնանում է BBC-ին բնորոշ «ամաչկոտ» մոտեցումից՝ ռեպորտաժներում առավել համարձակ հայտարարություններով, այն լրագրողներից էր, որն իսրայելական բանակի հետ միասին մտավ Գազա:

Երբ նրան քննադատեցին սոցիալական ցանցերում, մեղադրելով իսրայելական բանակի վավերագրողը լինելու մեջ, նա պատասխանեց, որ դա հիմարություն է, և կարևոր է, թե լրագրողն ինչ կանի իրեն տրված նյութերի հետ, և ինչպես կվարի հարցազրույցը։ Նա նաև նշեց, որ կարևոր է համատեքստը ճիշտ ներկայացնելը։ «Մեզ տրված էր ընտրություն․ Գազա մտնելու իրավունքի համար ընդունել որոշ սահմանափակումներ կամ ընդհանրապես մուտքի հնարավորություն չունենալ»։

Ես վերլուծել եմ չորս արևմտյան լրատվականների նորությունների փաթեթները, որոնք մեկնել էին Գազա։  Նման վերլուծության քննադատության ժամանակ սովորաբար ասվում է, որ «Հեռուստատեսային լրատվական հեռարձակումը համապարփակ գործընթաց է. երբեմն մի լրատվական փաթեթ հավասարակշռվում է ներկայացվող հյուրի կողմից կամ մեկ այլ պատմություն պատմում է մյուս կողմի իրականությունը»:

Սակայն սոցիալական մեդիայի ժամանակաշրջանում ավանդական քննադատությունը դառնում է անկարևոր, հաշվի առնելով, որ նորությունների մեծ մասը անհատները սպառում են սոցիալական հարթակներում կարճ հոլովակների տեսքով։

Առաջին հերթին, ամերիկյան և բրիտանական մեդիա կազմակերպությունների մոտեցումները տարբեր են։ 

CNN-ի հաղորդավար Օրեն Լիբերմանի ռեպորտաժը մոտ չորս րոպե էր, որից ընդամենը 10 վայրկյանն էր պաղեստինցիների մասին։

Իհարկե, ներդրված լրագրողներին պաղեստինցիներին մոտենալու և նրանց հետ խոսելու հնարավորություն չի տրվել, բայց CNN-ը կարող էր ներառել պատերազմական գորտում ահռելի վտանգի ներքո աշխատող պաղեստինցի լրագրողների կադրեր։

CBS-ը ավելի «առատաձեռն» էր գտնվել պաղեստինական կողմի հանդեպ` մոտ երեքուկես րոպեանոց ռեպորտաժի 35 վայրկյանը նվիրելով պաղեստինցի խաղաղ բնակիչներին ներկայացնող կադրերին: Անգամ մի ակնթարթ լսվում է ողբերգության դեմ ապստամբող տղամարդու ձայնը։

Պետք է նշել, որ ոչ CNN-ի և ոչ էլ BBC-ի լրագրողները չտվեցին որևէ դժվար կամ քննադատական հարցեր իսրայելցի պատասխանատու սպաներին, որոնք երկար պատմեցին, թե ինչպես պետք է պատերազմը ընկալել Իսրայելի տեսանկյունից:

Այս երկու օրինակների համեմատ` BBC-ն և Channel 4-ը գերադասեցին ավելի «քննադատական» դիրքորոշում որդեգրել:

Ջերեմի Բոուենի չորս րոպե 15 վայրկյան տևողությամբ ռեպորտաժում BBC-ն 21 վայրկյան է հատկացրել պաղեստինցի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ հարցազրույց միջին տարիքի մի կնոջ հետ: Թեև Բոուենը տեղում իսրայելցի սպաներին կոշտ հարցեր չի տվել, նա ռեպորտաժի տեքստում օգտագործել է «Գազայի իսրայելական օկուպացիա» տերմինը՝ ընդգծելով այն ավերածությունները, որոնց ականատեսն է եղել։ Իր ռեպորտաժը նա եզրափակում է հետևյալ խոսքերով. «Նույնիսկ Իսրայելի դաշնակիցներն են տարակուսում այս պատերազմի մարդկային աղետի մասին»:

Լրատվական փաթեթը, որը ներդրված լրագրության սահմանները տարավ քննադատական դիրքորոշման, եղավ բրիտանական «4-րդ ալիքի» թղթակից Սեկունդեր Քերմանին: Քերմանին իր տեսախցիկով հեռվից նկարահանում էր, թե ինչպես են պաղեստինցի խաղաղ բնակիչներին ստիպում գաղթել, տղամարդկանց մերկ բերման ենթարկում, հարցնելով իսրայելցի սպային շատերին հուզող հարցը. «Եվ սա դուք անվանու՞մ եք մարդասիրական միջանցք, մինչ շատերը ականատեսն են լինում դաժան պատժամիջոցների ենթարկվող բնակչության բռնի տեղահանմանը»։

Մոտ վեց րոպե տևողությամբ ռեպորտաժում, որից մեկուկես րոպեն կադրեր էին և հարցազրույցներ պաղեստինցի լրագրողների հետ, առկա էին ավելի «ծանր» կադրեր, քան CNN, CBS և BBC լրատվական փաթեթներում՝ փլատակներ, վիրավոր երեխաներ, սգացող ծնողներ…

Քերմանին եզրափակեց իր ռեպորտաժը` ընդգծելով ներկայիս խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու բարդությունը, հաշվի առնելով, որ սա տասնամյակներ տևած հակամարտության վերջին փուլն է՝ արմատացած պաղեստինյան ցավով և զայրույթով։

Ներդրված լրագրության փորձը խիստ քննադատության առարկա է եղել, մասնավորապես` գիտական շրջանակներում։  Ներդրված լրագրութունը նախընտրելը, երբ որպես լրագրող ունես այլ տարբերակներ, բնականաբար նշանակում է կամավոր քարոզչամեքենային կցվել։ Սակայն ոլորտի ներկայացուցիչները գիտեն, որ, հատկապես հակամարտությունների և պատերազմների ժամանակ, զինված ուժերին կցված լինելը առաջնագիծ մեկնելու միակ տարբերակն է։

Ես ինքս էլ մեկնել եմ առաջնագծեր աշխարհի տարբեր կետերում որպես զինված ուժերին կցված լրագրող. այլ կերպ հնարավոր չէր լինի այնտեղ հասնել։

Այնուամենայնիվ, շատ խմբագրություններ էթիկական սահմանափակումներ ունեն ռազմական հանցագործություններում մեղադրվող կողմի հետ առնչություն ունենալու վերաբերյալ և ունեն քաղաքական սահմանափակումներ իրենց կառավարությունների աջակցությունը չունեցող կողմերի կողքին հայտնվելու։

Մյուս կողմից էլ, շատ խմբագրություններ համաձայնում են սահմանափակումներին առաջնագիծ մեկնելու հնարավորություն ստանալով՝նախընտրելով ներդրված լրագրությունը։

Իմ բերած օրինակները ցույց են տալիս, որ նույն հնարավորություններն ունեցող լրագրողները կարող են նույն հանգամանքներում շատ տարբեր խորության և որակի ռեպորտաժներ պատրաստել։ Ամեն ինչ կախված է նրանց փորձից, կարողություններից և իրենց լրատվականների խմբագրական դիրքորոշումից։

Կտրուկ մոտեցումը, որ «ներդրված լրագրությունը վատ է», չափազանց պարզեցնում է հարցը։  Սակայն այստեղ հաճախ տրվող մեկ այլ հարց է ծագում. «Կընդունե՞իք նույն առաջարկը մյուս կողմից»։

Ջան Էրթունայ
Հոդվածը հրապարակվել է Kisa Dalga կայքում, 2023թ․ դեկտեմբերի 10-ին

Հրապարակվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և n-ost կողմից իրականացվող «Մրցակցող պատումներ» նախագծի շրջանակներում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *