Արտակարգ դրությունները գրավում են ոչ միայն տեղական մեդիայի, այլև միջազգային լրագրողների ուշադրությունը։ Դեպքի վայրում հանդիպում են տեղացի և տարածաշրջան եկած օտարերկյա լրագրողները։ Այստեղ անհնար է չմտածել` արդյոք նրանց նյութերը տարբեր են ստացվում։
Տեղացիներին դժվար է վանել էմոցիաները. չէ՞որ քո երկրի պատերազմը ազդում է հենց քո վրա որպես քաղաքացի։ Բայց տեղացի լրագրողն ունի անձնական կապեր, ինչի շնորհիվ ավելի մեծ շանս ունի իրական ճշտմարտությունը վեր հանելու՝ անգամ պետական սահմանափակումների պայմաններում։
Պատերազմի ժամանակ ճշմարտության բացահայտման, պրոպագանդայից խուսանավելու, նոր ժանրեր հորինելու հարցերն են քննարկում ՄՆԿ-ի «Կոնֆլիտի լուսաբանում. 23 դաս լրագրողների համար» դասընթացի երկորրդ շաբաթվա նյութերը։
Շաբաթվա բանախոսները հայաստանցի և ուկրաինացի լրագրողներ են, ում պատերազմը մեծ անձնական և մասնագիտական փորձությունների է ենթարկել։
Ուկրաինացի լրագրող Դանիլո Մոկրիկը պատմում է. «Յուրաքանչյուր լրագրող կարող է բավականին բարդ ներքին կոնֆլիկտի առերեսվել՝ կոնֆլիտ իր երկու ինքնությունների միջև։ Առաջին ինքնությունն է քաղաքացի լինելը, երկրորդը՝ լրագրող լինելը.լրագրողի գործն է լուսաբանել, բացատրել, ցույց տալ բաներ, որոնք կարող են լինել հաճելի չլինել, կարող են տհաճ կերպով պատկերեն դեպքերը։ Քաղաքացին առաջին հերթին շահագրգռված է, որ իր երկիրը հաղթի, որ երկիրը շարունակի գոյություն ունենալ։ Կարող է իմ պատմածով ես կթուլացնե՞մ մեր՝ ուկրաինական կողմի դիրքերը այս պատերազմում»։
Տեղացի լինելը ունի նաև լավ կողմեր։ Պատերազմական դրությունում հաճախ պետությունը սահմանափակում է ինֆորմացիան և վճռորոշ է դառնում անձնական աղբյուրներ ունենալը։ Սա ունեն միայն տեղի լրագրողները։ Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հիշում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը ավելի հավատում էր ընկերներին, քան պաշտոնական հաղորդագրություններին։
«Իրականում պատերազմի օրերին ես չէի հետևում որևէ բանի. թե ով ինչ է անում։ Որովհետև հասկացա, որ իրականության հետ կապ չունեն պաշտոնական բաները։ Որովհետև մենք տեսնում էինք, թե ինչ է կատարվում, պաշտոնականով այլ բաներ էին հաղորդվում։ Բայց մեր լրատվամիջոցը տեղադրում էր այն, ինչ կար։ Այսինքն ստեղծված շտաբի հաղորդագրությունները։ Այդ ժամանակ իրականում միշտ այդպես է, մենք մեր ցանցը սարքում էինք, որովհետև բոլոր տեղերում ծանոթներ ունեինք. ընկերներ, պատերազմի մասնակիցեր, հրամանատարներ։ Եվ առավոտ շուտ իրականում իմանում էինք՝ որտեղ ինչ վիճակ է, մեր ներքին աղբյուրներով։ Ընկերս ինչ-որ մի տեղ հրամանատար է, բարեկամս ինչ-որ մի տեղ, ասենք, հակաօդային պաշտպանությունում է։ Երբ նա վիրավորվում է, բնականաբար, իմանում ես, չէ՞, որ, ասենք, «Տորը» խփել են»,- ասում է նա։
Անկախ ծագումից՝ լրագրողի համար պատերազմ լուսաբանելը մեծ փորձություն է։ Դու ճանաչում ես կոլեգաներիդ, քեզ, լսարանին, նրան մանիպուլացվելու սահմանները։ Նաև ստիպված ես հորինել պատմելու նոր մոտեցումներ։
Դասընթացի երկրորդ շաբաթվա դասակազմում կան դասախոսություններ նաև նոր ձևաչափերի մասին։ Այսպես Հետքը իր պատերազմական արխիվի հիման նոր հարցեր է բարձրացնում՝ պոստ ֆակտում, քարտեզագրումով և հարցազրույց անում ականատեսների հետ՝ անցյալի մասին։
The Kyiv Independent-ը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մասնագիտացել է անձնական պատմությունների մեջ։ Նախկինում հարթակը եղել է հետաքննական կամ հակակոռուպցիոն նյութերի վրա կենտրոնացած։
Անձնական պատմությունների ժանրը, Մոկրիկի, չպիտի էմոցիաների որս լինի, այլ ամոքի տուժածին, ապրումակցի նրան։ «Կան շատ նրբություններ, ինչ բառապաշար ես դու օգտագործում, ինչ ձևով ես հաղորդում ինֆորմացիան, ինչպես ես խոսում մարդկանց հետ, որոնք, օրինակ պատերազմի զոհ են դարձել, կորցրել են հարազատների, կորցրել են իրենց տունը։ Սա ոչ միայն պրոֆեսիոնալիզմի մեծ քննություն է, այլև հումանիզմի»,- ասում է նա։
Դասընթացը հասանելի է միայն գրանցված մասնակիցներին։
Գրանցումը՝ այստեղ
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: